[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԻ ՈԳԵՂԵՆ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում տեղի ունեցավ Արցախի գրողների միության 6-րդ համագումարը, որը նախագահում էր բանաստեղծ, արձակագիր Կիմ Գաբրիելյանը։ Անցած 4 տարվա ժամանակահատվածում կատարած աշխատանքի մասին զեկուցեց ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, ընդգծելով, որ հանրապետությունում գրական կյանքը սերտորեն կապված է եղել համահայկական գրական գործընթացների հետ, և այն առաջընթաց է գրանցել և՜ հրատարակչական, և՜ թարգմանչական առումով։ Անցած շրջանի հիմնական հատկանիշը գրական-որակական առաջադիմությունն է։ Գրական կյանքը կազմակերպվել է պատշաճ. 300-ից ավելի միջոցառումներ՝ հանդիպումներ, քննարկումներ, շնորհանդեսներ, հոբելյաններ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի գրողների մասնակցությամբ։ Գրական արտադրանքի գործում կարևորը եղել է ավագ, միջին, երիտասարդ սերունդներին համաչափորեն հանրությանը ներկայացնելը։ Տպագրված գործերում, ուր որոշակի աճ է նկատվում, արցախցին ներկայանում է իր հերոսականությամբ, դիմակայությամբ, տառապանքով ու ցավով, և գրողները գեղարվեստորեն մարմնավորում են այս բացառիկ հոգեբանությունը։ Արցախում ստեղծվող գրականությունը գերազանցապես ազգային-ազատագրական պայքարի գեղարվեստական տարեգրություն է, որի աղբյուրագիտական նշանակությունը շատ մեծ է։ Գրականության առանձնահատկություններից ԳՄ նախագահը նշեց, որ այն առաջնորդում է ժողովրդին, որ գրողի գործը ժամանակից առաջ է անցնում, որ գրողն ստեղծում է մշակույթ, քաղաքակրթություն, որ գրականությունը մեր ոգեղեն լինելության առհավատչյան է։ Զեկուցողը նշեց, որ Արցախի գրական ընտանիքը համալրվել է երիտասարդ ստեղծագործողներով, որ սերունդների հաջորդականության մեջ վակուում չկա։ Վ. Հակոբյանն ընդգծեց վերջերս անցկացրած գրական-երիտասարդական փառատոնի (մասնակցությամբ` 10 ստեղծագործողների) նշանակությունը։ 

Անցած ժամանակաշրջանում հրատարակվել է 60 անուն գիրք, լույս են տեսել ՙԵղիցի լույս՚-ն ու ՙՊըլը-Պուղին՚, թեև ոչ կանոնավոր, խոտորումներով։
Ելույթ ունեցողները՝ Կիմ Գաբրիելյանը, Նորեկ Գասպարյանը, Արկադի Թովմասյանը, Ժաննա Բեգլարյանը, Զինաիդա Բալայանը, Սոնա Համբարձումյանը, Վիտալի Պետրոսյանը, Ծովինար Բաղդասարյանը, Սեյրան Կարապետյանն իրենց ելույթներում նշեցին, որ անցած 4 տարիների ընթացքում գրական կյանքը հետաքրքիր է եղել, որ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ պատասխան է տվել առկա խնդիրներին, միության աշխատանքները եղել են բավականին թափանցիկ, գրողների ակտիվ մասնակցությամբ, ապահովվել են ստեղծագործական մթնոլորտը, բարիկամեցողական, հանդուրժողական հարաբերությունները, որ շատ կարևոր են գրական գործի զարգացման համար։
Ելույթ ունեցողները նշեցին, որ շատ անգամ հրատարակված գրքերի շուրջ գրաքննադատները լռություն են պահպանում, որ գրողի աշխատանքը պետք է գնահատվի ըստ արժանվույն, իսկ դրա համար պետք է վերականգնել մրցանակաբաշխության նախկին ձևը։ Առաջարկ եղավ վերականգնել առաջին գրքերի մատենաշարի հրատարակությունը, բայց երիտասարդներին ԳՄ շարքերը բերելիս շտապողականություն չցուցաբերել, սպասել ավելի լուրջ գործերի։
Դավիթ Միքայելյանն իր ելույթում կարևորելով միջոցառումների և գրքերի հրատարակության գործը, մտահոգություն հայտնեց այն առթիվ, որ ԳՄ նախագահի առաջարկը, ծրագիրը դասական գրող Գուրգեն Գաբրիելյանի 90-ամյակի առթիվ, առայսօր մնացել է անարձագանք, որ պետք է կոտրվի գրականության, մշակույթի հանդեպ անտարբեր, անփույթ վերաբերմունքը։
Համագումարում խոսք եղավ նաև այն մասին, որ Շուշիում պատշաճ ուշադրություն չի դարձվում հայ մեծանուն գրող Մուրացանի հիշատակը հավերժացնելուն. տարիներ առաջ Գրողների միության կողմից առաջարկ է արվել գրողի ծննդավայրում շրջանային գրադարանը և մի փողոց անվանակոչելու նրա անվամբ, բայց առայսօր այդ հարցի շուրջ լռություն է պահպանվում։ Իսկ կրթական օջախը, որի բակում Մուրացանի հուշարձանն է, կրում է Շուշիում ծնված, գործունեություն ծավալած մեկ այլ կրթական ոլորտի երախտավորի անունը։
Համագումարի ելույթներում գրողները միահամուռ գնահատեցին ԳՄ նախագահի կազմակերպչական ձիրքը, եռանդը, գրական գործի լավ կազմակերպիչ լինելը, միության բավականին արգասաբեր գործունեությունը։
Արցախի ԳՄ նախագահ վերընտրվեց Վարդան Հակոբյանը։