ԱՇՆԱՆ ՄԻ ԵՐԵԿՈ` ՇՈՒՇԻԻ ՙՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՏԱՆԸ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Սեպտեմբերյան մի երեկո Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միության ՙՀեքիաթների տան՚ բակում հավաքվել էին ՙԼավ էլի՚ հայկական ալտերնատիվ ֆոլկ-ռոք խմբի երկրպագուները և պարզապես լավ երաժշտության սիրահարներ: Բակում, ի զարմանս խմբի անդամների, ասեղ գցելու տեղ չկար:
Ի դեպ, խումբն առաջին անգամ է Արցախում, թեկուզ գործում է անցյալ դարի 90-ականներից:
Խումբը կազմավորվել է 1996թ. Վանաձորում: Այն հիմնել են Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը, որոնք ՙSnack՚ խմբից էին: Մհերին և Գոռին միացան Վահե Տերտերյանը և Դավիթ Գրիգորյանը ՙԱլք՚ խմբից: Մեկ տարի անց տղաները ձայնագրեցին իրենց ձայներիզը: Ալբոմում տեղ գտավ 21 երգ` 11-ը հայերեն և 10-ը` անգլերեն: 1999 թվականին թողարկվեց խմբի երկրորդ ալբոմը: Երկրորդ ձայներիզը տղաներին ճանաչում բերեց: Իսկ ՙՃամփորդական՚ ու ՙԳտա քեզ երկնքում՚ երգերը հիթեր դարձան:
Երկու այս ալբոմների ձայնագրումներից հետո խումբը կազմալուծվեց, բայց 2001-ին կրկին միավորվեց: Ինչպես խոստովանում է Մհեր Մանուկյանը, երկու ալբոմների երգերն էլ այնքան պահանջված էին, որ նրանք հասկացան` դեռ շա՛տ-շատ չգրված ու չերգված երգեր են իրենց սպասվում:
2006թ. խումբը թողարկում է հերթական ալբոմը: 2012-ի ամռանը տեղի ունեցան բացօթյա համերգներ Երևանում և Վանաձորում: 2018-ին խումբը ձայնագրեց իր չորրորդ` ՙԱնձրևաշուն՚ ալբոմը:
Ինչի՞ մասին են ՙԼավ էլի՚ խմբի երգերը, որ այդքան պահանջված ու սիրված են դառնում: Խոսենք թվերով. ՙYoutube՚ կայքում տեղակայված երգերի վիճակագրությունը վկայում է, որ լավագույն երգերից մեկը` ՙԳտա քեզ երկնքում՚, ունի միլիոնից ավելի դիտումներ: Համաձայնեք, հայկական լսարանի համար դա տպավորիչ ու պատկառելի թիվ է:
Եվ ինչպես ենթադրվում է, ստացա անկեղծ պատասխան. ՙՄենք երգում են այն բաների մասին, ինչը տվյալ պահին ապրում ենք, ինչն ուժգին զգացողություններ է առաջացնում, ստիպում մտածել: Հրանտ Մաթևոսյանը մի դիպուկ արտահայտություն ունի, որ, կարծում եմ, ցանկացած ստեղծագործողի համար է ճշմարիտ. պետք է ՙբաց նյարդի պես կանգնել աշխարհի առջև՚: Երաժիշտի, երգահանի դեպքում դա դառնում է երգ՚:
Խմբի երգերի մեջ ակնհայտորեն նկատելի է արևմտաեվրոպական ժամանակակից երաժշտության ուղղությունների, ինչպես և հայ երաժշտության ազդեցությունը: Ինչպե՞ս են համադրվում այդքան տարբեր երաժշտական ուղղությունները խմբի ստեղծագործական խառնարանում: ՙԳիտե՞ք,- ասում է Մհեր Մանուկյանը,- ամենատարբեր ուղղություններից եկող երաժշտության ազդեցությունն էլ ունեցանք: Անձամբ իմ երաժշտական ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցան իմ ծնողների ճաշակը, նրանց լսած երաժշտությունը: Իսկ նրանք լսում էին և՜ դասական երաժշտություն, և՜ ռոք, և՜ ջազ: Ունկնդրում էի իմ ավագ եղբոր, ընկերների լսած և անգամ ինձ պատահականորեն հանդիպած երաժշտությունը: Կարևորն այն է, որ մենք չենք տարրալուծվել որևէ մեկ երաժշտության մեջ: Բայց բոլորից վերցրել ենք տարրեր, որոնցից էլ ստացել ենք մերը, որը ոչ մեկի նման չէ: Երբ դեռահաս էի, ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ Վլադիմիր Վիսոցկին: Ամենամեծ խթանողը` երգեր գրելու, ինքն էր: Եվ իմ առաջին երգը շատ էր նման նրա երգերին: Անշուշտ, կասկածներ կային` դա ի՞մն է, թե՞ ոչ: Բայց երբ հասկացա, որ իմ երգերը դուր են գալիս մարդկանց, կասկածներն անհետացան, ես համոզվեցի, որ դա իմ ճանապարհն է՚:
Ինչպես նշեցինք, խումբն առաջին անգամ է Արցախում: Մհեր Մանուկյանի խոստովանությամբ, տղաները չէին սպասում, որ Արցախում այդքան երկրպագուներ կլինեն ու այդքան ջերմ ընդունելություն: Եթե իմանային, անկեղծանում է նա, ավելի շուտ կգային: Դե ինչ, արդեն իմանալով, որ երկրպագուների թիմը մեծ ու ազդեցիկ է, նրանք խոստացան նոր համերգներով կրկին գալ Արցախ:
;