Լ. ՂԱՐԱԽԱՆՅԱՆ. ՙՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵՐ ԶՈՐԱԳՈՒՆԴՆ ՈՒԺԵՂ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել էր մամուլի ասուլիս:
Նախարարն ամփոփ ներկայացրեց հանրապետության կրթամշակութային քաղաքականության առանցքային կետերը, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, պատասխանեց լրագրողների հարցերին:
Լ. Ղարախանյանը նոր մարդ չէ կրթության համակարգում. մինչ այդ ղեկավարել է գերատեսչության մասնագիտական և բարձրագույն կրթության բաժինը, բայց« ինչպես ինքն է ասում, նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո հարյուր օրվա ընթացքում հասցրել է ամբողջական պատկերացում ունենալ Արցախի կրթագիտական և մշակութային դաշտի մասին և ուրվագծել ԿԳՄ նախարարության առաջիկա 5 տարիների ուրվապատկերը, որը ԱՀ նախագահի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից է: ՙ100 օրվա մեջ մենք հասցրել ենք թիրախավորել ոլորտի կարևորագույն խնդիրները և մոտակա ու հեռակա քայլերը, որոնք պետք է առաջիկայում անենք՚,-ասաց նա: Լ. Ղարախանյանը ուսումնասիրել է մի շարք երկրների փորձը` ինչպես կրթությունը դարձնել մրցունակ:
Արցախի շրջաններ կատարած այցերի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ոլորտի մասնագետների հետ, տոգորվել լավատեսությամբ: Խանդավառված է, որ նախարարության նոր կայքը ստեղծել են Հաղորտի գյուղի դպրոցականները, որ մարտունեցի աշակերտը գովասանագրով է վերադարձել Ճապոնիայում կայացած կենսաբանություն առարկայի միջազգային օլիմպիադայից, որ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ուսուցչության հայացքներում ընթերցել է ազգապահպանության պատգամը: Ուսումնասիրելով տարածաշրջանի ու նաև համաշխարհային փորձը, հանգել է այն մտքին, որ հայացքով պետք է շրջվել դեպի գյուղերը, առավել ևս` սահմանային, և կրթամշակութային քաղաքականությունը սկսել այդտեղից: ՙՄենք պետք է վարենք ապակենտրոն քաղաքականություն, որպեսզի բոլոր բնակավայրերի երեխաներն ունենան կրթության և զարգացման հավասար պայմաններ՚: Տարին ծանր է ուսումնական և« ընդհանրապես« մշակութային գործունեության համար, քանի որ այն պետք է համատեղեն ՙCovid-19՚ համավարակի հետ ու ապահովեն արդյունավետություն, բայց բոլոր ջանքերն ուղղված են անհնարինը հնարավոր դարձնելուն« հաջողություններ ամրագրելուն՝ վստահեցրեց նախարարը:
Լ. Ղարախանյանը թվարկեց պաշտոնավարման անցած ժամանակահատվածում ոլորտային մի քանի կարևոր միջոցառումներ, որոնց վրա սևեռված է եղել նախարարության ուշադրությունը. ընդունելության քննությունների կազմակերպում, որն անցել է առանց թերությունների ու խախտումների, ուսումնական գործընթացի կազմակերպում համավարակի պայմաններում միջազգային առցանց գիտաժողովի կազմակերպում` նվիրված Շուշիի հայ բնակչության 1920թ. կոտորածի 100-րդ տարելիցին: Նախարարն այդ շարքում անթաքույց հպարտությամբ նշեց ՙԱրցախը կարդում է՚ գրքարշավը` որպես արտադպրոցական միջոցառում, և այդ առումով իր երախտագիտությունը հայտնեց ԱՀ նախագահի տիկին Քրիստինե Հարությունյանին ու իտալահայ արձակագիր Անտոնիա Արսլանին, որոնք հովանավորել են գրքարշավը:
Լ. Ղարախանյանն այս ընթացքում ծանոթացել և կապեր է հաստատել լուսավոր գաղափարներ ունեցող մարդկանց հետ ու մշակութային ծրագրեր մշակել: Նշեց, որ առաջիկայում կենսականացվելու է թառահարության, գորգագործության, թաղիքագործության, գրադարանները ժամանակակից գրքերով համալրելու մի շարք հետաքրքիր ծրագրեր, որոնք հովանավորվելու են սփյուռքահայ բարերարների կողմից: Համավարակի պայամաններում կյանքի են կոչել ՙՏնից թանգարան՚ առցանց ծրագիրը, սակայն նույնը չի հաջողվել գրադարանների առումով, քանի որ մինչև հիմա դրանք չունեն սկանավորող սարքեր: Հաջողվել է կազմակերպել առցանց համերգ, Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնի ներկայացումներ: Առաջիկայում էլ սպասվում են համույթների առցանց համերգները: Լ. Ղարախանյանը նշեց, որ արդեն վերջնարդյունք ունեն ջազ-նվագախմբի ու ազգային նվագարանների համույթների մաշած գործիքները նորերով փոխարինելու ուղղությամբ, ինչպես նաև դաշնամուր տրամադրել այն ՊՈԱԿ-ներին, որոնք պահանջարկ են ներկայացրել նախարարությանը:
ԿԳՄ նախարարն անդրադարձավ նաև կադրերի խնդրին, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում դեռևս առկա են ուսուցիչների թափուր տեղեր: Որոշակի աջակցություն է ցուցաբերում ՙԴասավանդիր, Հայաստան՚ հիմնադրամը, որի ծրագրով 45 ուսուցիչ է աշխատում հանրապետության ծայրամասային գյուղերում: Նախարարի կարծիքով, հեռավոր գյուղերում աշխատող ուսուցիչների վարձատրության չափը պետք է փոխվի: Նրա խոսքով` պակասող ուսուցիչների հարցն այսօրվա դրությամբ հեռավար ուսուցմամբ կարող են լուծել: Նախարարությունը քայլեր է ձեռնարկում մինչև հունվար հեռավար ուսուցման կենտրոն ստեղծելու ուղղությամբ:
Մշակույթի ոլորտում ևս թիրախավորված է կադրերի հարցը: Քայլեր արվելու են մշակութաբանության, արվեստաբանության, ձեռագրագիտության, որմնանկարչության, հնագիտության կադրերի ապահովման ուղղությամբ: Ըստ նրա, մինչև հիմա կադրերի հարցը լուծվել է սոցիալական, երբեմն նաև քաղաքական ասպեկտով, իսկ մասնագիտական կողմին նվազ ուշադրություն է դարձվել. ՙՄենք պետք է այդ սխալն ուղղենք, որովհետև լիարժեք կադրերն են փոխում ոլորտի գործունեության որակի պատկերը՚: Ուրախությամբ նշեց, որ 2021թ. պետական բյուջեի շրջանակում մեկնարկելու են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները: Հետաքրքիր նորություն է ՙԱրցախֆիլմ՚-ի նախագիծը: Թանգարանային, գրադարանային գործին ևս մեծ զարկ է տրվելու: Նախատեսվում է Քաշաթաղի շրջանի Կերեն համայնքում ստեղծել պատմագիտական, Ասկերանում՝ ռազմարվեստի թանգարաններ:
Լրագրողների հարցերը վերաբերում էին Տիգրանակերտի պեղումների արդյունքները միջազգային մակարդակով հանրայնացնելու, կրթական չափորոշիչների նկատմամբ Արցախի տեսակետին, մանկապարտեզների ընդունելությանը, անվճար ուսուցմանը, ներառական կրթությանը, գիտական ուսումնասիրությունները տնտեսության մեջ օգտագործելուն և այլնին:
ԿԳՄ նախարարն հատկանշեց, որ իր ծրագրերում ինքը մեծ աջակցություն է ստանում հանրապետության Նախագահից ու սփյուռքահայ բարերարներից, ինչն իրեն ոգևորում է: ՙՄենք ամեն ինչ անելու ենք կրթամշակութային մեր զորագունդը ուժեղ դարձնելու ուղղությամբ, որովհետև հակառակորդի համար կրթամշակութային մեր մատյան գունդը ահ ու սարսափ է: Մենք պահելու ենք մեր ինքնությունը, ունենալու ենք մեր տեղը արևի տակ և աշխարհի գիտակրթական ու մշակութային տարածքում՚,-ի ամփոփում ասաց Լուսինե Ղարախանյանը: