ԹԱԼԻՇԸ` ԳՈՅԱԿԵՐՊԻ ՆՇԱՁՈՂ
Սվետլանա
ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորանքի իր ուղերձը ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը նախընտրեց հղել սահմանամերձ Թալիշի դպրոցից: ՙԻնչո՞ւ Թալիշից. որպեսզի միշտ զգանք սահմանին մոտ գտնվող մարդկանց սրտի տրոփյունը և մեր քայլերը համապատասխանեցնենք դրան, որովհետև թիկունքի մեր գործունեության տրամաբանությունը թելադրում է սահմանը՚,- ասաց նա:
2016թ. ապրիլին ադրբեջանական բանակի իրականացրած ռազմական գործողություններն ստիպել էին թալիշցիներին վերստին լքել իրենց ծննդավայրը: Նրանք սկսեցին հարազատ Թալիշ վերադառնալ հրթիռահրետակոծոթյուններից ավերակված գյուղի վերականգնումից հետո: Գյուղում արդեն բնակություն է հաստատել 50 ընտանիք` 170 բնակչով, իսկ դպրոցում առայժմ սովորում 27 աշակերտ: Փոքրիկ Նանեն, ով դպրոցի միակ առաջին դասարանցին է, գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակ նվեր ստացավ նախարարից:
Դպրոցի բակում կայացած հանդիպմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, համայնքի ղեկավարը: Հավաքվածների մեջ էր բազմազավակ մայր Աննա Դանիելյանը, որը սպասում է իր յոթերորդ զավակին: Առաջին դասարանցի Նանեն նրա հինգերորդ դպրոցական երեխան է, իսկ կրտսերը սպասում է մանկապարտեզի բացվելուն: ՙԹալիշում գրքային հայրենասիրության կարիք չկա: Այստեղ հայրենասիրությունն այլևս կենսակերպ է: Այստեղ հայրենասիրությունն սկսվում է ՙբարի լույս՚-ից մինչև ՙբարի երեկո՚, և իր գործով հերոսանում է յուրաքանչյուրը՚,-ասաց նախարարը:
Լ.Ղարախանյանն այնուհետև ներկայացրեց նախարարության որդեգրած կրթական քաղաքականության մի քանի սկզբունքներ. հետևողական են լինելու ինչպես դպրոցաշինության, այնպես էլ կրթադաստիարակչական ֆորմալ և ոչ ֆորմալ ծրագրերի իրականացման գործում: Կվարվի ապակենտրոնացման քաղաքականություն, հավասարության նշան պետք է դրվի բոլոր դպրոցների աշակերտների միջև: Սահմանի աշակերտը պետք է ունենա նույն հնարավորությունները, ինչ ունի մայրաքաղաքի դպրոցականը. ՙԱյդ հավասարության նշանն է, որ ստեղծում է արժանապատվության զգացողություն՚,- ասաց նախարարը` ընդգծելով, որ ԿԳՄՆ-ն հետևողական է լինելու կրթության որակը մատչելի դարձնելու նաև սահմանային գյուղի դպրոցի համար: ՙՆերկա ժամանակում ամենաթանկ ռեսուրսը և ամենահզոր զենքը գիտելիքն է, և մենք պետք է նախանձախնդրորեն անենք ամեն բան այդ գիտելիքը ձեռք բերելու համար: Մեր գլխավոր խնդիրներից մեկն այսօր կրթության հավասար հնարավորությունների ապահովումն է ամբողջ հանրապետությունում՚:
/ՙԱԱ՚/