ՉԻ ԵՂԵԼ ԳԻՇԵՐ, ՈՐ ՉԻ ԼՈՒՍԱՑԵԼ…
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ծնվել է Գյումրիում: Նա 88-ի երկրաշարժի և Արցախյան պատերազմի մորմոքն իր մեջ կրողն է: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, լիամետրաժ երեք ֆիլմ` ՙԹևանիկ՚, ՙՎերջին բնակիչը՚, ՙԴրախտի դարպասը՚, այժմ էլ ընթանում է նոր ՙՎերածնվածը՚ ֆիլմի նկարահանման աշխատանքները: Իր ֆիլմերի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Ինձ համար շատ հուզական, շատ հետաքրքիր պահ է, որ փաստացի հիմա հարցազրույց եմ տալիս մի մարդու, ով, լինելով իմ հարևանը, երկար տարիներ կողք-կողքի ապրել ենք, շատ դժվարություններ ենք կրել միասին: Եվ շատ ուրախ եմ, որ այսօր ազատ և անկախ Արցախում կարող ենք նստել ու խոսել անցյալից, ապագայից և, առհասարակ, տարբեր դիպվածներից: Սա ինձ համար իսկապես մի գեղեցիկ զգացողություն է: Շնորհակալ եմ հնարավորության համար:
Հիշողություններ կան, որոնք շատ ավելի խորն են միշտ մնում մարդու մեջ: Դրանք քեզ հետ գալիս են մինչև վերջ: Դրանք այն հիշողություններ են, որոնք այլևս չես կարող պարզապես հիշողություններ ասել, դրանք սկսում են քո կյանքի անբաժանելի մասը կազմել, որովհետև նրանց ազդեցությունն ամեն հնարավոր հաջորդ օրվա հետ մեծանում է: Դու որքան էլ որ ապրում ես շատ ավելի անկաշկանդ կյանքով, իսկ ես հիմա կարող եմ ինձ թույլ տալ ասելու, որ շատ ավելի անկաշկանդ կյանքով եմ ապրում, ազատ եմ ու մասն եմ հայ ժողովրդի պատմության վերջին շրջանի, և կարող եմ իմ այդ փոքրիկ հաջողության մասին խոսել իմ արվեստով: Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ կատարում եմ իմ սիրած աշխատանքը: Աշխարհն այնքան քաոսային է հիմա դարձել: Մարդիկ ապրում են ֆեյք կյանքով, այսինքն` եթե մարդը պահանջ ունի դիմացինին վիրավորելու, ապա ես նրան կորուսյալ հոգի եմ անվանում: Ես երջանիկ եմ, որ ստեղծագործում եմ, և իմ ասելիքը փորձում եմ ասել ֆիլմերի միջոցով: Ֆիլմն իմ արտահայտչամիջոցն է: Սիրում ու հպարտանում եմ նրանով, ինչ ունեմ: Պատերազմի չեմ մասնակցել, բայց ես նրա լուռ վկան եմ եղել: Տեսել եմ շատ անքուն գիշերներ կամ մոմի լույսի տակ լուսացող գիշերներ: 88-ից այս կողմ իմ հիշողության մեջ մնացել է պատերազմը, դրանից ավելի վաղ երկրաշարժը: Այդ ժամանակ ես շատ փոքր էի, ես ավելի ուշ եմ սկսել խորությամբ հասկանալ կատարվածը: Երկրաշարժը հետհայաց ապրեցի, իսկ պատերազմը գիտակից էի` պատանի. 91-ին տասը տարեկան էի: Ինձ միշտ հարցնում են` քո մանկությունից նկար կա՞: Ես ասում եմ` ոչ, որովհետև ես մանկություն չեմ ունեցել: Հիշում եմ` երբ երկրաշարժից ժամեր անց եղբայրս` Մհերն ինձ գտավ, հետո քրոջս` Նառային, և ինչ-որ մեկն ասաց, որ ձեր հայրը ձեզ է փնտրում: Աղոտ հիշում եմ փլատակները, քաոսային այդ վիճակը: Հետո երեկոյան մեզ մոտ բերեցին վիրակապերով մի կնոջ` մայրս էր: Երկրաշարժից ամիսներ անց տեղափոխվեցինք Արցախ: Մեր սերունդը շատ արագ է մեծացել: Այդ հիշողությունները ընդմիշտ քեզ ուղեկցում են: Այստեղ կարևորը հստակ և ազատ նայելն է այդ ամեն ինչին, չկաշկանդվելը, արտահայտվելը, իմ պարագայում` ֆիլմերի միջոցով: Կա մի ֆիլմ, որը դեռ մշակում եմ, այն կոչվում է` ՙԵրկու տոմս դեպի Արիզոնա՚: Միգուցեև այդ հուշերը այդ ֆիլմում ինչ-որ ձևի կընդգրկվեն:
Աշխարհի ավելի քան 40 երկրում եմ եղել, տարբեր մշակույթներ ու սովորույթներ, տարբեր ազգերի ու կրոնների մարդկանց հետ եմ շփվել, գործակցել, ու ես հասկացել եմ, որ այս ամենի հորձանուտում որքան ազնիվ ու ճիշտ էինք մենք մեր պայքարի ժամանակ: ՙՎերջին բնակիչը՚ ֆիլմում մի այսպիսի արտահայտություն կա` դրախտավայրն այնտեղ է, որտեղ դու ծնվել ես: Մեր երկիրն իսկապես դրախտ է, դիցուկ` երկրներ կան, որ խմելու ջուր էլ չկա, իսկ այստեղ մարդիկ ավտոմեքենաներն են խմելու ջրով լվանում: Երկրներ կան, որոնք օդի աղտոտվածությունից մարդիկ ահավոր հիվանդություններ են ձեռք բերում: Մենք երջանիկ ենք, որ այս երկրում ենք ծնվել: Իմ ֆիլմերում արտահայտում եմ իմ հոգու ամենախորն ասելիքները, և դա ինձ ազատ է արձակում: Հիշողությունները քեզ չեն թողնում, որ դու ծուլանաս, հանձնվես: Կա հավերժ պայքար, և այդ պայքարը կավարտվի, երբ դու ուղղակի հոգնես: Ամեն ինչ ծրագրաված այս Google-ի աշխարհում ամենահետաքրքիրն, իմ կարծիքով, մարդն է, ավելի ճիշտ` մարդն ընտրության մեջ: Երբ մենք մեր հարմարավետության մեջ ենք ընտրություն կատարում, դա ընտրություն է հանուն գոյատևման: Ես հիշում եմ, երբ ուղղաթիռը երկինք էր բարձրանում Ստեփանակերտի մարզադաշտում, այնտեղ փախստականներ կային, և հայրը պիտի որոշեր, թե երեխաներից որ մեկին պիտի փրկի, որին` վտանգի մեջ պահի, քանի որ ուղղաթիռում տեղ չկար: Մարդը ծայրահեղ և ճակատագրական որոշման մեջ: Այսպիսի բաները կյանքում ողբերգություն են, ֆիլմում` արվեստ: Իմ հերոսներից բոլորն էլ ընտրություն են կատարում: Որևէ մեկը չգիտի ինքն ինչպես կվարվի օրհասական ժամին: Դու պայքարելու, ապրելու, արարելու ժամանակ ունես, պետք է չծուլանաս: Մարդը չպիտի մոռանա, թե ինքն ինչ խմորից է: Այլապես նա պարտված է: Նա անորոշ կերպար է դառնում, նրա ոտքերը երերուն են։ Ես միշտ մտածում եմ՝ ի վերջո մեր արմատները մեզ ո՞ւր են տանում։ Հասկանում եմ, որ դրանք մեզ դեպի Արարատն են տանում։ Եթե մի հայ սա չի կարևորում, ուրեմն նա մոռացել է, թե ինքն ինչ խմորից է։ Եթե հիշում ես քո մանկության տան ճանապարհը, ուրեմն դու չես մոռացել՝ ով ես դու։ Իմ նոր ՙՎերածնվածը՚ ֆիլմում գլխավոր հերոսներից մեկը որոշում է կայացնում լքել, թողնել ու հեռանալ իր ծննդավայրից։ Մեկը նրան հարցնում է՝ ինչո՞ւ ես հեռանում, նա պատասխանում է՝ սկսել եմ մոռանալ իմ տան ճանապարհը։ Կարևոր չէ` դու որտեղ ես ապրում՝ միգուցե Նյու Յորքում, միգուցե Լոնդոնում, անկախ նրանից, թե քո գրպանում որքան գումար ունես, ինչքանով ես հարգի քո շրջապատում, չպետք է մոռանաս քո տան ճանապարհը, այլապես դու կորսված ես, ուղղություն չունեցող մարդ։ Դու գիտես որտեղից ես եկել, և որն է քո վերջին հանգրվանը։ Հիշողություններիդ հետ պետք է հաշտ ապրես և, ի վերջո, դրանք վերածես մատերիայի։ Պատերազմից հետո կյանքը մտավ բաց փուլ, այդ շրջանը ես այդպես եմ անվանում։ Լավ հիշում եմ, որ այդ ժամանակաընթացքում շատ դժվարությունների բախվեցինք, հիշում եմ, որ նույնիսկ երկարաճիտ կոշիկ չունեի՝ ձմեռը հագնելու համար։ Չեմ կաշկանդվում դրա մասին պատմելով։ Այդ հիշողությունները փորձում եմ հնարավորինս կառավարել։
Երանի ես չլինեմ, բայց իմ ֆիլմերը լինեն։ Ամենաերկարակյացը և հավերժի ճամփորդը արվեստի գործերն են։ Հնարավոր է նույնիսկ ստեղծես մի ֆիլմ, որը հարյուր տարի էլ չհասկանան, բայց նա ապրի, հետո միայն այն սկսի ճախրել։ Արվեստում կարևոր մի բան կա և, ընդհանրապես, ցանկացած գործում՝ պետք է նախանձ չլինես։ Արվեստը նախանձին չի ընդունում։ Ամեն առավոտ ես սպանում եմ իմ մեջ ապրող նախանձին, ծույլին. այդպես ես կարողացել եմ ճանապարհ հարթել։ Ամեն առավոտ հանիր քո մեջ եղած նեգատիվը ու առաջացիր։ Չպետք է ասես՝ նա երջանիկ է՝ դրա համար հաջողում է։ Ինքդ երջանիկ եղիր ու հաջողիր։ Սովորիր ապրել։ Առողջ ու գործունյա մարդը չի բողոքում։ Խոչընդոտներ շատ կան, խանգարողներ` նույնպես, բայց կրկնակի շատ կլինեն քեզ քաջալերողները։ Ո՞ւմ են քաջալերում. նրան, ով քայլեր է ձեռնարկում։
Ես ներշնչվում եմ իմ ընտանիքից, իմ տնից, Խաչմաչ գյուղի իմ պապական տան պատշգամբից դեպի անվերջ հորիզոնին նայելուց, Ստեփանակերտի փողոցներով քայլելիս։
Ֆիլմ ստեղծելը պայքար է։ Տասնյակ կինոշուկաներում ֆիլմն առաջ տանելն է պայքար, մարդկանց քո գաղափարի շուրջ հավաքելը, տարբեր մարդկանց ու ֆոնդերի ներգրավելը, բացատրելը։ Առանձին մարդիկ ևս ֆինանսապես աջակցում են։ Մեր բյուջեներն, իհարկե, փոքր են, բայց ՀՀ և ԱՀ կառավարություններն տրամադրում են բոլոր հնարավոր միջոցները, ենթակառուցվածքները։
Երբեք չպետք է վհատվել։ Չի եղել գիշեր, որը չի լուսացել։ Խավարից հետո միշտ էլ լույս կա։ Ես ուրախ եմ իմ ստացած ամեն մի մրցանակի համար։ Հպարտանում եմ ամեն մեկով։ Մրցանակը ևս կարևոր է, որ մարդ քաջալերվի, ոգևորվի։ Միևնույն ժամանակ չպետք է նայես, թե որքան հաճախ կամ սակավաթիվ ես մրցանակներ ստանում։ Դու պարզապես պետք է քո անելիքն անես։ Կարևորը քո արածի արդյունքն է, մնացածը ածանցյալ է, ժամանակավրեպ։ Արվեստը պետք է լույս սփռի, ապրելու ցանկություն տա։