ՆՈՐ ՇԵՆՔ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ
Արցախի պատմաերկրագիտական թանգարանը գրավում է տուրիստներին. տարվա կտրվածքով այստեղ առնվազն 25 հազար մարդ է այցելում։ Տարիների հետ նաև մայր թանգարանի ֆոնդն է ավելանում, միայն թե ցուցանմուշներն արտաքին գործոններից ապահովագրելու և լիարժեք ցուցադրելու պայմաններ չունեն։
Այս պահին ցուցադրվում է ունեցածի 10 տոկոսը, քանի որ շենքը տիպային թանգարանային չէ։ Թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանի խոսքով` ցուցանմուշները պահպանում են ոչ պահանջվող չափանիշներով, ինչը բացասաբար է անդրադառնում դրանց որակի վրա. ՙՄեր գործառույթը ոչ միայն մշակութային արժեքների հավաքագրումն է, ուսումնասիրումը և հանրահռչակումը, այլ նաև հավուր պատշաճի պահպանումը։ Ցուցանմուշները պետք է այնպես պահպանենք, որ հաջորդ սերունդներին փոխանցենք առավելագույն անխաթար վիճակում։ Պետք է այդ ցուցանմուշները պահպանելիս մենք ունենանք հաստատուն ջերմային, լուսային ռեժիմ, որն, իհարկե, մեզ մոտ բացակայում է՚,- նշել է Ժ. Առստամյանը։
Չնայած կողապատերից մեկի ուժեղացման աշխատանքներին՝ թանգարանի շենքը շարունակում է վթարային մնալ։ Վիճակը բավականին վտանգավոր է, ուստի արգելվում է մեծ խմբերով երկրորդ հարկ բարձրանալ։ ՙԱյս շենքը կառուցվել է 1930-ական թվականներին և ի սկզբանե ծառայել է որպես բնակելի տուն։ Ի դեպ, վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 1970-ական թվականներին։ Պիտի ասեմ, որ տևական ժամանակ է, ինչ առաստաղից անընդհաը փոշի և հող է մաղվում՚,- ասում է մեր զրուցակիցը։ Ստեփանակերտի սրտում Արցախի պատմաերկրագիտական թանգարանի համար նոր շենք է կառուցվում՝ 2 հազար 800 քառակուսի մետր մակերեսով։ Եռահարկ շինությունը կունենա ընդարձակ ցուցասրահներ, պահուստային ֆոնդ, արվեստանոց և արհեստանոց, գիտահետազոտական աշխատանքների համար սենյակներ։ Ըստ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի՝ թանգարանի նոր հասցեն երկար են փնտրել. ՙՍա դոմինանտ կառույց է՝ իր բովանդակությամբ, իր նպատակային նշանակությունը հաշվի առնելով և, ընդանուր առմամբ, լրիվությամբ ներդաշնակված է լինելու հարևան շինություններին: Ասեմ, որ նախագծման աշխատանքներից առաջ զգալի քննարկումներ ենք ունեցել Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մասնագետների հետ։ Թանգարանում նախատեսված են 260, 170 և 160 քառակուսի մետր մակարեսով ցուցասրահներ, վարչական մասի համար աշխատանքային սենյակներ, վերելակներ՚։
Ծրագրի արժեքը 1,5 միլիարդ դրամ է, ֆինանսավորումը կատարվում է պետբյուջեից։ Ավարտին թանգարանը կամուրջով կկապվի օղակաձև զբոսայգուն, նաև ներդաշնակ կլինի Ազատամարտիկների պուրակի համայնապատկերին։ Կարեն Շահրամանյանը համոզված է, որ կստեղծվեն ժամանակակից պայմաններ ինչպես փակ, այնպես էլ բաց ցուցադրության համար. ՙՇենքում նախատեսված է գերժամանակակից ինժեներական ցանց՝ ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային և տեսանկարահանող համակարգ։ Թանգարանը մի քանի մուտք է ունենալու՝ Վերածննդի հրապարակից, Ազատամարտիկների պուրակից, կենտրոնական մարզադաշտից և համար 1 հիմնական դպրոցից։ Հաշվի առնելով թանգարանի պահանջվածությունը՝ փորձելու ենք հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը՚,-նշել է Կ. Շահրամանյանը։
Քաղաքաշինության ոլորտի թիվ 1 պատասխանատուն չի շտապում ժամկետներ հայտնել։ Ի դեպ, գործող թանգարանի ճակատային մասը շինարարները կապամոնտաժեն և կտեղադրեն նոր թանգարանի առաջին հարկի ցուցասրահում։
;