ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Աշխարհը պարուրած ու մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա իր բացասական ազդեցությունն ունեցող համավարակի հետևանքով համեմատաբար առավել խոցելի վիճակում է հայտնվել մշակույթի բնագավառը։ Արցախյան մշակութային մի շարք օջախներ՝ հանպատրաստից իրենց գործունեությունը փորձում են համապատասխանեցնել նախադեպը չունեցող արտակարգ իրավիճակի պայմաններին ու պահանջներին։ Զբոսաշրջության հետ մեկտեղ թագավարակը գրեթե գործունեության զրոյական հնարավորություն է թողել նաև թանգարանների համար։
Շուշի քաղաքի թանգարաններն ամեն տարի այցելուների թվի շարունակական աճ էին արձանագրում։ ՙՇուշի քաղաքի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստաբան Լուսինե Գասպարյանի հաղորդմամբ՝ մինչ կորոնավիրուսի համավարակը՝ 2019 թվականին, մասնավորապես Կերպարվեստի պետական թանգարանն ունեցել է 5043, Երկրաբանության թանգարանը՝ 7515, իսկ Շուշիի պատմության թանգարանը՝ 6516 այցելու։ Ներկայումս թանգարանները դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը և հնարավորինս փորձում են ներկայանալ առցանց տիրույթում։ Անդրադառնալով թագավարակով պայմանավորված իրավիճակի բացասական ազդեցությանն ու Շուշիի թանգարանների գործունեության ներկա ձևաչափի ընձեռած հնարավորություններին ու խոչընդոտներին, Լուսինե Գասպարյանը հավաստիացրել է, որ, վերակազմակերպելով աշխատանքային ձևաչափը, մշակութային ու պատմական արժեքների այս պահոցները շարունակում են մնալ գիտելիքի, տեղեկատվության հասանելի աղբյուր.
- Համաշխարհային ճգնաժամը չի կարող խաթարել մեր թանգարանների առաքելությունը։ Ժամանակակից մեդիան մեզ հնարավորություն է տալիս առցանց տիրույթում կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ։ Փոքրիկների համար կազմակերպում ենք առցանց մրցույթներ։ Ներկայացնում ենք տարբեր նախագծեր, օրինակ՝ արցախցի գեղանկարիչների աշխատանքների ցուցադրում։ Ներկայացնում ենք մեր թանգարանի ցուցանմուշի էջը։
Արտակարգ այս իրավիճակին համաքայլ գործունեության ձևաչափերի հնարավոր տարբերակների վերաբերյալ արցախցի արվեստաբանն ուրույն տեսակետ ունի.
- Մշակութային գործունեությունը պետք է բնական ձևաչափով լինի, ինչքան էլ փորձենք առցանց միջոցառումներ կազմակերպել կամ նախագծեր իրականացնել, կարծում եմ՝ դա պետք է ժամանակավոր բնույթ ունենա։ Մշակույթի, բարձր արվեստի հետ պետք է անմիջական շփում։ Հուսամ, որ շուտով մենք կանցնենք բնականոն կյանքի, և թանգարաններն այցելուների պակաս չեն ունենա։
ՙՇուշի քաղաքի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի հավաստմամբ՝ համավարակի տևական շարունակության դեպքում Շուշիի թանգարաններն ընդունել են մեր ժամանակների լրջագույն այս մարտահրավերն ու վճռականությամբ շարունակելու են գործունեությունը՝ ըստ ժամանակի թելադրած պահանջների, կատարելագործելով մասնագիտական հմտությունները։
Առցանց տիրույթում իրենց գործունեությունը փորձում են շարունակել նաև մշակութային մի շարք այլ կոլեկտիվներ ու օջախներ։ Բնականաբար, մշակութային բնագավառի գործունեությունը, ժամանակի մարտահրավերով թելադրված ձևաչափերով վերակազմակերպելը համապատասխան տեխնիկական հնարավորություններ ու հմտություններ են պահանջում։ Որքանո՞վ է մեր մշակութային բնագավառին ու գործիչներին հաջողվում դիմակայել։ Ինչպիսի՞ դրական և բացասական ազդեցություն ունի կորոնավիրուսային արտակարգ իրավիճակը մշակութային գործիչների կենսագործունեության վրա։ Այս թեմաների շուրջ պատասխանները մենք կշարունակենք ներկայացնել հատուկ շարքով՝ ՙԱզատ Արցախ՚-ի էջերում։
;