ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՀԱՎԵՐԺ ՄՆԱՑԻՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ…
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Զրույց լեզվաբան, Սևանի Վազգենյան դպրանոցի դասախոս, լրագրող Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ հետ
- Ե՞րբ հասկացաք, որ Արցախ չգալն այլևս անհնար է…
- ՙՎաղը գնում եմ Ղարաբաղ՚: Այս երկտողն էի թողել ՙՀայք՚ պաշտոնաթերթի խմբագրությունում 1992-ի հուլիսի սկզբին՝ Ստեփանակերտ մեկնելուց առաջ։ Որքան պաթետիկ ու վերամբարձ է հնչում այսօր գրածս… Բայց երևի ժամանակն էր այդպիսին՝ վիթխարի տեղաշարժերի, պարտությունների ու հաղթանակների։
- Ինչպե՞ս ծնվեց Ձեր ՙՂարաբաղ Դարավերջ՚ գիրքը։
- Դրանք ներառում են տպագիր հոդվածներ, հարցազրույցներ, ռադիո ու հեռուստահաղորդումներ, հարյուրավոր անտիպ էջերի ու ձայնագրությունների վերծանումներ։ Ակնարկներիս հերոսներից շատերը հավերժ մնացին բարձունքներում, մյուսների ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին՝ երկրի նախագահից մինչև նախարարներ, ազգային հերոսներից մինչև բանտարկյալ ու մինչև հայոց Սպարապետի անդառնալի կորուստը… Սա է շրջադարձային ժամանակների տրամաբանությունը։ Այն թեև նորություն չէ, սակայն դրա հետ դժվար է հաշտվել։ Տարիներ առաջ էլ համոզված էի, որ կգա մի պահ ու Ղարաբաղում տեսածս մանրամասն կգրեմ։ Չստացվեց։ Իսկ ժամանակը սրընթաց հեռանում էր այն օրերից։ Թերթի էջերում, անշուշտ, անհնար էր ներկայացնել այն ամենը, ինչի ականատեսն էի Ղարաբաղում։ Եվ այսօր, անդրադառնալով այն ժամանակներին, կարող եմ ասել, որ շատ ասելիք կար, որ չգրվեց, որովհետև այդ մասին գրել չէր կարելի՝ պատերազմ էր։
- Թեկուզ վերապահումներով, այդուհանդերձ գրեցիք…
- Գրեցի… Պատերազմի տարիներին գրվածը՝ 20-րդ դարի վերջացող ժամանակի, Հայաստան՝ Ղարաբաղը ներառյալ, երիտասարդ պետության և նրա հերոսների պատմությունն է, թերևս սուբեկտիվ, բայց իրական։ Այդ տարիներին գրվածները նաև երիտասարդ Հայաստան պետության հիմնադիրների մասին են, որոնք մեր ժողովրդի հետ ձեռք ձեռքի կերտեցին հաղթանակը։ Ժամանակի մասին է, որ վստահ եմ, գալիք սերունդները կգնահատեն` որպես մեր պատմության փայլուն էջ։
- Ի դեպ, որպես պատերազմական արահետներով քայլած մեկը, ինչպե՞ս կգնահատեիք Ժամանակը։
- Այդ ժամանակի անվրեպ բնութագիրն էր տվել դեռևս 1994 թ. Մարտակերտում Վազգեն Սարգսյանը. ՙԵս այն մարդկանցից եմ, որոնց համար Հայաստանի բանակ, Ղարաբաղի բանակ՝ տարբերություն չկա, որովհետև այդ բանակների հիմնադիրներից մեկն եմ, ինձ կներեք։ Որովհետև բոլորդ ինձ համար մեկ եք… Չկա տարբերություն։ Տարբերությունը քաղաքականության համար է։ Մենք հո՞ գիտենք, որ այդպիսի տարբերություն չկա, կա մի բանակ՝ Հայաստանի, հայկական բանակ։ Էդ բանակում կան վատ կռվող ուժեր, կան շատ լավ և վատ կռվողներ, բայց երկու Հայաստան չկա, կա մի Հայաստան։ Երկու տեսակ բանակ չկա, կա մի բանակ, մի Հայաստան՝ Ղարաբաղն էլ՝ մեջը։ Ու դուք դրա համար եք կռվում, բոլորս դրա համար ենք կռվում։ Նորից եմ ասում, եթե քաղաքական նկրտումներով չենք կարող թերթերում գրել, աշխարհով մեկ հայտարարել, ապա մենք այդ բանը պետք է իմանանք հարյուր տոկոսով։ Եւ փառք Աստծո, որ չենք աղաղակում։ Մեր ազգը վերջապես սովորեց, մեր ժողովուրդը վերջապես սովորեց ավելի շատ գործ անել, քան խոսել։ Խոսելու ժամանակը միշտ կգա՚։
- Այսօր ունե՞ք մեր երազած երկիրը, այն երկիրը, որ փափագել են մեր Մեծ Ճանապարհի Նահատակները։
- Միանշանակ, դժվար է ասել, արդյոք, մեր ստեղծած հայկական պետությունն ա՞յն է, ինչ երազում էինք 1988-ին Թատերական հրապարակում ՙՄիացում՚ վանկարկելով։ Մեր երազած Հայաստանը՝ օրինապահ, արդար, բարգավաճ և հեռատես։ Սա է մեր բոլորիս անցած իրական ճանապարհը՝ վերելքներով ու անկումներով, առանց առասպելական տեսլականների՝ դժվար ճանապարհը։ Պատմությունը սրբագրելու ջատագովներ միշտ էլ եղել են։ Այսօր էլ կան։ Հետպատերազմյան սինդրոմը, ցավոք, չշրջանցեց իմ նախնյաց երկիրը, և պատահեց այն, ինչի ականատես եղանք հետագա տարիներին։ Սակայն 1988-ից առայսօր անցած մեր դժվարին ճանապարհի արդյունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, նրա ներկան ու էլ առավել՝ ապագան, որին անվերապահորեն հավատում եմ։ Պատերազմից հետո էլ բազմիցս եղել եմ Արցախում։ Բարեբախտաբար, այլևս հաճախակի այցելության կարիքը չկա։ Հուսանք՝ չի էլ լինելու։ Այսօր էլ Արցախն ուշադրության կենտրոնում է՝ իր զարգացման ընթացքով, հակասություններով, ակնառու առաջընթացով։ Կյանքը շարունակվում է։ Եվ մեր բոլորի կամքից ու ջանքերից է կախված, որ 21-րդ դարը մերը լինի, ինչպես հավատում էր Վազգեն Սարգսյանը։