ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՏԱՐԻՆ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ
Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը համավարակի պայմաններում սկսում է նոր ուսումնական տարին։ Կենտրոնի հիմնական խնդիրն այս ուսումնական տարում ևս մնում է սեփական շենք չունենալը։ Այս ուսումնական տարում կենտրոնի շրջանակներում կգրործի յոթ խմբակ. ՙՀմուտ ձեռքեր՚ խմբակը կգործի Եղեգնուտ համայնքում, ձեռագործության խմբակը՝ Նոր Վերինշեն համայնքում, օտար լեզվի, ագրոէկոլոգիայի, նկարչության, պարի, երգի և դաշնամուրի խմբակները՝ Քարվաճառ համայնքում: Նախորդ ուսումնական տարվանից խմբակները չեն փոխվել, նույն պարապմունքներն անցկացվել են նաև նախորդ տարում։
2019-2020 ուսումնական տարում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն առանձին միջոցառումներ հիմնականում չի կազմակերպել, այլ համատեղ մասնակցել է այլ միջոցառումների՝ ապահովելով ձևավորումը, գեղարվեստական մասը։
ՙԴպրոցի հետ կազմակերպված համատեղ միջոցառումների ժամանակ ներկայացել ենք նկարներով, ձեռքի աշխատանքներով։ Ապահովել ենք անցած տարի կազմակերպված մեղրի փառատոնի ձևավորման հիմնական մասը։ Պարի խմբակի սաները ելույթ են ունեցել Քարվաճառում կազմակերպված սպորտային միջոցառման ժամանակ՚,- նշեց Նելլի Դանիելյանն ու ընդգծեց, որ երկրորդ կիսամյակում նախատեսված մի քանի միջոցառում համավարակի պատճառով անկատար են մնացել։
Համավարակով պայմանավորված՝ դասապրոցեսի, պարապմունքների դադարեցումից հետո հնարավոր է եղել առցանց կազմակերպել միայն օտար լեզվի պարապմունքները, որոնք անցկացվել են ամբողջությամբ, մինչև հունիս ամսվա վերջ։
Նոր ուստարում պարապմունքները կկազմակերպվեն՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Մասնավորապես, խմբերում երեխաների թիվը մեծ չի լինի, անհրաժեշտության դեպքում մեծ խմբերը կբաժանվեն փոքր խմբերի։
ՙՊարապմունքների սենյակներն անհրաժեշտ կլինի ամեն պարապմունքից հետո ախտահանել, ինչի համար կենտրոնին անհրաժեշտ է հավաքարարի հաստիք՚,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում է 2012 թվականից։ Կենտրոնի նպատակն է տարբեր խմբակների միջոցով դպրոցականներին գիտելիք ու հմտություններ փոխանցել, ինչպես նաև՝ օժանդակել նրանց մասնագիտական կողմնորոշմանը։
;