ԹԱՏԵՐԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ
Հրապարակի վրա է թատերագետ, լրագրող, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանի ՙՍտեփանակերտի Վ, Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը 1932-2019 թթ.՚ ուսումնասիրությունը:
Անժխտելի ճշմարտություն է, որ մշակույթն իր բազմաշերտ ու բազմաբնույթ փիլիսոփայությամբ ստեղծում են աստվածաշնորհ գործիչները, իսկ նույն այդ մշակույթի պատմությունը սերունդներին են առաքում դարձյալ աստվածաշնորհ մշակութաբանները: Այդպես է արարվել համաշխարհային բազմալեզու մշակույթն ու մշակութաբանությունը, մարդկությանը մղելով դեպի քաղաքակրթության լուսավոր ափերը: Ու հպարտության ամենանրբին ու ոգեշնչող զգացումով կարող ենք բարձրաձայնել, որ մեր հազարամյակների ուղի անցած մշակույթի ազգաբնույթ երևույթներից մեկը Հայոց թատրոնն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 53 թվականին ու ահեղ ժամանակների հարվածները հաղթահարելով հասել մեր օրերին:
Ու երիցս հպարտանալու իրավունքով մենք` արցախցիներս, կարող ենք մեր ձայնը բարձրացնել Հայոց թատերարվեստում, առանձնապես 20-րդ դարում, մեր թատրոնի նկատելի ներդրումների մասին:
Սակայն կա և մի ընդգծելի ճշմարտություն, որ յուրաքանչյուր թատրոն պետք է ունենա իր թատերագետ-տարեգիրը, որպեսզի սերունդներին հանձնի մշակութային այդ օջախի արած-դրած ավանդույթն ու մշտաթարմ դասը: Ու երախտագիտության սրտաբուխ զգացումով կարող ենք հնչեցնել մանկավարժ, գրող, դրամատուրգ, թատերագետ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր աշխատող Իսահակ Սերգեյի Ալավերդյանի անունը, մի գործիչ, որի գրական-գեղարվեստական բարձրարժեք երկերի մոտ մի քանի հատորներ են կազմում մեր թատրոնի անցած ուղու, նրա բեմադրությունների, ականավոր դերասանների ժողովրդանվեր գործունեության մասին գրած թատերախոսությունները, որոնց թիվը հասնում է 200-ի, հեղինակ է ՙՍտեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոն-50՚, ՙԳուրգեն Հարությունյան՚, ՙՄարգո Բալասանյան՚, ՙԲենիկ Օվչյան՚ թատերական մենագրությունների, ինչպես նաև անվանի դերասանների մասին հեղինակած տասնյակ բուկլետների:
Երկարամյա մանկավարժական գործունեությանը զուգընթաց Իսահակ Ալավերդյանը 1968-1990թթ. վարելով Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գրական մասի վարիչի պաշտոնը, իրավամբ դարձել է մեր թատրոնի բազմավաստակ տարեգիրը, գրելով նաև 7 պիես, որոնցից երեքը` ՙՍիրո ճանապարհը՚ (1954), ՙՀողի լեզուն՚ (1958) և ՙԱ՛խ, սեր՚ (1969), բեմադրվել են Ստեփանակերտի թատրոնում` արժանանալով խստապահանջ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Ժողովուրդն իմաստուն է: Իր կենսափիլիսոփայությունից ելնելով ընդհանրացրել է. ՙՊտուղը ծառից հեռու չի ընկնում՚: Այս ասացվածքն իսկ և իսկ վերաբերում է Իսահակ Ալավերդյանին ու նրա դստեր` թատերագետ, լրագրող, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանին: Մասնագիտությամբ լինելով բանասեր, Կարինեն բուհն ավարտելուց հետո վարել է լրագրողական, հրատարակչական մի շարք պաշտոններ, իսկ 1999-ից սկսել է աշխատել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում որպես գրական-գեղարվեստական մասի վարիչ: Եվ այդ պաշտոնը Կարինեի համար ոչ թե բանավոր խոսքի հրամայական էր, այլև հոր ստեղծագործական կարողությունների արյունակցական ժառանգություն` արարելու ծարավով: 1999թ. սկսած ընթերցողի սեղանին է դրել ՙԼեոնիդ Հարությունյան՚ (2000թ.), ՙԻսահակ Ալավերդյան՚ (2001թ.), ՙՍտեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն-70՚ (2003թ.), ՙՀայ բեմի մեծահամբավ վարպետները և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնը՚ (2003թ.), ՙԲեմարվեստի մեր վարպետները՚ (2007թ. Ա և 2009թ. Բ հատորներ), ՙԵրկու լուսավոր աստղ՚ (2015թ.), ՙԹատերական սևեռումներ... Մտերմիկ անդրադարձներ՚ (2016թ.), ՙԱրեգա Պետրոսյան՚ (2016թ.) գրքերը, ինչպես նաև տասնյակ բուկլետներ վաստակաշատ արվեստագետների մասին: Ստեփանակերտի թատրոնի, արվեստի և մշակույթի տարբեր բնագավառների երախտավորների մասին գրած ու տպագրած հոդվածների, ակնարկների թիվը հասնում է 170-ի:
Եվ, ահա, գալիք սերունդներին է հանձնում սույն ուսումնասիրությունը` ՙՍտեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2019թթ.՚ խորագրով:
Շտապենք նշել, որ նման ստվարածավալ ու բազմաբովանդակ աշխատությունը միայն կարող է ստեղծել թատերագետների մի ամբողջ կոլեկտիվ: Սիրտ շոյող գոհունակությամբ կարող ենք բարձրաձայնել, որ նման դժվարին ու պատվաբեր գործը, այո, ի զորու է իրականացնել Կարինեն` մասնագիտական խորաթափանց գիտելիքների, նպատակամետության, պատասխանատվության, իր կատարած գործի անհրաժեշտության լուսավոր զգացումի շնորհիվ:
Պատումն սկսելով Ստեփանակերտի դրամատիկականի հիմնադրման տարեթվից` 1932թ., նա ժամանակագրական անխաթար հերթականությամբ ներկայացնում է թատրոնի ծնունդն ու կայացումը, նրա բեմադրած դրամատիկական երկերը, յուրաքանչյուր թատերաշրջանի խաղացանկը, ներկայացումների դերակատարներին, բոլոր բեմադրությունների վերաբերյալ տպագրված գրախոսությունների հեղինակներին, առանձնապես մատենագիտությունները: Կարևորը` այդ բոլոր փաստերը նա արձանագրել է ելնելով արխիվային նյութերից, համապատասխան կազմակերպությունների տրված հրամանագրերից:
Ընթերցելով տարեգիրքը, մտքի աչքերով ու հոգու ջերմությամբ ասես տեսնում ես այն հարուստ ու ժողովրդանվեր ուղին, որ անցել է մեր թատրոնը 1930-ական թթ., Հայրենական մեծ պատերազմի տարիներին, հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում, ստեղծագործական վերելքի տարիներին` 1958-1987թթ., փոթորկված Արցախյան ազգային ազատագրական գոյամարտի ընթացքում, հետպատերազմյան մաքառումների տարիներին և վերջապես, 21-րդ դարի նոր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու տարիներին:
Գրքում տեղադրված է նաև ահռելի աշխատանքի արդյունք հանդիսացող մեր թատրոնի բեմադրությունների տարեգրությունը` 1932-2019թթ., իսկ առանձին ներդիրներով զետեղված լուսանկարները լավագույնս են լուսաբանում հիշարժան ներկայացումները:
ՙՍտեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը 1932-2019թթ.՚ աշխատությունը գալիք սերունդներին ընծայած մի ուսումնասիրություն է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր ականավոր թատերագետ: Այն միաժամանակ հավերժաթև մի նվեր է, որով Կարինե Ալավերդյանը ներկայանում է մեր թատրոնի 90-ամյակին, որը կնշվի 2022 թվականին: