ՙԼՑՆԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԸ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, այս տարի ԻԿՕՄ-ի /Թանգարանների միջազգային խորհուրդ/ առաջարկով, համաշխարհային պանդեմիայով պայմանավորված, ամբողջ աշխարհում նշվում է առցանց: Տոնը առցանց ձևաչափով կնշի նաև Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը: Օրվա խորհուրդի և թանգարանի խնդիրների և հեռանկարների շուրջ զրուցեցինք հաստատության ավագ գիտաշխատող Գոհար Աբրահամյանի հետ:
-Երբվանի՞ց եք աշխատում թանգարանում և որքանո՞վ է այդ գործը համապատասխանում Ձեր նախասիրություններին:
-Ավարտել եմ ԱրՊՀ պատմության ֆակուլտետը: Ուսման ընթացքում հետաքրքրություն է առաջացել ազգագրության և հնագիտության հանդեպ: 2018-ին ընդունվել եմ աշխատանքի պատմաերկրագիտական թանգարանում՝ որպես գիտաշխատող, իսկ նույն թվականի վերջին՝ որպես ավագ գիտաշխատող: Թանգարանը մի վայր է, որտեղ ուսումնասիրելու շատ բան կա, և ես սկսեցի ավելի շատ կարդալ՝ խորացնելով գիտելիքներս: Աշխատանքի հետ մեկտեղ շարունակում եմ ուսումս մագիստրատուրայում: Այս երկու տարվա ընթացքում թանգարանի կողմից կազմակերպած ցուցահանդեսները, որոնց թեմանները առնչվում էին իմ նախասիրությունների հետ, և ես էլ ակտիվ մասնակցում էի, շատ ոգևորիչ էին: Անշուշտ, դրան նպաստեց նաև այցելուների համարժեք արձագանքը: Կկարևորեմ նաև գործուղումը Երևան, որտեղ մասնակցեցի դասընթացներին՝ կազմակերպած ԻԿՕՄ-ի կողմից:
Այդ դասընթացները, թրենինգները ընդլայնեցին տեսակետս կապված համացանցի հնարավորությունների կիրառման հետ: Վերջերս էլ գործընկերոջս հետ դպրոցականների համար կազմակերպեցինք բրեյ-ռինգ խաղ-մրցույթ Արցախի պատմության վերաբերյալ, որն անցավ բավականին հետաքրքիր: Այս նախաձեռնությունը կձգտենք դարձնել շարունակական, քանզի երեխաները մեծ սիրով մասնակցում էին՝ ձեռք բերելով արտադպրոցական գիտելիքներ, թանգարանն էլ իրականացնում էր իր ոչ ֆորմալ, այս դեպքում` լուսավորչական, գործառույթը:
-Կորոնավիրուսի պանդեմիան չի՞ խանգարել այս տարվա տոնակատարությանը:
-ԻԿՕՄ-ը մինչ պանդեմիան էր հռչակել 2020-ի ՙԹանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն՚ խորագրի ներքո թեման: Բայց համաճարակն, իհարկե, մտցրել է իր ճշգրտումները՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը ամբողջ աշխարհում նշվում է առցանց, իսկ ՙԹանգարանների գիշեր՚ միջոցառումը որոշվել է նշել նոյեմբերին: Բազմազանության համատեքստում մեր թանգարանը ընտրեց ՙԱզգային արժեքների՚ թեման, որի ներքո ցուցադրության կներկայացվի Արցախյան ազգային տարազը: Թանգարանի մասնաճյուղերը նույնպես մասնակցում են առցանց ցուցադրությանը. Մարտունու պատմաերկրագիտական թանգարանը ցուցադրում է տեղական ասեղնագործությունը, Մարտակերտինը՝ շրջանի ազգագրությանը վերաբերող նյութեր, Ասկերանինը՝ լուսանկարներով և փոքրիկ տեքստերով Սառնաղբյուր գյուղի ազատագրման պատմությունը: Լիահույս ենք, որ նոյեմբերին կենդանի շփմամբ կկազմակերպենք ՙԹանգարանների գիշեր՚ ակցիան:
-Փորձե՞լ եք առցանց ցուցադրություն կազմակերպել այլ առիթների կապակցությամբ և ո՞ր սոցցանցում եք հանդես գալիս:
-Հանդես ենք գալիս ֆեյսբուքում Artsakh State Museum անվանման ներքո: Պարբերաբար Արցախյան պատմության վերաբերյալ նկարներ ենք տեղադրում, որոնք ուղեկցվում են փոքրիկ տեքստերով, իսկ մայիսի 9-ի առթիվ ցուցադրեցինք տեսահոլովակներ, որտեղ էքսկուրսավարը պատմում էր թանգարանի` Շուշիի ազատագրման և 2-րդ համաշխարհային պատերազմի սրահներում ցուցադրված նյութերի մասին:
-Անդրադառնանք նաև թանգարանի համար կառուցվող շենքի նախատեսված պայմաններին, շահագործման հանձնելու ժամկետներին:
-Նախատեսված է շահագործման հանձնել 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբներին: Որքան տեղեկացված եմ, արդեն սկսել են ներքին հարդարման աշխատանքները: Նախատեսվում է բավականին մեծ ֆոնդային տարածք և մեր եղած ցուցասրահներից 3-4 անգամ ավելի շատ սրահներ: Թանգարանի նոր շենքը կհամապատասխանի ժամանակակից պայմաններին:
-Ձեր հորդորը` բնակչությանը:
-Կոչ եմ անում այցելել թանգարաններ, մշակութային վայրեր, ուսումնասիրել մեր պատմությունը, մի խոսքով՝ ժամանակը լցնել մշակույթով: Չէ՞ որ պատերազմել ենք, որպեսզի պահպանենք մեր ազգային ինքնությունը: Այդ առումով տեղին է հիշել Չերչիլի հայտնի արտահայտությունը պատերազմի ժամանակ. ՙԵթե պիտի կրճատենք մշակույթի բյուջեն, էլ ինչի համար ենք պատերազմում՚:
;