[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Վերջին տարիներին ազգային մշակութային ժառանգությունը պահպանելու, դրան զարկ տալու իշխանությունների վարած քաղաքականության արդյունքները տեսանելի են։ Մեր նախնիներից մեզ հասած արվեստի վառ նմուշ է նաև գորգատիպ գուլպա շաթալը, որը նախկինում օրիորդի օժիտի հավաքածուի պարտադիր մաս էր կազմում՝ այլ ճաղերով գործած իրերի հետ մեկտեղ։ Մեր օրերում այդ կիրառական արվեստի շարունակողն է 50-ամյա Լենա Սարգսյանը, ում հետ զրույցի ժամանակ բացահայտեցինք որոշ գաղտնիքներ։

Տիկին Լենայի հիշողության մեջ է հարազատ Հարավ գյուղը, հարևան Ազնիվ տատիկը, որը առեղծվածային զարդանախշ այդ գուլպաները գործում էր շատ հմուտ։  Նա դեռ աղջնակ սիրահարվել էր այդ արվեստին և շատ հաճախ գնուն էր հարևանի տուն ու դիտում շյուղերի, գունավոր թելերի, հյուսվածքների փոփոխմանը։ Փորձում էր տեսածը տանը վերարտադրել, բայց չէր ստացվում։ Հասկացավ, որ կան գաղտնիքներ, որոնց մասին ամաչում էր հարցնել Ազնիվ տատիկից£ Սակայն սերն ու սովորելու ձգտումը հաղթահարեցին, չնայած Ազնիվ տատիկը գտնում էր, որ շաթալ գործելը դժվար արվեստ է և հասակ ու հմտություն է պահանջում, և այն տարեցներին հարիր զբաղմունք է։

Անցել է 30 տարի, սակայն տիկին Լենայի սերն այդ արվեստի նկատմամբ չի մարել։ Չնայած խիստ զբաղվածությանը՝ ընտանիք, աշխատանք, իր սիրելի գործի համար ժամանակ միշտ գտնում է։ Նրա աշխատանքը հավանեցին նաև արտերկրից ժամանած հյուրերը, որոնք ցանկացան գնել այդ գուլպաները՝ որպես արվեստի նմուշ։ Տիկին Լենան այնքան զարմացած և ուրախացած էր, որ ուղղակի նվիրեց դրանք։ Որոշ գործեր էլ վաճառեց։ Կապ հաստատվեց, և զբոսաշրջիկները մեկ-մեկ այցելում են տիկին Լենային ու գնում այդ առեղծվածային գուլպաները։

Տիկին Լենան մեծ սիրով պատմում է շաթալի առանձնահատկությունների մասին։

- Ի տարբերություն սովորական գուլպաների, շաթալը գործում են թաթից։ Այն  յուրահատուկ է իր խայտաբղետ, խորհրդանշական ու ծաղկանման նախշերով` երփներանգ բազմազանությամբ։ Ազգային այս գուլպան գործելիս օգտագործվում է 25-ից ավել նախշ, որտեղ պահպանված է գույների ներդաշնակությունը, թելերի որակը (բացառվում է գունաթափվող թելերի  օգտագործումը)։ Զարդանախշերը լինում են տարբեր ոճերի։ Կրնկի ու թաթի վրա` գորգատիպ հատվածում, խայտաբղետ թելերի  գունային համասեռ մի պատկեր է։ Այն մարդու ուշադրությունը գրավող մասն է համարվում։ ուլպայի երեսին թողնվում է ձեռքի չափ մի սպիտակ տարածություն, որը երիզվում է նախշազարդ շրջանակով (հին հայելիների նման),- ընդգծում է տիկին Լենան։

Շաթալ գործելը ժամանակատար է. այն մեծ ուշադրություն, համբերատարություն և բարձր տրամադրություն է պահանջում։ Բացի այդ, այն նաև հաճելի զբաղմունք է, որտեղ երևակայությանդ թռիչք տալու լայն հնարավորություն կա։

Հավելենք, որ շաթալ գուլպաները տարբեր շրջաններում գործվում էր տարբեր ոճի։ Այժմ էլ դրանք շարունակում են գործել Սյունիքում և Արցախի գրեթե բոլոր շրջաններում։

Ըստ տիկին Լենայի՝ հիմա շաթալ գործողների մի մասն օգտագործում է նոր ոճեր, միևնույն ժամանակ՝ հնի շնչով համեմված։ Նա ուրախ է, որ երիտասարդների մոտ արթնանում է սերը դեպի հին արվեստը, ինչը վկայում է, որ այդ գեղեցիկ արվեստը շարունակություն կունենա։