ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Ալիսա ՍԱՐԳՍՅԱՆ
Օրերս Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի է ունեցել ՙEastern European Network For Citizenship Education՚ /EENCE 2019/ միջազգային գագաթնաժողով, որին մասնակցել են 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Հունգարիա, Մոլդովա, Ադրբեջան և այլն)։ Գագաթնաժողովին ներկա են եղել նշյալ պետությունների քաղաքական և հասարակական գործիչներ, դասախոսներ, միջազգային առաջատար լրատվամիջոցներ։
Արցախից գագաթնաժողովին իր մասնակցությունն է բերել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի մագիստրանտ Մարիամ Գևորգյանը։
Նիստերի ժամանակ խոսվել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին, քննարկվել, թե ինչ է իրենից ներկայացնում քաղհասարակության կրթումը և որն է երիտասարդների դերը երկրի կայացման գործում։ Գագաթնաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև ՙԿոնֆլիկտների տրանսֆորմացիա՚ թեմայով քննարկում և շնորհանդես, որտեղ Մ. Գևորգյանը ներկայացրել է Արցախի հակամարտության վերաբերյալ լուծման տարբերակներ։
ՙԳագաթնաժողովը բացառիկ և ամենաարդյունավետ կրթական ծրագրերից մեկն է եղել, որին ես մասնակցել եմ, և քանի որ Արցախը կոնֆլիկտային գոտի է, ես հնարավորություն և բախտ եմ ունեցել ներկայացնել դեռևս որպես պետություն չճանաչված մեր երկիրը՚,-իր խոսքում նշել է Մ. Գևորգյանը։