ՙԵս չեմ ծնվել: Աստվածներն են հորինել ինձ՚
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Անհնար է կարդալ Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծություններն ու ափեափ չլցվել ցավի ու ափսոսանքի զգացումով, և պատերազմը հազարադեմ դաժանությամբ վերստին չհառնի իր կործանարար սպառնալիքով և չստիպի ցավագնորեն նորից ու նորից աղաղակել` երանի նրան, ով պատերազմ չի տեսել...
Անհնար է նաև չնկատել, որ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությանն անգամ հպանցիկ անդրադարձն անմոռաց է պահում նրա տողի հևքը քո հիշողության մեջ, և դու էլ դառնում ես պոետիկ այդ աշխարհի բնակիչը:
Արցախյան գոյապայքարի տարիներին ստեպ-ստեպ երևում էին նրա գործերը թերթերում և հանդեսներում: Ասպարեզ էր եկել մի ինքնատիպ ստեղծագործող, ով ստիպված էր արարել պատերազմի կրակերախ խառնարանում ու դրա թելադրած ահասարսուռ այբուբենով: Իրեն տրված ժամանակն էր դա և այն նույնքան ահասարսուռ էլ ընդհատվեց 1994-ին...
Երեկոն գեղեցկագույն տիկնոջ
պարանոցի զարդ է,
ու ես ուզում եմ...
հարյուր տարի ապրել:
Բանաստեղծ-ազատամարտիկի անունը չմարեց ապրողներիս հիշողության մեջ և երիցս շնորհակալ ու անհրաժեշտ գործ է` ներկայացնելու կյանքի ու ստեղծագործության ամբողջական նկարագիրը, նրա դիմանկարը: Վերջերս լույս տեսած ՙԳոյության պատրանք՚ գրքում Կոմիտասի բանաստեղծություններն են, օրագրային գրառումները, գրչակից ու մարտական ընկերների, ժամանակակիցների հուշերը, նրան նվիրված բանաստեղծություններ, գնահատանքի խոսքեր:
Օրհնյալ էր Կոմիտասի ծնունդը, օրհնյալ` իր բաժին արիությամբ, ստեղծագործելու տիրատուր շնորհքով, որոնք դարձել են ոգեղեն լիցք, ասել է թե` ինքն իրենից հասուն լինելու ինքնահրաման, հայրենիքի ազատությանը զինվորագրվելու սրբազան երդում:
Ապրել է ընդամենը 21 տարի. որքան դառնություն ու ցավ կա այս խոսքում, ապրողներիս հայացքն է մշուշում դրա մեջ պահված մեր նահատակների թանկ ու անդառնալի կորստի մորմոքը: Նրանք իրենց կենսասիրությամբ ազատությանը զինվորագրվեցին: Շատերն իրենց խենթ ու խելառ, անհոգ պատանեկությունը պատերազմի ահեղ թոհ ու բոհում հաղթահարելու և հասուն այր ու հայրենապաշտպան դառնալու, օրհասի պահին ազգին փրկություն բերող անպարտելիների
Կոմիտաս Հակոբյանը մեկն է հավերժ զինվորագրվածներից: Նրա հիշատակի առջև կրկնակի մեղանչում կլինի, եթե մենք այսօր Կոմիտասի բանաստեղծական շնորհքը գնահատելիս ավելորդ մակդիրներ որոնենք: -Ամենից առաջ` մեր բոլոր նահատակները դրա կարիքը չունեն, քանզի նրանք մեզ համար իրենց կյանքով են ստեղծել անանց կոթողներն ու արժեքները, որոնք դարերի երազանքով ու նրանց անվեհերությամբ ձեռք բերված ազատության իրական պատկերով հառնում են մեր հայրենիքի ամեն անկյունից, նոր շնչառություն ու նոր սկիզբ դառնալով կյանքի երգեհոնում:
Իսկ Կոմիտասը, որպես պոետ, այնքան անկեղծ է բացել իր սիրտը բոլորիս առջև, այնպես պատասխանատու էր իր ամեն տողի ու բառի համար: Հասուն արվեստագետի ներքնատեսությամբ էր ընկալում գեղեցիկը, բարին,զավեշտը և ավելին` դրանց համար ինքն ուներ միմիայն իրեն հատուկ բանաստեղծական բնորոշումները, որոնց գույներով լեցուն պիտի շարունակեր իր երթը` կյանքում ու պոեզիայում:
Չկարողացանք վայելել նուրբ հոգեաշխարհով մարդու ներկայությունն և յուրատիպ արտահայտչական նշաններով ու աշխարհի տարողունակությամբ երևացող իր գողտրիկ բանաստեղծությունների շարունակությունը: Իսկ չափածոն նրա ՙթուլությունն՚ էր: Մանկավարժներն ու հարազատներն են նշում` ստեղծագործել է դեռևս վաղ տարիքում: Եվ այսօր...
... ինքնությունս
զննելու համար
տողերս պիտի
վկայակոչվեն:
Հույզերի երանգափոխությունը, իր իսկ բնորոշմամբ, պիտի ծիածանվեր, ձև ու կերպար առներ իր տարիքի հետ: Ինքը դեռ միջնակարգից հետո պիտի ընդունվեր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, իր գիտելիքներով պիտի հիացներ դասախոսներին, ժամանակն իր առջև ստեղծագործական նոր ակոս պիտի դառնար, սիրո պատանեկան պատրանքը պիտի երևար սիրած էակի իրական կերպարով, և որպես մարդ ապրելու` բազմախորհուրդն իր պարզությամբ այնքան շոշափելի ու սրտամոտ պիտի լիներ:
Երբ սկսվեց Արցախյան ազգային ազատագրական շարժումը Կոմիտասը դեռ աշակերտ էր: Ընտանիքով դարձան ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ: Հետո պատերազմն եկավ ու սև անգղի պես իր մահաբեր թևերով ծածկեց մեր աշխարհը:
Կոմիտասն արդեն հայրենիքի զինվոր էր: Հարևան Մաճկալաշենի գումարտակի կազմում մասնակցել է մի շարք ռազմական հենակետերի վերացմանը, Ֆիզուլուիի, Աղդամի ազատագրմանը:
Գնահատելով մարտադաշտում Կ.Հակոբյանի ցուցաբերած արիությունը, գումարտակի հրամանատարությունը նրան նշանակում է վաշտի հրամանատարի տեղակալ` լեյտենանտի կոչումով:1993 թվականին նա դառնում է Կարմիր շուկայի հ.2 գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ` ավագ լեյտենանտի ուսադիրներով:
...Օրը այստեղ
կարող է վերջանալ իրիկնամուտին,
իսկ գիշերն առանց զոհի
չի վերջանում...
1994 թ. մայիսի երկուսին Կոմիտասն իր մարտիկների հետ Մարտակերտի շրջանում էր: Երեք օր հետո `մայիսի 5-ին, ընդհատվում է մարտիկ-բանաստեղծի կյանքը` Կարմիրավան գյուղի պաշտպանական թեժ մարտում...
...Հարսանիքին այնքան քիչ ժամանակ էր մնացել...ընդամենը մի քանի օր... զինվորական համազգեստին այնքան կսազեր` նորափեսայի կանաչ-կարմիր ուսագոտին...
Հոգուս ծալքերում մորմոքում են հրաժեշտի
խոսքերը,
Ափսոսանք է կաթում արցունքների հետ:
Մեկ էլ երբ է այսքան կեղևս սարսուռ շնչել,
Ու ճեղքվել այսչափ տագնապներիս
կափարիչը...
Առաջին ժողովածուն լույս է տեսել 1993 թվականին`պատերազմի ժամանակ, բայց առաջին գրքի բերկրանքը կարողացել է ճեղքել մռայլությունն օրերի, վկան օրագրային գրառումն է. ՙԼույս տեսավ իմ առաջին ժողովածուն` ՙԳոյության պատրանք՚ ու ...քեֆ ենք անելու վաղը՚:
Չէր կարող գուշակել, որ հետմահու տպագրված երկրորդ գրքից իրեն բաժանող ժամանակը հավերժությամբ է չափվելու:
Հետմահու պարգևատրվել է ԱՀ ՙԱրիության համար՚ մեդալով: Նրա անունն է կրում հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը:
Ուշագրավ են բանաստեղծուհի Մետաքսեի և արձակագիր Սերո Խանզադյանի` Կոմիտասի ստեղծագործությանը տրված գնահատականները: Անվանի բանաստեղծուհու կարծիքով` ՙԲանաստեղծ-զինվոր Կոմիտաս Հակոբյանը իր ստեղծագործական աշխարհի խարույկն ունի, որ հրավառել է իր սեփական արյան կարմիր գնդիկներով, որոնք մեկիկ-մեկիկ բոցավառվելով՜ պիտի լուսավորեն աստղերի միջև ձգվող նրա հավիտենական ճանապարհը՚: Իսկ Սերո Խանզադյանը նկատել է. ՙԾավալով սրտի պես փոքր, բայց սրտի պես կյանք ու ոգի կենդանի պահող բանաստեղծական այս պատառիկները համազգային արժեքներ են: Կարդացի և Ղարաբաղի նկատմամբ ունեցածս հպարտությունը դարձավ անեզերք, հավատս` աներեր՚:
Կոմիտասի օրագրային գրառումներն այսօր վկայում են, որ որքան էլ զարմանալի, բայց պատերազմի բիրտ ուժը չի կարողացել նրա հոգուց վանել բանաստեղծությունն ու բանաստեղծին, նա ամեն պահ ազատամարտիկի ու պոետի միահյուս երազանքով է փափագել պատերազմ արհավիրքի ավարտը: Շտապում էր թղթին հանձնել իր մտորումները, քանզի հավատում էր խոսքի ուժին, հավատում էր, որ անգամ իր հեռացումը պիտի նմանվեր ասուպի հայտնությանը` մթամած երկնքում:
Օ, լիներ մի ձայն,
որ ինձ հաղորդության տաներ
աստվածներին:
Ես իմ էությանը կմիախառնեմ
նրանց մոգությունը,
ու կվերադառնամ ...ոգեղենացած,
դրանից հետո
ես կերազեի մի դիպված,
որ իմ վախճանը նմանեցներ
աստղային մահվան`
հաջորդ օրը երևալու
ակնկալությամբ:
Ապրելու տենչն այնքան մեծ էր, որ այն դարձել է հանց անսահման եզերք, ուր կարելի է պատերազմի արյունոտ պատկերից անդին մնալ, հրաշքով երկարաձգել կյանքն ոչ միայն ապագայի երազանքով, այլև ամենասովորական խոհի տողատակին պահված գաղտնիքի` իր գտած մեկնությամբ: Նա այդ ամենը հավերժացրել է և բանաստեղծությամբ, և ազատամարտիկի` հայրենիքի ազատությանը զինվորագրվածի անմահ փառքով:
Ու հիմա...
ես վերադառնում եմ
դեպի իմ սկիզբը
և վերապրում եմ
ընծայաբերված պահերը։
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ