ՀՈՒՇԵՐ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լրացավ հայ անվանի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը: Նա անչափ մարդամոտ էր, բարի և հյուրասեր, անխզելիորեն կապված էր Արցախի գրական ընտանիքի անդամների հետ: Ստորև ներկայացվող հուշերն ասվածի վառ ապացույցն են:
Առաջին իմ հանդիպումը բանաստեղծի հետ կայացել է 1988-ին, աշնանը, երբ նա ընտրվել էր ՀԳՄ նախագահ: Արցախի գրական կազմակերպությունն ընդհանուր ժողովի որոշմամբ իրեն դուրս էր հայտարարել Ադրբեջանի գրողների միությունից և, որպես առանձին, ինքնուրույն գործող կառույց, մտել ԽՍՀՄ գրողների միության կազմի մեջ:
Նոր էի ընտրվել Արցախի ԳՄ քարտուղար և Հայաստանի գործընկերների հարուստ փորձին ծանոթանալու նպատակով գործուղվել էի Երևան: ԳՄ երկարամյա քարտուղար Սաղաթել Հարությունյանը, ով անչափ բարի անձնավորություն էր ու մեծ հեղինակություն էր վայելում գրողների շրջանում, սիրալիր ընդունեց երիտասարդ բանաստեղծիս, սուրճ հյուրասիրեց և, իհարկե, անմիջապես հետաքրքրվեց արցախյան վերջին իրադարձություններով: Իմանալով այցիս նպատակը` նա ինձ ուղեկցեց գրողների միության նախագահ Հրաչյա Հովհաննիսյանի մոտ և ծանոթացրեց նրա հետ:
Նրա համոզիչ խոսքից և պայծառ դեմքից իմաստնություն և բարություն էր ծորում… Ջերմորեն ողջունեց նահապետը և հարցրեց. ՙԻնչպես են տղաները` Գուրգենը, Մաքսիմը, Վարդանը, Հրաչյան, մյուսները՚: Լավ են, ասացի, պինդ են ու, հանուն արդարության վերականգնման, շարունակում են համախմբել ժողովրդին, շարժման ակտիվ գործիչների հետ առաջ տանել պայքարը: Ոգևորությունը չթաքցնելով` ասաց, որ ուրախ է ժողովրդին միասնական ու համախմբված տեսնելու համար, ՙմիայն թե` Մոսկվայի ընդունած որոշումներից չհուսահատվեն և պայքարը հանկարծ կիսատ չթողնեն՚: Ապա հարցուփորձ արեց գրական կյանքից, և անակնկալ լուր հայտնեց, որ շուտով ՙԽորհրդային գրող՚ հրատարակչությունը լույս կընծայի Արցախի երիտասարդ գրողների անդրանիկ ժողովածուները: Շատ ուրախացա, մանավանդ որ Երևանում նաև իմ առաջին գիրքն էր հրատարակվելու:
Զրույցի պահին միջանցքում աղմուկ լսվեց և, քանի որ ԳՄ նախագահի աշխատասենյակի դուռը կիսաբաց էր, միջանցքում ՙըմբոստացող՚ կնոջ ձայնը հասանելի էր և մեզ: Պարզվեց, որ հեռավոր շրջանից (կարծեմ` Տավուշից) եկած ինչ որ սկսնակ ստեղծագործող, տետրը ձեռքին համառորեն ուզում էր աշխատասենյակ խուժել, իսկ քարտուղարուհին համառորեն չէր թույլատրում` հորդորելով նրան ընդունարանում սպասել: Նկատելով, որ վերջինս չի զիջում ՙդիրքերը՚ և իրենն է պնդում, Հրաչյա Հովհաննիսյանը քարտուղարուհուն խնդրեց ՙաղջկան բաց թողնել՚: Հյուրը ներս մտավ և, բանաստեղծությունների տետրը ձեռքում թափահարելով, գրեթե հարձակվեց ԳՄ նախագահի վրա: ՙԷս ինչի՞ չեք տպում ու միայն ձեր գրքերն եք հրատարակում՚: Բոլորս հանկարծակի գալով` ոտքի կանգնեցինք և, կնոջ համարձակության վրա զարմացած, հետևում էինք նրա հետագա քայլերին: Հրաչյա Հովհաննիսյանն ամենևին էլ չշփոթվեց և, ժպտադեմ ելնելով տեղից, փորձեց հանգստացնել նրան: ՙԻնչո՞ւ ես վրդովված, աղջիկ ջան: Բա եղա՞վ, հլա մի նստիր, երկար ճանապարհ կլինես կտրած, մի գավաթ սուրճ խմիր շոկոլադով, մի քիչ հանգստացիր, հետո` կխոսենք՚: ԳՄ ղեկավարի խոսքերն ունկնդրելուց ասես երիտասարդ կնոջ ունքամեջը բացվեց:
ՙՄի ասա տեսնենք` ինչ է անունդ, աղջիկ ջան, ներկայացիր` ճանաչենք՚,- հարցրեց Հրաչյա Հովհաննիսյանը: Բանաստեղծուհին տետրը դրեց սեղանին ու թե` ՙանուշ բաներ, գրողի անունն ինչ պիտի լինի, իհարկե, Քիշմիշ՚… ԳՄ նախագահը քահ-քահ ծիծաղեց: ՙԱյ աղջիկ, էդ ասածդ շատ անուշ բան է, բայց գրածներդ չգիտեմ, թե ինչ են իրենցից ներկայացնում՚: Կինը ելավ տեղից, սեղանից վերցրեց տետրն ու թե, ՙՏեղովը լի անուշահամ մեղր է,- ասաց,- կկարդաք և կհամոզվեք՚: Հրաչյա Հովհաննիսյանը խոստացավ անպայման կարդալ և մեկ շաբաթ հետո հայտնել իր կարծիքը: ՙՉէ, համառեց կինը,- էդքան չեմ համբերի, էսօր գիշերը կարդացեք` վաղը գյուղ պիտի վերադառնամ, կգամ պատասխանն իմանալու՚… Գրողների միության նախագահը ստիպված էր չառարկել և արագ ճանապարհել նրան, որովհետև մեկ ժամ հետո Ռուսաստանի գրողների պատվիրակությանը պիտի հյուրընկալեր: Կնոջ հեռանալուն պես, հետաքրքրության համար Սաղաթել Հարությունյանը Հրաչյա Հովհաննիսյանին խնդրեց բանաստեղծուհու տետրից թեկուզև մի քանի տող կարդալ: Նա չմերժեց:
ՙԵս քիշմիշ եմ,
Մի քիչ գիժ եմ,
Բայց չիմանաք
Թե չոր խիճ եմ:
Թեկուզ սև եմ դրսից մի քիչ,
Բայց էությամբ լույս եմ ու խիղճ…
Բարձիս վրա
Լոկ ննջողը կհասկանա`
Դողը սրտիս…
Ես քիշմիշ եմ՚…
Կարդաց, ապա շրջվելով մեր կողմն ասաց. ՙՔիշմիշն իրավացի է: Նա ավելի շնորհքով բանաստեղծուհի է, քան մեր որոշ ստեղծագործողներ: Սաղաթել Մամիկոնի, տուր տղաներից մեկը խմբագրի, գուցե մի փոքրիկ փունջ տպագրենք՚:
* * *
1990-ի գարնանն էր: Մոսկվայում ԽՍՀՄ գրողների միության պլենում պիտի կայանար: Հայաստանից մեկնող պատվիրակությունը գլխավորում էր Հրաչյա Հովհաննիսյանը: Արցախի գրական կազմակերպությունից Մոսկվա մեկնողների շարքում էին Վարդան Հակոբյանը, Հրաչյա Բեգլարյանն ու ես: Մեզ տեղավորեցին ՙՌոսիա՚ հյուրանոցում: Երբ հարցում արեցին, թե ով ում հետ է որոշել նույն սենյակում մնալ, Սաղաթել Մամիկոնիչը մի փոքր հապաղեց ու թե` ՙԵս Դավիթի հետ, հավանաբար, երկտեղանոց սենյակը զբաղեցնեմ՚: Հրաչյա Կարպիչն ասաց. ՙԵս դեմ չեմ, Սաղաթել: Բայց ինչու չես ուզում մենք նույն սենյակը վարձենք: Գիշերները խռըմփացնում եմ, դրա համա՞ր ես խուսափում ինձնից: Էգոիստ ես, հա՛, վախենում ես գիշերն անքուն մնա՞ս՚,- կատակով նկատեց նա և խնդրեց, որպեսզի ՙԱրցախից եկած տղաներին, առանձնակի հոգատարությամբ վերաբերվեն՚:
Հետաքրքիր, անմոռանալի օրեր անցկացրինք Մոսկվայում, և արցախյան փոքրիկ պատվիրակությունն ամենուր ուշադրության կենտրոնում էր: Մենք էինք հյուրընկալվում բարեկամ գրողների կողմից, մեկ-մեկ էլ` մեզ էին այցելում, և Ստեփանակերտից Հրաչյա Բեգլարյանի բերած Կոլխոզաշենի թթի օղին մեկ-երկու բաժակ վայելելուց` բոլորի տրամադրությունն իսկույն բարձրանում էր, ու շատերն էին ձայնակցում ՙՂարաբաղցին՚ երգին, գովեստի խոսքեր հնչեցնում:
Հայ գրողների անունից ԽՍՀՄ ԳՄ պլենումում ելույթ ունեցան Հրաչյա Հովհաննիսյանը, Զորի Բալայանը և Վարդան Հակոբյանը: Բոլորն էլ իրենց խոսքում անդրադարձան արցախյան հիմնախնդրին և համոզմունք հայտնեցին, որ Մոսկվան կունկնդրի Արցախի ժողովրդի պահանջը և արդար վճիռ կկայացնի: Ադրբեջանական կողմից մեկը հակադարձեց (չեմ հիշում ազգանունը) ՙՂարաբաղն ադրբեջանական հող է, և ոչ ոք իրավունք չունի նրանից պոկել՚: Զորի Բալայանը, Վարդան Հակոբյանը և ռուս գրողներից մի քանի հոգի պատմական փաստարկներով արժանի հակահարված տվին, և վերջինս, որ պատրաստվում էր նույն ոգով ելույթը շարունակել, սսկվեց: Միխայիլ Դուդինը տեղից հայտարարեց. ՙՍումգայիթյան սպանդից հետո դուք ընդհանրապես իրավունք չունեք խոսել՚: Դահլիճում քար լռություն տիրեց, և հայկական պատվիրակության անդամները ռուս բարեկամների հետ հաղթանակած դուրս եկան պլենումից:
Երեկոյան, քանի որ հաջորդ օրը պիտի մեկնեինք Երևան, ՀԳՄ նախագահ Հրաչյա Հովհաննիսյանը ՙՌոսիա՚ հյուրանոցի ռեստորանում ճաշկերույթ կազմակերպեց արցախցիների պատվին և փառաբանեց ազատագրական շարժման գործիչներին, այդ թվում` գրողներին: Եվ բաժակ բարձացնելով Արցախի, հայ ժողովրդի համար` հուզված ասաց. ՙԳիտեմ, թուրքերը չեն հաշտվելու Արցախի կորստի հետ և անպայման դաժան պատերազմ են սանձազերծելու՚:
Հրաչյա Կարպիչը հեռատես էր և կարծես գուշակում էր մեր ժողովրդի հաղթանակը:
Ամիսներ անց ճանաչված գրողների և արվեստագետների մեծ խմբով Հրաչյա Հովհաննիսյանը Ստեփանակերտ եկավ և Արցախի գրական ընտանիքի անդամների ուղեկցությամբ գրեթե մեկ շաբաթ հյուրընկալվեց սահմանամերձ գյուղերում: Հանդիպումներ ունեցան մարդկանց հետ և իրենց ելույթներով գոտեպնդեցին ժողովրդին, համբերություն և տոկունություն մաղթեցին:
Համախմբվելով զինված թշնամու դեմ` պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունն անխուսափելի էր դառնում: Արցախահայությանը նոր փորձություն էր սպասվում:
ՀՐԱՉՈՅԻՆ
Ինչպես բոլորը, ես էլ եմ գնում
Իմ վերջին, վերջին, վերջին կայանը,
Իմ օրվա մուտը, որ շառագունում,
Եվ պիտի անցնի մթին սահմանը:
Բայց թվում է ինձ հավատալու չափ,
Որ ես չեմ կորչի մայրամուտի հետ,
Չեմ անէանա, և ինչ-որ մի ափ
Պիտի նորոգի ուղիս այնուհետ:
Թվում է դարձյալ վերապրած ու նոր
Պատանեկության խանդավառ ճիչով,
Ես պիտի քայլեմ ապագա բոլոր
Արշալույսների շողերի միջով:
Քո մեջ ու քեզնով ես պիտի գնամ
Կյանքի անծանոթ ուղեծրերով,
Պիտի ողջ մնամ, մարգարեանամ `
Քո խոսքերի մեջ հոգիս ցրելով:
ՎԱՅՐԿՅԱՆԸ
Այս վայրկյանին ծերանում եմ մի վայրկյանով,
Այս վայրկյանին դեպի մահն եմ մի քայլ անում,
Այս վայրկյանին գուցե մի նոր ախոյանով
Իմ հների հայտնի շարքն է ավելանում։
Այս վայրկյանին գուցե քամին սանձակոտոր
Հին տնակիս դուռն է ծեծում, վայում բակում,
Այս վայրկյանին գուցե անհայտ ու սև բոթով
Փոստատարն է իմ հասցեով ճամփան թեքում։
Այս վայրկյանին գուցե մեկը թունոտ ու չար՝
Զրպարտում է ինձ նամակով մի անանուն,
Այս վայրկյանին ուրիշ մի տեղ, հավանաբար,
Ոտքի տակ են սերս տալիս, ամբաստանում։
Այս վայրկյանին գուցե այնտեղ, սրտիս խորքում
Լուռ ծնվում է իմ քաղցկեղը դարանակալ.
Այս վայրկյանին, ի՞նչ իմանամ, գուցե թաքուն
Պատրաստվում է սրտիս վերջին բաբախը տալ։
ԱՎԵԼԻ ԼՈՒՅՍ
Ավելի լու՛յս, ավելի լու՛յս, ավելի լու՛յս,
Ավելի լույս մեռնող հզոր օլիմպիացուն,
Լույսի հետ բախտ, լույսի հետ կյանք, լույսի հետ հույս
Ամեն անշունչ-շնչավորին, ամենեցուն:
Ավելի՛ լույս ճանապարհը մոլորածին,
Հիվանդներին, տենդից հետո` ավելի լույս,
Ավելի՛ լույս տասնութ տարին բոլորածին
Եվ մանավանդ ավելի՛ լույս խեղճին անլույս:
Ավելի՛ լույս բողբոջներին նոր ու կանաչ,
Ավելի՛ լույս արտասվալի, ծեր աչքերին,
Ավելի՛ լույս արանց մտքին, սրտին կանանց,
Մանչուկների համար ծնվող հրաշքներին:
Ավելի՛ լույս մութ ծովերի փարոսներին,
Մայրիկներին տարալեզու, բայց համասիրտ,
Ավելի՛ լույս ճշմարտության քարոզներին,
Խոստումներին ավելի լույս, լու՛յս անբասիր:
Աշխարհով մեկ, ուր մի մռայլ սիրտ է մնում,
Ուր կա մի խորշ, կա մի երազ խավարասույզ,
Հողագնդին և աստղերին հազարանուն
Ավելի լու՛յս, ավելի լու՛յս, ավելի լու՛յս:
Հրաչյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ