[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որ  հուլիսի 4-7-ը շրջայց է կատարում ՀՀ մարզերում, Սյունիքից հետո այցելեց Արցախ և ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունում հանդիպում ունեցավ գերատեսչության պատասխանատուների հետ։ Ներկա էին նաև բուհերի ռեկտորներ։

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը ողջունեց հայաստանյան գործընկերոջ այցը՝ նշելով, որ նրա հետ հանդիպումը խիստ պահանջված է, քանի որ ոլորտում կուտակվել են մի շարք հրատապ հարցեր, և համատեղ քննարկման անհրաժեշտություն կա։ Մասնավորապես, այսօր Արցախի ԿԳՄ նախարարության օրակարգում է կենդանի և առցանց ուսումնական գործընթացի կազմակերպումը։ Տեղեկացրեց, որ Արցախում մտադիր են սեպտեմբերի 1-ից  առկա ուսուցում կազմակերպել մինչև հարյուր աշակերտանոց դպրոցներում, իսկ հարյուրից ավելի աշակերտներ ունեցող դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպել երկհերթ։ Մանկապարտեզներում այս պահին դեռ ընդունելություն չեն նախատեսում և որոշել են խմբերը նոսրացնել։ Նշեց, որ հանրակրթության դաշտում ստեղծել են միասնական հարթակ, որով հեշտ կլինի դպրոցների վերահսկողությունը։ <<Covid-19-ը>> ցույց տվեց համակարգի մի շարք թերություններ, բայց նաև մի շարք հարցեր լուծեց։ Կրթության համակարգը իրադրական արձագանք տվեց,  թերություններ կային, բայց ընդհանուր առմամբ ձախողված համարել չի կարելի>>,- ասաց Լ. Ղարախանյանը։

Տեղեկացրեց նաև, որ կյանքի է կոչվում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագիրն անվճար կրթության մասին։  Ձեռնարկվում են միջոցներª խթանելու բնագիտական առարկաները և այդ շարքից մատնանշեց <<Իվան Աթայան>> հիմնադրամի ստեղծումը։ Լ. Ղարախանյանը մտահոգություն հայտնեց Հայաստանում <<Հայ եկեղեցու պատմություն>> առարկան դպրոցի առարկայացանկից հանելու որոշման առնչությամբ, որով, ըստ նրա, բաց տարածք կմնա բարոյագիտության առումով։ 

ՀՀ  ԿԳՄՍ  նախարար Ա. Հարությունյանը, անդրադառնալով հարցերին, ասաց, որ ՀՀ-ում նույնպես քննարկվում է փոքրաքանակ դպրոցները սեպտեմբերի 1-ից բացելու հնարավորությունը։ <<Սոցիալացումը շատ կարևոր է դպրոցում. մենք կարծում ենք, որ հեռավարը դպրոցներում ստեղծված իրավիճակում հնարավորություն է, քան՝  այլընտրանք, որովհետև առկա ուսուցումը դպրոցներում շատ ավելի կարևոր է, և պետք է ձգտենք, որ հեռավարը դպրոցներում նվազագույնի հասցնենք>>,- ասաց նա։

Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ ուսուցիչների աշխատանքը թղթաբանության առումով թեթևացնելու նպատակով նոր ուսումնականից ամբողջությամբ անցնելու են էլեկտրոնային մատյանների։ Նշեց, որ այսօր քննարկումներ են ընթանում հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ։ <<Եթե մենք չունենանք նման բարեփոխումներ  հանրակրթության ոլորտում, այս վիճակից երբեք դուրս չենք գա>>,-ասաց նա՝ հավելելով, որ դա մի քանի փոփոխություններ է ենթադրում։ Մասնավորապես մեծ հնարավորություն է տրվում դպրոցին և ուսուցչին ստեղծագործելու՝ հասնելու վերջնարդյունքի, ինչը նրա համոզմամբ՝ հնարավորություն կտա դպրոցներին լուրջ զարգացում ունենալ։ 

 2022 թվականից հանրակրթական դպրոցներ  մուտք կգործեն նոր դասագրքեր։ Այս տարվա աշնանը դասագրքերի ստեղծման մրցույթ կհայտարարվի։ Անդրադառնալով <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկային՝ Ա. Հարությունյանն  ասաց, որ այն այլևս օրակագից դուրս է եկել, չնայած որոշ շրջանակներ փորձում են այդ ուղղությամբ լարվածություն մտցնել. <<Հայ եկեղեցու պատմությունը>> մեր պետության և ժողովրդի պատմությունից դուրս չենք տեսնում, և ըստ  էության, դա մեկը մյուսի շարունակությունն է, և պետք է լինի մեկ առարկա>>։

Բուհերում ուսումնական գործընթացը կազմակերպելու առիթով նշեց, որ հիմա քննարկվում է մագիստրոսական, ինչու չէ՝ նաև բակալավրիատի որոշ  ծրագրեր ամբողջությամբ հեռավար մեթոդով դասավանդելու հնարավորությունը։  Նրա դիտարկումներովª Հայաստանը և Արցախը միջինից բարձր պատրաստականություն ունեն հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ <<Ամենազարգացած երկրները լուրջ խնդիրներ են ունեցել հեռավարը կազմակերպելու հարցում։ Բայց մենք՝  որպես փոքր պետություններ, կարողացանք դա շատ ավելի հեշտ անել>>։ 

ՀՀ նախարարն անդրադարձավ նաև համավարակի պայմաններում մշակութային քաղաքականությանը։ Ընդունեց առաջարկը՝ այդ հարցով լայն քննարկում ծավալել և ասաց, որ միգուցե հենց Արցախում համատեղ կազմակերպեն այն։