Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Ղազանչեցոցը մերն էր։ Եթե նույնիսկ բոլորս ամեն օր այնտեղ չէինք, ցանկացած կասկածելի ու անհասկանալի շարժում եկեղեցու շրջակայքում՝ լուրը մեր հետախույզները ակնթարթորեն հասցնում էին խմբի բոլոր անդամներին, և հաշված րոպեների ընթացքում բոլորս հավաքվում էինք այնտեղ, քննարկում մեր անելիքը և կայացնում համապատասխան որոշում։ Եթե պահանջվում էր՝ անցնում էինք խուլ պաշտպանության՝ բնականաբար, հեռու մնալով հարձակողական գործողություններից։ Մենք համոզված էինք, որ եկեղեցին հենց մենք էինք այդպես կանգուն պահում, և դա մեզ ոգևորում էր, անասելի հաճույք պատճառում, կրկնապատկում, քառապատկում մեր ուժերը։

                     Բայց մի օր Ղազանչեցոցի վրա կրակեցին, ուղիղ՝ խաչին, մեր աչքի առաջ, ամբողջ քաղաքի աչքի առաջ, օրը ցերեկով, նշան բռնեցին ու կրակեցին։ Եվ դա միլիցեքի վեջը չէր։ Մենք մի տեսակ խառնվել էին՝ չիմանալով մեր անելիքը։Մենք, կարելի է ասել, խուճապի էինք մատնվել։ Եղբայրս իր փոքրիկ տեղով նույնիսկ առաջարկեց մեր տեսած, ուզում եմ ասել՝ հորս թաքցրած, նագանը հանել ու դրանով էդ անասուն թուրքին սատկացնել։ Բայց քանի որ մենք երդվել էինք նագանի մասին ոչ մի տեղ, ոչ մեկի ներկայությամբ, ոչ մի ժամանակ խոսք չխոսել, թուրքին նագանով սպանելու գաղափարից միանգամից հրաժարվեցինք։ Ինչքան խելք-խելքի տվինք, ամենաիրատեսականն էլի դրա մաման քարերով լացացնելն էր, դա էր այդ օրերին ամենաանվտանգ, ամենաանմեղ, կասկած չհարուցող գործողությունը, որի արդյունավետությունը մենք մի քանի անգամ զգացել էինք։

                    Բայց մեզ վիճակված չէր գմբեթի ստորոտում նստած ախորժակով կծոտել մեր հաղթանակի պտուղները։ Խաչի վրա կրակողների թիվը օրեցօր մեծանում էր։ Մեկ երկուսով էին կրակում, մեկ՝ երեքով, մեկը՝ կեսօրին, մյուսը՝ երեկոյան, համարյա առանց դադարի, ամեն օր։ Սակայն հսկայական, ոսկեգույն խաչը դիմադրում էր, դիմանում, արհամարհում, և այդքանը՝ հանուն մեզ․․․ Եվ թուրքը դրանից ավելի էր կատաղում․ մեկփողանին փոխարինում երկփողանիով, երկփողանին՝ հինգ անգամ իրար հետևից կրակող հրացանով․․․ Կասկած չկար, որ մեզ պատերազմ էր հայտարարված։ Հասկացանք նաև, որ մենք բավարար ուժեր չունեինք և՛ փողոցային մարտերի, և՛ եկեղեցու պաշտպանության համար։ Թեպետ մենք հաճախ բաժանվում էինք մանր, շարժունակ խմբերի և, անհրաժեշտության դեպքում, մի տեղից ակնթարթորեն տեղափոխվում մի ուրշ տեղ՝ այդպես օգնության հասնելով  ծանր վիճակում հայտնված մեր ընկերներին։ Բայց միշտ չէ, որ մեզ հաջողվում էր ամուր պաշտպանություն կազմակերպել և մարտն ավարտել առանց վիրավորների ու կորուստների։ Մեկ-մեկ էլ պարզապես նահանջում էինք՝ այդպես զիջելով մեզ պատկան տարածքները։ Սակայն մտահոգողը միայն դա չէր, մտահոգողը ավելի շատ այն էր, որ մարտից-մարտ մեր շարքերը նոսրանում էին, մեր ընկերները թողնում  էին Շուշին՝ տարածվելով աշխարհի մեծ ու փոքր քաղաքներով։ Եվ մենք ստիպված վերախմբավորում-վերադասավորում էինք մեր բարակած շարքերը՝ մի քանիսից ստեղծելով ընդամենը մեկը։ Հայրս մեր ընդհանուր, ավելի ճիշտ՝ Գերագույն Գլխավոր հրամանատարն էր։ Մենք չէինք էլ գուշակում, որ նա ամենուր հետևում էր մեզ՝ պատրաստ ցանկացած պահի փոխել մարտի ելքը։ Նման գործողությունների ժամանակ էլ օգտագործում էր ծանր մահակներ, քարեր, դանակ՝ տարբեր չափսի, կացին, իսկ եթե ուժերը ընդգծված անհավասար էին՝ գործողության մեջ էր մտնում նաև փայլփլուն երկփողանին․․․

 

                                                                     ----

 

                    Մենք այդպես մեծանում էինք, և ինչքան շատ էինք սիրում Շուշին, թուրքն այնքան դառնում էր ատելի, ավելի ճիշտ՝ ոչ թե թուրքը, այլ՝ մուսուլմանը։ Ասում եմ մուսուլման, որովհետև այն տարիներին, այն վաթսուն-յոթանասունականներին, հենց իրենք թուրքերը իրենց ոչ ազեր են կոչում, ոչ էլ՝ թուրք։ Նրանք մուսուլման էին։ Եվ երբ մենք նրանց թուրք էինք ասում, ուղղակի վիրավորվում էին, կռիվ-ղալմաղալ սարքում, փորձում ամեն գնով ապացուցել, որ իրենք թուրքի հետ բացարձակապես կապ չունեն, որ, իբր, ազրբեջանը սովետական սոցիալիստական հանրապետություն է, իսկ թուրքիան՝ կապիտալիստական։ Իհարկե, նման ափեղ-ցփեղ բացատրությունները չէին մտնում մեր գլուխը, ուզում եմ ասել՝ մենք այնքան էլ միամիտ չէինք, որ հավատաինք նման ցնդաբանություններին ու անմշակ ստերին։

                 Ընդհանրապես, այդ ազերի-թուրք-մուսուլմանը ամեն ինչ անում էր, որպեսզի ես իրեն ատեմ ամբողջ սրտով, հոգով ու մտքով, նույնիսկ՝ մարմնով, ես իրեն համարեմ իմ միակ, եզակի թշնամին աշխարհիս երեսին։ Եվ թուրքն ինքը դա ինձնից թաքցնելու մտադրություն բացարձակապես չուներ։ Ես նույնպես չէի խաղում, դերասանություն չէի անում։ Մենք իրար դեմ կանգնած էինք համարյա մերկ, առանց դիմակի, շպարի, քսուքների ու դիմափոշու։ Ինձ այդպես էլ չհաջողվեց դրանց մեջ գտնել գոնե մեկին, ով դուրս լիներ այդ ընդհանուր, բնազդային, ամբոխային, քոչվորին հատուկ վայրենության, հոտային փիլիսոփայության ու մտածումի տարածքներից։ Նրանք բոլորն էլ նույնն էին, ավելի ճիշտ՝ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էր։ Պարզապես կար մի գիրք կարդացած թուրք, և ոչ մի գիրք չկարդացած թուրք։ Կամ էլ՝ հազար ոչխար պահող թուրք, տաս ոչխար պահող թուրք և ոչ մի ոչխար չպահող թուրք։ Տարբերությունը միայն ու միայն գրքերի ու ոչխարների քանակն է։

                   Ակնան հիշեցի։ Պատշար հայրս այնտեղ թուրքի համար տուն էր շինում՝ իր հետ բերելով միրգ, պոմիդոր, վարունգ, փող, կոշիկ, շոր։ Ակնա քաղաքում այն տարիներին ամեն ինչ էլ կար, արևն էլ այնքան կած էր, այնքա՜ն կած էր, որ պոմիդորն, օրինակ, մինչև կանաչելը կարմրում էր, թութը, մինչև պռոկ բռնելը՝ ծլլում․․․

                   Մի անգամ էլ հայրս․․․ հրացան բերեց․․․ Ճիշտ է, այն որսորդական էր, բայց մենք համոզված էինք, որ դրանով կարելի է նույնիսկ մարդ սպանել։ Համոզված էինք, որովհետև լսել էինք, որ նման որսորդական հրացանով մարդիկ վագր էլ են սպանում, գայլ էլ, արջ էլ․․․ Իսկ էդ կենդանիները, ինչքան մենք գիտեինք, մարդուց հազար անգամ ուժեղ էին։ Եվ եթե ուժեղ էին, նշանակում է հորս բերած այդ հրացանով մարդ սպանելը, ինչպես՝ երկու անգամ երկու, կամ՝ մեր թթենուց թութ ուտելը․․․

                     Եվ մինչ ես ու եղբայրս զննում-ուսումնասիրում էինք հորս զինանոցի հերթական նմուշը, հայրս մորս բացատրում էր․

-Էդ շանտղեն փողը հերիք չըրավ ասաց՝ ուստա, փողը մի քիչ պակասությունա անում, փոխարենը հի՞նչ տամ, ասացի՝ թիվանգը։ Էդ շանտղան էլ թե՝ ամեն հինչ, բացի թիվանգից։ Ես էլ ասացի մենակ ու մենակ՝ թիվանգը։ Էդ շանտղան սկսից խուխու նման լաց ինիլը։ Ասաց՝ ուստա, ինձ մորթումս, հավատքս փոխումս, ինձ վեննի տակըս քցում․․․ Դրա կինն էլա  զուզա տամ․․․ բայց ներակ Աբոին, որ նման բաներից թուլանա, խըղճանա, գործը թողե կեսատ․․․Ասացի՝ թիվանգը և՝ վերջակետ։

                   Իսկ էդ թիվանգը, իսկապես որ, լավն էր, համարյա՝ չօգտագործած; Լուլան սև, սև էր, երկար, կարգին փայլեցրած։ Երևում էր՝ թուրքն այն պահել է գորգի մեջ փաթաթած, օտար աչքից հեռու, նեղ օրվա համար։

                  -Ասացի, ա շանտղա, կամ՝ թիվանգը, կամ՝ կարմիր <<Լենին պապիկ>>-ները․․․