ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝ ՍԻՐԵԼ, ԱՐԺԵՎՈՐԵԼ, ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ՓՈԽԱՆՑԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Վան ՆՈՎԻԿՈՎ
ՙԹանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն՚ խորագրի ներքո մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը։
Նախկինում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներն ու ցուցահանդեսներն այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղափոխվել են համացանցային հարթակներ։ Արցախը ևս տարիներ շարունակ անմասն չէ աշխարհի` ավելի քան 150 երկրներում նշվող տոնից։
Մինչ այս էլ, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում, մասնավորապես` Շուշի քաղաքի թանգարանները, շարունակել են աշխատանքը՝ համացանցում։
Այս ընթացքում Շուշիի թանգարանները Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանրությանը ներկայացնում են ցուցանմուշներ՝ իրենց նկարագրով ու նախապատմությամբ։ ՙՇուշի քաղաքի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի հաղորդմամբ՝ թանգարանների ցուցանմուշների հավաքածուների համալրումը շարունակական է։ Այդ գործում մեծ աջակցություն են ցուցաբերել նաև անհատ նվիրատուներ։ Առանձնապես լայն աշխարհագրական ընդգրկում և նվիրատուների անունների ցանկ ունի Կերպարվեստի թանգարանը, որը, հիմնադրումից ի վեր, բացառապես նվիրատվությունների շնորհիվ համալրվել է շուրջ 350 նոր ու արժեքավոր ստեղծագործություններով՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ և դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ։ Նույն կերպ, ԱՀ նախագահի խորհրդական, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի շարունակական նվիրատվությունների շնորհիվ համալրվում է Երկրաբանության պետական թանգարանը (օգտակար հանածոների նմուշներ, բրածո մնացորդներ ու հանքաքարեր)։
Անդրադառնալով Շուշիում գործող թանգարանային գործի զարգացման տեսլականին` Լ. Գասպարյանը նշեց, որ առայժմ առաջնահերթ գերխնդիրներից են թանգարանը ժամանակակից տեսքով ներկայացնելը, համապատասխան նյութատեխնիկական բազայի ապահովումը, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը և այլն։
ՙԹանգարանների միջազգային օրը մշակութային արժեքները սիրելու, արժևորելու, պահպանելու և փոխանցելու խորհուրդ ունի։ Թանգարանային մշակույթը միշտ էլ եղել է և մնում է մշակութային քաղաքականության իրականացման առանցքային բաղադրիչներից։ Յուրաքանչյուր տարի այս օրը Շուշիի թանգարանները բացում էին իրենց դռները հազարավոր այցելուների առաջ, այսօր համավարակը փոխեց նաև այս հրաշալի օրն ըստ արժանվույն տոնելու հնարավորությունը, բայց, համոզված եմ, մոտ ապագայում թանգարանային կյանքը ևս կմտնի բնականոն հուն՝ շարունակելով անցյալի ու ներկայի լավագույն հոգևոր մշակութային արժեքները փոխանցել սերունդներին։ Մինչ այդ, կշարունակենք մշտապես հասանելի լինել համացանցում՝ հավատարիմ մնալով գիտելիքի, տեղեկատվության, գեղագիտական ճաշակի ձևավորման ու ապահովման բաց և հասանելի աղբյուրի առաքելությանը՚,- ասաց Լ. Գասպարյանը։
Չնայած կրկին համացանցային տիրույթում, այդուհանդերձ, Շուշիի թանգարանները ևս միացել են Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։ Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ թանգարանները հանրությանը կներկայանան օրվա խորհրդին ու կարգախոսին համահունչ ցուցադրություններով։ Մասնավորապես` Կերպարվեստի թանգարանը համացանցային հարթակում ցուցադրելու է սահմանափակ կարողություններով երեխաների ստեղծագործությունների ցուցադրություն, Շուշիի պատմության թանգարանը ներկայացնում է Շուշին հին լուսանկարներում առցանց ցուցահանդեսը, իսկ ՙՔարերի հրաշագործ աշխարհում՚ խորագրով ցուցահանդեսը ներկայացրել է Երկրաբանության պետական թանգարանը։
;