ԱՌՑԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հուլիսի 15-16-ը Շուշիում անցկացվեց ՙԱդրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն /իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան/՚ խորագրով առցանց միջազգային գիտագործնական համաժողով` նվիրված Շուշիի հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն պետք է կայանար ս.թ. մարտի 23-ին, սակայն հայտնի պատճառներով հետաձգվել էր:
Գիտաժողովի կազմակերպիչներն են ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, ՙՄշակույթ և ապագա՚ հիմնադրամը (Ռուսաստան):
Համաժողովի բացումից առաջ ներկայացվեց ՙՇուշին պատմական լուսանկարներում և արխիվային փաստաթղթերում՚ Հայաստանի պետական արխիվի ցուցահանդեսը:
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որում մասնավորապես ասվում է. ՙՆման թեմաներով հետազոտությունների և միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է առաջին հերթին մեր ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններն ավելի խոր ու համապարփակ ուսումնասիրելու, դրանց պատճառներն ու հետևանքները վեր հանելու և բազմակողմանիորեն վերլուծելու և, իհարկե, այդ ամենից դասեր քաղելու առումով: Իսկ այդ դասն անկասկած մեկն է` հավատալ ու ապավինել սեփական ուժերին, լինել հզոր ու միասնական, աչքի լույսի պես պահել ու պահպանել մեր պապերի հողը և կառուցել հուսալի ապագա գալիք սերունդների համար: Շուշին հայ ժողովրդի ճակատագրի կրողն է ու մարմնացումը: 1920թ. Շուշիում հայ բնակչության զանգվածային կոտորածները Հայոց ցեղասպանության շարունակությունն են: Այդ ցեղասպանական գործողությունները շարունակվեցին, քանի որ չստացան համապատասխան իրավական ու քաղաքական գնահատական միջազգային հանրության կողմից: Հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ու ֆաշիստական քաղաքականությունը չի փոխվել նաև այսօր: Մենք պարբերաբար ականատես ենք պաշտոնական Բաքվի հայատյաց ու սադրիչ գործողություններին ողջ հայության դեմ: Արցախում, Հայաստանում և արտերկրում: Սակայն մենք այլևս երբեք թույլ չենք տա, որ կրկնվեն 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունները: Դրա երաշխիքը հայոց զինված ուժերն են՚:
Համաժողովը ներածական խոսքով բացեց պատմական գիտությունների թեկնածու, ԱՀ ԿԳՄ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը` նշելով, որ Ադրբեջանի կողմից հաճախակի կրկնվող սադրիչ գործողությունները, նրա ղեկավարության հակահայկական ու ռազմատենչ հռետորաբանությունն այս պահին էլ վկայում են, որ Ադրբեջանի նպատակներն ու գործելաոճը չեն փոխվել:
Գիտաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ իրենց խոնարհումը բերեցին և հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար Տավուշի դիրքերում նահատակված մեր զինվորականներին:
Ներկայացվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ողջույնի խոսքը: Ողջույնի խոսք ասացին նաև ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ցեղասպանագետ Թեսսա Հովմանը: Օրհնանքի խոսք ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Լիագումար նիստում լսվեցին ՙՇուշիի ավերումը. պատմություն և դասեր՚ / Արամ Սիմոնյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն/, ՙՄիջազգային հարաբերությունները 1918-1920թթ. և հայերի ողբերգությունը Շուշի քաղաքում. դասերը և հետևանքները՚ /Վալերի Ավանեսյան- ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր/, ՙԱդրբեջան. հիվանդության պատմություն (ցեղասպանական քաղաքական վարքի ձևավորումը)՚ /Ալեքսանդր Մանասյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ/, ՙԺողովրդագրական գործընթացները Շուշիում 19-րդ դարից մինչև մեր օրերը՚ /Վահրամ Բալայան-ԱրՊՀ, պ. գ. դ., պրոֆեսոր/, ՙՀայոց ցեղասպանությունը Շուշիում և ժամանակակից աշխարհաքաղաքականությունը՚ Վիկտոր Նադեին-Ռաևսկ- /Վ.Բ. Արծրունու անվան Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, IMEMO RAS-ի ավագ գիտաշխատող (Ռուսաստան)/ զեկուցումները: ՙԼեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության, կոտորածների, ջարդերի զանգվածային փաստերի և Ադրբեջանի Հանրապետությունում ահաբեկչության և հայատյացության ժամանակակից քաղաքականության ակունքները. պատմասոցիոլոգիական տեսանկյուն՚ Վիկտոր Կրիվոպուսկովի /գտնվում էր հիվանդանոցում/ զեկուցումը կներառվի գիտաժողովի նյութերի հրատարակվելիք ժողովածուում:
Գիտաժողովն այնուհետև իր աշխատանքները շարունակեց մասնախմբային նիստերում: