ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Շահումյանի շրջանում իրականացվում են շինարարական որոշակի աշխատանքներ
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը, երկու՝ Չարեքտար և Նոր Գետաշեն համայնքներում ավարտին է հասցվել կամուրջների կառուցումը։
ՙԵրկու կամուրջներն էլ նշված համայքներում կենսական անհրաժեշտություն ունեն։ Չարեքտար համայքնում դպրոց է կառուցվում, որը գյուղի ձախ կողմում է. նոր կառուցված կամուրջի շնորհիվ աջափնյա թաղամասում ապրող աշակերտները ստիպված չեն լինի մայրուղով անցնել՝ դպրոց հասնելու համար՚,- նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ Չարեքտար համայնքի կամուրջը կառուցել է ՙՀիմնաքար՚ ՍՊԸ-ն. ծախսերի մի որոշակի մասը կփոխհատուցվի շրջանի բյուջեից, իսկ մեծ մասը ընկերությունը բարեգործություն է անում։
Նոր Գետաշեն համայնքում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջի ծախսերը հոգալու է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։
Ըստ շրջվարչակազմի ղեկավարի՝ հետագայում ծրագիր կա կամուրջներ կառուցել նաև շրջանի Հավսաթաղ և Նոր Վերինշեն համայնքներում։
Խոսելով շրջանում ընթացող շինարարական այլ ծրագրերից՝ Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերջերս վերանորոգվել է Նոր Խարխափուտից դեպի սար բարձրացող ճանապարհը. ճանապարհի նորոգման նպատակն է սարին հեռախոսային կայան տեղադրելը։ ՙՎարդենիսից եկող ճանապարհին, մինչև Նոր Խարխափուտ համայնք հասնելը, մի զգալի հատվածում հեռախոսային կապի ծածկույթ չկա։ Այս խնդիրը լուծելու համար պետք է կայան տեղադրենք, քանի որ կապի բացակայությունը ավտոճանապարհին երբեմն կարող է մարդկային կյանք արժենալ՚,- նշեց մեր զրուցակիցը։
Ճանապարհի վերակառուցումը ևս իրականացվել է ԱՀ քաղաքաշինության նախարարության ու շրջանի վարչակազմի համատեղ ջանքերով։
Այս օրերին Քարվաճառում մեկնարկում է ևս երկու խոշոր շինարարական նախագիծ. ՙԱրցախ ռութ ինվեսթմենթ՚ (ԱՐԻ) ներդրումային հիմնադրամի աջակցությամբ սկսվում է Քարվաճառում 15 բնակելի տան շինարարությունը, իսկ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկում են Քարվաճառի հիվանդանոցի շենքի կառուցման աշխատանքները։