ՙՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ՝ ՆՈՐ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՈՎ...՚
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանն օրերս գտնվում էր Հնդկաստանի Դելի քաղաքում, որտեղ մասնակցել է ՙԳիտության դիվանագիտությունը՚ դասընթացներին։ Այն կազմակերպել էր ՙՀետազոտական և տեղեկատվական համակարգ՝ զարգացող երկրների համար՚ ինստիտուտը։
ՙՆման դասընթացների վերաբերյալ հետաքրքրությունը պատահական չէ. ընթացիկ տարվա հունվարի 13-ին լրացել է ԱԵԳՄՄ-ի ստեղծման հինգ տարին, որի նախաձեռնությունների մեծ մասն ուղղված է Արցախի միջազգային ճանաչմանը։ Այս համատեքստում կազմակերպության հիմնական առաքելությունը գիտության դիվանագիտությամբ Արցախի ճանաչման գործընթացին նպաստելն է։ Մեկ տարի առաջ ես հանդիպել էի մի ճանաչված, ծանրակշիռ անձնավորության հետ, և նա ինձ խորհուրդ էր տվել մասնակցել այդ ծրագրին` հաշվի առնելով, որ այն լայն հնարավորություն է ստեղծում այլ երկրների փորձին ծանոթանալու,- ասաց արցախցի երիտասարդ գիտնականը։
Ա. Հարությունյանի հավաստմամբ՝ դասընթացներին մասնակցել է 30 ունկնդիր՝ 23 երկրներից, մասնավորապես` արտաքին գործերի նախարարությունների և գիտության բնագավառների ներկայացուցիչներ Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և հետխորհրդային երկներից։
ՙՄենք՝ երկու հայ մասնակիցներ, ներկայացնում էինք Հայաստանի Հանրապետությունը, բայց հետաքրքիրն այն էր, որ Ռուսաստանի Դաշնությունից եկած մասնակիցներից մեկն էլ ազգությամբ հայ էր,- ասաց Ավետիք Հարությունյանը։- Ու ստացվեց այնպես, որ առաջին անգամ այդ դասընթացներին միանգամից երեք հայ է մասնակցել։ Դասընթացներն անցնում էին դասախոսությունների ձևաչափով, որոնք հիմնականում անց էին կացնում ՙՀետազոտական և տեղեկատվական համակարգ՝ զարգացող երկրների համար՚ ինստիտուտի տնօրենը և հայտնի բարձրակարգ մասնագետներ՝ Հնդկաստանի արտաքին գործերի, գիտության և տեխնոլոգիայի նախարարություններից։ Դասընթացների ավարտից հետո մենք ներկայացրել ենք ինչպես անհատական, այնպես էլ խմբային շնորհանդեսներ, որոնց շրջանակներում ես պատմել եմ մեր կազմակերպության նախաձեռնությունների մասին։ Իսկ վերջում բոլորին հրավիրել եմ Արցախ՝ Ստեփանակերտ, մասնակցելու անցկացվելիք ՙՀայկական պետականության անցյալը, ներկան և ապագան՚ 5-րդ միջազգային գիտաժողովին՚։
Նրա խոսքով՝ դասընթացներին զուգահեռ Դելիում մասնակիցների համար կազմակերպվել են այցելություններ տարբեր գիտահետազոտական ինստիտուտներ` գիտության ոլորտում հնդկական փորձի փոխանակման նպատակով։
Դասընթացների ժամանակ բոլոր մասնակիցներին հանձնարարվել էր հոդված պատրաստել՝ ժողովածուում հրապարակելու համար։ Արցախի գիտնականն այս առումով ներկայացրել է ՙԳիտության դիվանագիտությունը և Հայաստանում քաղաքացիական հասարակության դերը՝ ԱԵԳՄՄ-ի օրինակով՚, որը հրապարակվել է նշված ժողովածուում անգլերենով։
ՙՀոդվածում ես հիմնականում ներկայացրել ու խոսել եմ մեր կազմակերպության երեք հիմնական ծրագրի՝ միջազգային գիտաժողովի, Արցախի էլեկտրոնային գրադարանի և ՙԳիտական Արցախ՚ պարբերականի մասին` հիմնավորելով, որ այդ նախագծերը կարող են նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը՚,- ասաց երիտսարդ գիտնականը։
Խոսելով Հնդկաստանում կայացած հանդիպումների մասին` Ա. Հարությունյանն ասաց, որ դասընթացների մեկնարկի հենց առաջին օրը տեղի է ունեցել իր հանդիպումը ՙՀետազոտական և տեղեկատվական համակարգ՝ զարգացող երկրների համար՚ ինստիտուտի տնօրեն Սաչին Չատուրվեդիի հետ։ ՙՄենք քննարկել ենք մեր հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Ես նրան տեղեկացրել եմ, որ Արցախում սեպտեմբերի 24-27-ը կայանալիք միջազգային գիտաժողովում քննարկվելու են գիտության դիվանագիտությանը վերաբերող հարցեր։ Նաև հանդիպումներ եմ ունեցել դասընթացները վարողներից Սիդդխարտխի և դեսպան Բալակրիշնանի հետ։ Շատ ջերմ հանդիպում է եղել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ, որը ներկա է եղել պարգևատրման հանդիսավոր արարողությանը՚,- իրազեկեց Ա. Հարությունյանը։
Դասընթացների կազմակերպիչները հոգացել են նաև մասնակիցների ակտիվ հանգստի մասին. նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հնդկաստանի պատմական և տեսարժան վայրերին։ Մասնավորապես այցելել են Լոտոսի վանք, Մահաթմա Գանդիի հուշահամալիր և, իհարկե, աշխարհի հրաշալիքներից մեկը՝ Թաջ-Մահալի դամբարան։
Կիսվելով իր տպավորություններով՝ արցախցի գիտնականն ասաց. ՙԵս ցնցված եմ գիտության հանդեպ հնդկական պետության ուշադրությունից։ Ուզում եմ մի հետաքրքիր փաստ արձանագրել. Հնդկաստանում 2020-2021թթ. համար բյուջեից գիտությանը հատկացված գումարը կազմում է 800 մլն ԱՄՆ դոլար... Ինձ վրա հնդիկները նույնպես մեծ տպավորություն են թողել. նրանք կարեկցող ու հյուրասեր են, ինչպես մենք՝ հայերս։ Ինչ վերաբերում է հնդկական ճաշատեսակներին, չնայած դրանք սովորականից ավելի կծու են, այնուամենայնիվ, հետաքրքիր և անմոռանալի համ ունեն՚։ Նրա համոզմամբ՝ դասընթացներին մասնակցությունն իրեն նոր գիտելիքներ և մտահղացումներ է տվել գիտության դիվանագիտության բնագավառում, հնարավորություն ընձեռել ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների հետ կարևոր կապեր հաստատել և, ինչու չէ, անգլերենով հոդված հրատարակել Արցախի մասին, որը տարածվել է դասընթացների մասնակիցների և դեսպանների շրջանում։
ՙԱմբողջ դասընթացների ժամանակ մտորում և ամեն ինչ համեմատում էի մեր երկրի հետ, փորձում էի հասկանալ, թե ինչպես և ինչ ձևով կարելի է արագացնել գիտության զարգացումն Արցախում։ Վերոնշյալ ինստիտուտն ամենամյա դասընթացներ է անցկացնում՝ սկսած 2017 թվականից (ամեն տարի՝ հունվարին)։ Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող են հայտ ներկայացնել ու մասնակցել, իսկ ես էլ հարկ եղած դեպքում կօգնեմ նրանց այս կամ այն հարցում՚,-ասաց Ավետիք Հարությունյանը։
Դե ինչ, հուսով ենք` մեր մյուս երիտասարդ գիտնականները, զուտ գիտական նպատակներից զատ, նույնպես իրենց ավանդը կունենան Արցախի հանրաճանաչության և դե-ֆակտո միջազգային ճանաչման գործում։