ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Հունվարի 22-ին Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նախարարության նիստերի դահլիճում հրավիրեց մամլո ասուլիս, որին ներկայացրեց 2019 թվականին ոլորտի բոլոր ճյուղերում կատարված աշխատանքները, պատմեց 2020 թվականին նեխատեսված ծրագրերի մասին և պատասխանեց լրագրողներին հուզող բազմաթիվ հարցերի: Մամլո ասուլիսին ներկա էին փոխնախարարներ Մելանյա Բալայանը և Գայանե Գրիգորյան:
Ողջունելով ներկաներին` Լեռնիկ Հովհաննիսյանը հնարավորինս համառոտ ներկայացրեց գերատեսչության տարբեր ճյուղերի 2019 թվականին կատարած աշխատանքը:
Նախարարը մեծ նշանակություն տվեց զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին` բավականությամբ մատնանշելով շոշափելի արդյունքներ: Այսպես` 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Արցախ է այցելել 41963 օտարերկրյա զբոսաշրջիկ? գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը (28588) 13375-ով կամ 46 տոկոսով: Ուշագրավն այն է, որ զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է Ռուսաստանի Դաշնությունից` 19 160 մարդ: Երկրոդ հորիզոնականում են ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները` 7 527, երրորդում են Ֆրանսիացից ժամանած` 1 661: Նախարարը ոլորտի զարգացումը վկայող ևս մեկ հուսադրող փաստի սևեռեց ուշադրությունը` 2019թ. հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Tourist bus ծառայությունից օգտվել է 2254 մարդ: Ուրեմն սա ճիշտ ձև է զբոսաշրջիկին ցանկալի վայր հասցնելու, և հնարավոր է, որ այս ծառայությունը կընդլայնվի:
Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն են ուղղված եղել նաև նախարարության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և զարգացման բաժնի կողմից 2019թ. անցկացրած միջոցառումները: Անշուշտ, ընդգծում է նախարարը, դրանցից ամենակարևորներն են CONIFA-2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության և Համահայկական խաղերի ընթացքում կազմակերպված բազմաթիվ ու տարաբնույթ միջոցառումները` համերգներ, ցուցահանդեսներ, էքսկուրսիոն ծրագրեր մասնակիցների և հյուրերի համար: Անկասկած, շեշտում է Լ. Հովհաննիսյանը, զբոսաշրջության զարգացմանը մեծ խթան է հանդիսանում աշնան սկզբում Հադրութի շրջանի Տող գյուղում կազմակերպվող Արցախյան գինու փառատոնը, որին վերջին տարին մասնակցել են երեք տասնյակից ավել գինեգործներ և հաճախել 5 հազարից ավելի զբոսաշրջիկներ:
Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի 2019թ. կատարած աշխատանքները գերատեսչության ղեկավարը նույնպես բարձր գնահատեց: ՙԹանգարանային գործի զարգացման՚ ծրագրի շրջանակներում իրականացվել են կարևոր աշխատանքներ: Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցահանդես, Ստեփանակերտի պատկերասրահում` Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը: Նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և պատկերասրահներում անց են կացվել Թանգարանների միջազգային օրվան ու ՙԹանգարանների գիշերվան՚ նվիրված բազմաբնույթ միջոցառումներ: Նախարարը մեծ նշանակություն տվեց ՙՄշակութային ժառանգության պահպանում և մշակութային ինքնության վերարտադրություն՚ ծրագրի շրջանակներում աշնանը տեղի ունեցած ՙԱրցախյան գորգարվեստ՚ հանրապետական չորրորդ մրցույթին, որը կոչված է խթան հանդիսանալ Արցախում գորգարվեստի զարգացման գործընթացին:
Լ. Հովհաննիսյանը կարևորեց ՙՀրատարակչական ծախսեր՚ ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում կատարած աշխատանքը: Հրատարակվել են Արթուր Մկրտչյանի ՙԻ?նչ է տեղի ունեցել Հադրութում՚, Արպատ Ավանեսյանի ՙՄիջին մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգ՚, Կարինե Ալավերդյանի ՙՍտեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարերգությունը. 1932-2019թթ.՚, Անահիտ Գաբրիելյանի ՙՀաղթանակի մեղեդի՚, Աշխունջ Պողոսյանի ՙԱրցախի պատմաերկրագիտական թանգարանի արծաթյա զարդերի հավաքածուն՚, Ստեփան Դադայանի ''Правда и ложь о Карабахском “Ханстве”'' գրքերը:
Արցախյան մշակույթի հանրահռչակման և տարածման, մշակութային հաղորդակցման նպատակով, նշում է Լ. Հովհաննիսյանը, կազմակերպվել են ԱՀ մշակութային համույթների, խմբերի, արվեստագետների, տաղանդավոր երաժիշտների հյուրախաղերն օտարերկրյա պետություններում, ապահովվել է նրանց մասնակցությունը միջազգային մրցույթներին, փառատոներին և այլ մշակութային միջոցառումներին: Նախարար Լ. Հովհաննիսյանը հպարտությամբ նշեց մեծ երգահան, բանահավաք, երաժշտագետ Կոմիտասի և մեծն գրող, բանաստեղծ Թումանյանի 150-ամյակների լայնորեն նշումը, ինչպես և կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի 80-ամյակները:
Հաշվետու ժամանակաշրջանում ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժինն իր քաղաքականության մեջ առաջնահերթ նշանակություն է տվել ազգային մշակույթի պահպանմանը, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացմանը, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության ուժեղացմանը, գեղարվեստական կրթության ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, հասարակության սոցիալական և տարիքային բոլոր խմբերի գեղագիտական պահանջմունքների, տաղանդավոր երեխաների կրթության, ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովմանը, մշակույթի բնագավառի մանկավարժական կադրերի վերապատրաստմանն ու վերաորակավորմանը, նշում է Լ. Հովհաննիսյանն ու անդրադառնում անցկացրած միջոցառումներին, ծրագրերին, նախագծերին: ՙԱրցախի շնորհալի և տաղանդավոր երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացում՚ ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում կազմակերպվել են ՙՎերածնունդ՚ 11-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որին 15 անվանակարգերով մասնակցել են 120 շնորհալի պատանիներ ու երիտասարդներ, Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան և Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցների համատեղ համերգը Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում: Ապահովվել է Հադրութի շրջանի Տողի արվեստի դպրոցի շնորհալի աշակերտների մասնակցությունը ՙԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ՚ միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի 2 ուսանողների մասնակցությունը Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնին և այլ մրցույթների:
Այս տարի արդեն պատրաստ է մշակութային քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը հասարակության շրջանում կդրվի լայն քննարկմանը, որից հետո կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը, ապա` ընդունմանը:
Անդրադառնալով մայր թատրոնի շենքի վերականգնման հարցին, նախարարը ցավով նշեց, որ դեռ վաղ է խոսել վերականգնման գործընթացն սկսելու մասին, քանի որ հավաքված միջոցները դեռ հեռու են անհրաժեշտ գումարից:
Պատասխանելով հարցին, թե 2020-ին նախատեսված աշխատանքներից որոնք են առավել կարևորվում, Լ. Հովհաննիսյանն ասաց, որ նոր տարում անելիքների ծավալը մեծ է, միջոցառումները` բազմաթիվ ու բազմաբնույթ, բայց, որպես նոր ծրագիր, մեծ նշանակություն է տալիս աբոնենտային բաժանորդագրության իրականացմանը, քանի որ այն ուղղված է լինելու դպրոցահասակ երեխաներին: Տարվա առաջին եռամսյակում Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության և Կրթության, գիտության և սպորտի նախարարությունների համագործակցության արդյունքում կկազմվի այն դպրոցների ցանկը` առաջնային համարելով սահմանամերձ գյուղերը, որտեղ ելույթ կունենան թատերահամերգային կազմակերպությունները` այդ կերպ բոլոր երեխաներին հասու դարձնելով մշակութային ներկայացումներն ու համերգները: