ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶՍՊԱՇԱՊԻԿ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հանգեցրել է մի շարք շրջադարձային փոփոխությունների: Ողջ աշխարհով մեկ կառավարություններն այս օրերին սահմանափակումներ են կիրառում համավարակի տարածումը կանխելու համար: Մեր երկրում ապրիլի 12-ից հայտարարված արտակարգ իրավիճակը պետք է որ արգելեր հանրային միջոցառումների կազմակերպումն ու սահմանափակեր կուտակումերը: Կիրառվու՞մ են, արդյոք, սահմանափակումները, և արդյո՞ք միջոցներ են ձեռնարկվում կարգազանցներին պատժելու համար, թե՞ օրինապահ ենք բոլորս անխտիր: Թե ինչպիսին է հասարակության սոցիալական պատասխանատվությունը, փորձեցինք պարզել պատահական անցորդներից։
<<Արտակարգ իրավիճակ է՝ տնից դուրս եմ գալիս միայն անհրաժեշտության դեպքում՝ դիմակով ու ձեռնոցներով>>,- ասում է անցորդներից մեկը: Ոմանք էլ՝ ինչո՞ւ կրել դիմակ, եթե այն կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ կրում են բոլորը: Տարաբնույթ էին կարծիքները, ընդհուպ մինչև համավարակի աճին զուգահեռ հորինվող ու տարածվող դավադրական տեսություններն ու միֆերը՝ 5G չիպավորումից մինչև վիրուսի գոյությունը կասկածի տակ դնող մտքեր: Միանշանակ, այս ամենի հետևանքով հասարակության շրջանում թուլանում է զգոնությունը, իսկ սոցիալական պատասխանատվության զգացումը՝ զրոյանում:
Անկեղծ լինենք՝ մի՞թե տիրող արտակարգ իրավիճակն անհատականացված բնույթ չի կրում: Այս հարցում, անշուշտ, մեծ է քաղաքացու իրավագիտակցության ու պատասխանատվության դերը: Գտնվելով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի փուլում, յուրաքանչյուրը չէ, որ գիտակցում է՝ ստեղծված անհարմարությունների հակառակ գինը համավարակի տարածումն է: Լեփ-լեցուն խանութներ, արտառոց հերթեր, վախվորած հայացքներ, մեծամիտ ու <<ստույգ>> կարծիքներ… Այո, այո, չբացառենք…Կարծես վերահսկվում է ամեն ինչ, բայց, չգիտես ինչու, սուպերմարկետները լեփ-լեցուն են, գնորդները հեղեղում են խանութները և, ամենազարմանալին՝ դա մարդկային կուտակում կարծես չի համարվում:
Եկեղեցում պատարագները դռնփակ են անցկացվում, հավատացյալները չեն հաղորդակցվում, օրհնություն չեն ստանում: Տպավորություն է, որ միայն հոգևորականներն են համբերատար, հնազանդ ու կարգապահ...
Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, ուստի մեր բնականոն կյանքի ընթացքին վերդառնալու համար պետք է քաջ գիտակցել, որ այն կանոնները, որոնք սահմանված են, ուղղված են բոլորիս առողջությանն ու անվտանգությանը, և հետևել այդ կանոններին ու անել հնարավոր անհնարինը՝ պարտավոր ենք բոլորս: