ԳԻՐՍ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Նորին գերազանցություն Ժամանակը որքան մեզ հեռացնում է մեր մանկությունից, այնքան մենք ավելի հաճախ ենք վերադառնում մանկութ երազանքների օրրանը... Հանճարեղ Ա. Էքզյուպերիին թե ունկնդիր լինենք, բոլորս գալիս ենք մեր մանկությունից, այլ բան է, երբ գալիս է մի տարիք, կամա, թե ակամա ետ ես նայում, փորձում հաշվետու լինել՝ արա՞ծդ է շատ, թե՞ չարածդ... Ու ծննդավայրի հանդեպ պարտքի, երախտագիտության զգացողությունը մեկն արտահայտում է չափածո տողերով, մյուսը եկեղեցի է կառուցում, երրորդը՝ տուն ու ճանապարհ։ Յուրաքանչյուրը մի հնարքով իր լուման է բերում հարազատ բնօրրանի շենացմանը։
Բանասեր-լրագրող Վարդգես Գրիգորյանն իր տնավեր-բնավեր ծննդավայրի յուրատիպ հուշարձանն է կերտել, ու այն կերտել է նախ իր հոգում ու մտքում ու նոր միայն թղթին հանձնել։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ. ՙԱրցախի Ղազանչի գյուղի պատմությունը հին դարերից մինչև մեր օրերը՚ գիրքը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Միջնադարյան անանուն հեղինակի՝ ՙՁեռս գնա, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող...՚ տողերն իր համար ուղենիշ դարձրած հեղինակը, անկեղծ զրույցի նստելով իր ընթերցողներիի հետ (որոնք առաջին հերթին աշխարհով մեկ սփռված իր համագյուղացիներն են ), հուգու դառնությամբ է նշում, որ չկա ավելի ծանր ողբերգություն ու վիշտ՝ քան ծննդավայրի կարոտը, և չկա ավելի մեծ ցավ, քան երբ մարդուց խլում են նրա մանկության օրրանը, որտեղ անցյալի հուշեր են ու ապագայի երազներ։ Նա փափագում է, որ իր հեղինակած գիրքը հասնի յուրաքանչյուր ղազանչեցու ու դառնա նրա սեղանի գիրքը, որը գուցե թե նրանց խորհել տա մարդկային վեհ արարքների, ապուպապերի արած-թողածի մասին և նոր ու ապագա սերունդների մեջ արթնացնի հիշատակի ու հայրենասիրության զգացումներ։
Իսկ իր ճանաչողական-ազգագրական ուսումնասիրության մեջ նա ընթերցողի հիշողությանն է պահ տալիս ծննդավայրի սովորություններն ու ավանդույթները, տեղանուններն ու սրբավայրերը, Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի նահատակների, անհայտ կորածների ու վիրավորների, գիտության, մշակույթի երախտավորների անունն ու սխրանքը։ Հեղինակի աչքից չի վրիպել ոչինչ և ոչ-ոք... Ամենայն խնամքով ու մանրամասնությամբ են ներկայացված ոչ միայն պատմական իրադարձությունների բնութագրիչները, այլև գյուղի համեստ ու նվիրյալ մարդիկ՝ առաջին կոշկակարը, հյուսնը, վարսավիրը, կոմբայնավարը, և այլք։ Մեծ հետաքրքրությամբ, սակայն սրտի կսկիծով է ընթերցվում Ղազանչին պատերազմի թեժ օրերին, գյուղի աշխարհազորայիններն ու կամավորականները, վասն հայրենյաց նահատակված ղազանչեցիների մասին պատումաշարերն ու հիշատակությունները։ Վերընձյուղվող Նոր Ղազանչին իր քաղաքատիպ ՙԿիլիկիա՚ թաղամասով նոր հույզեր ու հուշեր է արթնացնում ընթերցողների մոտ, իսկ հայոց մեծերից ու արցախյան ստեղծագործողներից ընտրված չափածո տողերը լրացնում ու նոր երանգներ են հաղորդում ասելքին։
Գրքի վերջաբանում հեղինակը խոստովանում է, որ ավելի քան մեկ տասնամյակ եղել է ԱՀ, ՀՀ և ՌԴ տարբեր շրջանների, մարզերի ու երկրամասերի տասնյակ բնակավայրերում, զրուցել հարյուրավոր մարդկանց հետ, պարզաբանել բազմաթիվ հանգամանքներ՝ ունկնդրելով տարեց մարդկանց պատմությունները, որոնք էլ իրենց հերթին այդ պատմությունները լսել էին իրենց նախնիներից։ Նրան օգնել են նաև գյուղամերձ կիսավեր հանգստարանները, տապանաքարերը՝ մշակված ու կիսամշակված խաչքարերը, եկեղեցիների մասունք դարձած արձանագրությունները և այլն։ Օգտվել է նաև բազմաթիվ հեղինակների աշխատություններից, հանրագիտարաններից, տարբեր գրքերից ու թերթերից, պատմավավերագրական հոդվածներից և արխիվային այլ փաստաթղթերից։
Ազգագրությունն այն միակ բնագավառն է, որը ներկայացնում է ժողովրդի կենցաղը, սովորությունները, ծագումը, տարաբնակեցումը, էթնիկական յուրահատկությունները, պատմամշակութային առնչությունները և այլն։
Ընթերցողների լայն շրջաններին ներկայացված ու ճանաչողական նշանակությամբ առանձնացող գիրքն ազգագրական-հանրագիտարանային ուսումնասիրությունների մի ամբողջություն է ՙի՞նչ ենք ունեցել և ի՞նչ ունենք՚ հարցի պատասխանը գտնելու հավերժական փնտրտուքի ճանապարհին։
;