Logo
Print this page

Կառուցվում է մանկապարտեզ

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Որոտանի քաղաքային համայնքը կազմավորվել է 2013թ. ամռանը։ Այժմ այստեղ կա 430 բնակիչ, որի մոտ կեսը երեխաներ են։ Քաղաքը մինչ օրս չունի հանրակրթական դպրոց և մանկապարտեզ։ 90-ից ավելի աշակերտ և 10 ուսուցիչ հաճախում են Որոտանից մոտ 5-6 կմ հեռու գտնվող Հայկազյանի գյուղական համայնքի Հայկազ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց։ 

Արցախի Հանրապետության կառավարության հատկացումներով կառուցված դպրոցի նոր շենքն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, հարմարություններով։ Որոտանից աշակերտների և ուսուցիչների տեղափոխությունը կատարվում է համայնքին հատկացված ավտոբուսով։ Տեղափոխման հարցում օժանդակում է նաև քաղաքում տեղակայված զորամասի հրամանատարությունը։
Որոտանցի նախադպրոցական 120 երեխաներ, ովքեր հիմնականում զինվորականների ընտանիքներից են, առայժմ տանն են մնում։ Եվ ԱՀ կառավարության հատկացումներով անցած տարվա աշնանից քաղաքում սկսել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատանքները դադարել էին, իսկ վերջերս վերսկսվել են։
Որոտանի քաղաքային համայնքի ղեկավար Վրույր Ասրյանի հետ եղանք շինհրապարակում։ Ըստ նախագծի՝ կառուցվելու է երկհարկանի շենք՝ մոտ 1000ք/մ ընդհանուր մակերեսով։ Տարածքը ցանկապատվելու է, գործելու են խաղահրապարակ, ենթակառույցներ, կհիմնվի կանաչ գոտի։ Շենքի հիմքերն արդեն պատրաստ են, և շինարարներն անցել են պատերի կառուցմանը։ Շինարարությունն իրականացնում է ՙԱՐՍՍԱԹԱԱ՚ ՍՊԸ շինարարական կազմակերպությունը: Աշխատանքները ղեկավարում է Արսեն Քյարունցը, ով արդեն ճանաչված շինարար է Քաշաթաղի շրջանում։ Նույն կազմակերպության կողմից են կառուցվել Հայկազյանի դպրոցը, բազմազավակ ընտանիքների համար բնակելի տներ՝ Որոտանում, Վուրգավանում, այլ բնակավայրերում։ Որմնադիր վարպետները Գորիսից են։ Առայժմ շինանյութի պակաս չունեն։ Աշխատանքներում ընդգրկված են նաև քաղաքի բնակիչները։
-Մանկապարտեզի խնդիրը միշտ առկա է եղել,-հավելեց Վ. Ասրյանը, -և ողջունելի է՝ արդեն իրողություն է դառնում Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։ 100 երեխայի համար կառուցվում է սեյսմակայուն նոր շենք՝ ապահովված նաև ապաստարանով։ Նախակրթարանը կապահովի նաև աշխատատեղերով։ Շինարարության ընթացքում նույնպես աշխատանք կունենան մեր քաղաքի որոշ բնակիչներ։
Նշեց նաև՝ նախատեսած է, որ 2021 թվականին շահագործման հանձնել մանկապարտեզի շենքը։
Քաղաքում, համայնքի եկամուտների հաշվին, հիմնանորոգվում է համայնքային կենտրոնը։ Կիսակառույց երկհարկանի նախկին շենքը վերափոխվել է։ Առաջին հարկում գործելու են հանդիսությունների դահլիճ, սանհանգույց, աշխատասենյակներ։ Երկրորդ հարկում, բացի քաղաքապետարանի աշխատակազմի համար նախատեսված աշխատասենյակներից, գործելու են բուժկետ, գրադարան, ակումբ։ Շենքի ներքին աշխատանքները գրեթե ավարտին են հասել։ Շուտով կսկսվի դրսի պատերի հարդարումը։ Այժմ համայնքապետարանը տեղակայված է հարմարեցված տնակում։ Այս օրերին քաղաքում կատարվում են նաև գյուղատնտեսական աշխատանքներ: Համայնքն ունի մոտ 800հա վարելահող, որն օգտագործվում է հացահատիկային և այլ մշակաբույսեր արտադրելու համար։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.