[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԸՆՏՐԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

  Ավարտվել է բուհերի ընդունելության հայտերի ընդունումը։ Թե ինչպիսին է պատկերն ըստ ընդունելության քննությունների և մասնագիտությունների, հետաքրքրվեցինք ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանից։

 

Արցախի պետական համալսարան ընդունվելու համար հայտագրվել է 604 դիմորդ, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 52, Ստեփանակերտի <<Մեսրոպ Մաշտոց>> և <<Գրիգոր Նարեկացի>> համալսարաններ՝ 35-ական, <<Գյուրջյան>> կիրառական արվեստների ինստիտուտ՝ 13, ՀՀ բուհերի Արցախին հատկացված տեղեր՝ 162։ Նախորդ տարվա համեմատ դիմորդների քանակն ավելացել է։ ՀՀ բուհերի համար նրանց թիվը մնացել է անփոփոխ, բայց ԱրՊՀ-ում ավելացել է 26-ով։ Նշենք, որ այս տարի շրջանավարտների քանակն էլ ավելացել է 44-ով և կազմում է 1381։ Ընդհանուր 901 դիմորդների մեջ չեն մտնում նրանք, որոնք հայտագրվել են ՀՀ բուհերին ոչ թե Արցախին հատկացված նպատակային տեղերով, այլ ընդհանուր հիմունքներով ընդունվելու համար։ Նրանց թիվը դեռ հայտնի չէ, բայց մեծ էլ չէ. շուտով կպարզվի, երբ ԳԹԿ-ն տվյալները վերցնի, որպեսզի այդ դիմորդները երկու տեղ՝ և ՀՀ, և Արցախի բուհերի ցուցակներում միաժամանակ հայտագրված չլինեն։ Ճշտումները հիմա կատարվում են։

Յուրի Քարամյանը տեղեկացրեց, որ արդեն որոշված են քննական կենտրոնները։ Ներբուհական քննություններով ընդունվող դիմորդները քննությունները հանձնելու են այն բուհերում, որտեղ հայտագրվել են, իսկ միասնական քննություններն անց են կացվելու վեց քննական կենտրոններում՝ Ստեփանակերտի հ. հ. 1,  2,  5,  6,  7  հիմնական և հ. 8 միջնակարգ դպրոցներում։ Միասնական քննություն է հանձնելու 826 դիմորդ։ ԳԹԿ տնօրենի հավաստմամբ՝ քննությունները կազմակերպվելու են մեծ դահլիճներում, և ապահովված են լինելու կարանտինային պայմաններում պահանջվող սոցիալական հեռավորության պահպանման կանոնները։ 6 քննական կենտրոններում առավելագույնը 60 դիմորդ լինելու է միայն մեկ դեպքում, իսկ մնացած դեպքերում քննություն հանձնողների թիվը կազմելու է 16-ից 40։ Քննությունները կսկսվեն հուլիսի 2-ից։

Ամենից շատ դիմորդները մաթեմատիկա առարկայից են՝ 300 հոգի։ Ամեն տարի հայոց լեզու քննություն հանձնողներն էին շատ« որովհետև«  մասնագիտականից բացի« քննություն էին հանձնում տնտեսագիտական, իրավագիտության բաժինների դիմորդները։ Քանի որ այս տարի դիմորդները հանձնելու են մեկ քննություն, հայոց լեզուն շատ մասնագիտությունների համար արդեն մրցութային չէ։ Իսկ մաթեմատիկայի քննությունը, ինչպես եղել է նախորդ տարիներին, այս տարի էլ պահպանվել է տնտեսագիտական մասնագիտությունների համար։  Նույն պատճառով կրկնակի և եռակի պակասել է օտար լեզու և մի շարք այլ մասնագիտություններով քննություն հանձնողների թիվը։

Արցախի պետական համալսարանում այս տարի էլ ամենավարկանշայինը ֆինանսներ և իրավագիտություն մասնագիտություններն են, համապատասխանաբար՝ 84 և 73 դիմորդ, ՆԶՊ և ֆիզիկակական պատրաստություն՝ 64, անգլերեն՝ 48, տարրական մանկավարժության մեթոդիկա՝ 43, հայոց լեզու՝ 37։ Ինչպես հասկանում ենք, այստեղ մրցույթ լինելու է։ Իսկ մի շարք մասնագիտություններում ընդհանրապես մրցույթ չի լինելու. այսպես՝ քիմիա մասնագիտության  դիմել է 2 հոգի, ֆիզիկա՝ 5, մաթեմատիկա՝ 8։ Սրանք առաջին տողով հայտագրվածներն են։ Յու. Քարամյանի խոսքով՝ մաթեմատիկա մասնագիտության դիմորդները առաջին հայտով միշտ քիչ են լինում, բայց հետո համալրվում են։ Նույն ձևով էլ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությունն է, որտեղ հիմա առաջին հայտով 9 հոգի են, բայց համալրվելու են  տնտեսագիտական և կառավարում մասնագիտություններից մրցույթից դուրս մնացածների կամ կտրվածների հաշվին։ 

Մրցույթը մեծ է լինելու ՀՀ բուհերում Արցախին հատկացված տեղերի համար, որտեղ 60 անվճար և 29 վճարովի տեղերի համար հայտագրվել է 162 դիմորդ։ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվճար և 10 վճարովի տեղերի համար դիմել է 42 հոգի։  <<Միջազգային հարաբերություններ>>-ում ունենք 3 տեղ, հայտագրվել 6 հոգի, տեղեկատվական անվտանգության 1 տեղի համար՝ 8 հոգի։ Մեծ մրցույթ է սպասվում նաև ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա  մասնագիտության գծով. 2 տեղի համար պայքարելու է 10 հոգի։ Մրցույթ լինելու է ճարտարագիտական համալսարանի ճարտարապետության բաժնում. 1 տեղի համար պայքարելու է 4 հոգի։ Տնտեսագիտական համալսարանի շուկայագիտության բաժնում 1 անվճար և 3 վճարովի տեղերի համար կա 12 դիմորդ։ Բրյուսովի անվան համալսարանի միջմշակութային հաղորդակացություն,  անգլերեն լեզու մասնագիտության 1 տեղի համար պայքարելու է 7 դիմորդ։ <<Կարևոր մի  մասնագիտության համար՝ բնապահպանություն և բնօգտագործում, որը շատ պահանջված է ներկայում, զարմանում եմ, որ հայտագրվող չի եղել>>,- ասաց Յու. Քարամյանը՝ հավելելով, որ մեկ ազատ տեղ էլ մնացել Հայաստանի ազգային ագրարային համալսարնում։

Այնպես որ, ընդհանուր առմամբ, ՀՀ բուհերում Արցախին հատկացված տեղերը, բացառությամբ այս երկու դեպքի, հայտագրված են, և հույսը քիչ է, որ թափուր տեղեր շատ կլինեն։

Ընդհանրապես, այս տարի, ինչպես խոստանում են կրթության պատասխանատուները, կառավարության որոշմամբ նախատեսված տեղերից ավել դիմորդներ չեն ընդունի, մանավանդ որ ԱՀ նախագահի խոստման համաձայն վճարովի տեղերում ընդունվածները կսովորեն անվճար հիմունքներով։

Դիմորդների համար մեկ այլ հրապուրիչ նախագիծ էլ կա. ինչպես տեղեկացնում են ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից, ստեղծվում է <<Իվան Աթայան>> կրթական ֆոնդ, որը ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ է սահմանելու արցախցի այն դիմորդների համար, ովքեր կրթություն կստանան ԱրՊՀ-ում և ՀՀ բուհերում ֆիզիկա և քիմիա առարկաներից։ Կրթաթոշակից կօգտվեն այն ուսանողները, որոնք կստորագրեն ԱՀ  ԿԳՄ-ի հետ պայմանագիր առ այն, որ պարտավորվում են աշխատել Արցախում համապատասխան մասնագիտությամբ։

Ներկա պահին այդ բաժիններ քիչ են դիմել, բայց, ամենայն հավանականությամբ, բժշկական համալսարանից մրցույթից դուրս մնացածները կդիմեն այստեղ, քանի որ 2-րդ, 3-րդ հայտերով արդեն հայտագրվել են։

Իսկ թե ինչու գայթակղիչ այս առաջարկը միանգամից չի հրապուրել դիմորդներին, Յու. Քարամյանը հետևյալ կերպ է մեկնաբանում. <<Դիմորդները, ծնողների հետ, արդեն 2-3 տարի առաջ կողմնորոշված են լինում։ Կրթական այս նախաձեռնությունը ավելի լավ  կաշխատի հաջորդ տարի, երբ համոզվեն, որ ծրագիրը գործում է>>։