[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԿՕԳՆԻ ՃԻՇՏ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ

 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանը սեպտեմբերի 25-ին հյուրընկալեց ժամանակակից գենետիկայի նշանավոր մասնագետ, մոլեկուլային կենսաբան, ՀՀ ԳԱԱ կենսատեխնոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ պրոֆեսոր Նելլի Հովհաննիսյանին:
Ողջունելով գիտնականի այցը ԱրՊՀ` ռեկտոր Արմեն Սարգսյանն ասաց, որ դրանով տրվում է բուհում 2020-2021 ուսումնական տարվա ոչ ֆորմալ կրթության ծրագրի մեկնարկը, որն արդեն մի քանի տարի է` իրականացվում է ԱրՊՀ պատվավոր պրոֆեսոր Կարեն Օհանջանյանի նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ, ՌԴ և արտերկրի նշանավոր գիտնականներ ու մասնագետներ:
Օրվա դասախոս Նելլի Հովհաննիսյանը մի քանի տարի աշխատել է Չինաստանի ու Լոնդոնի լաբորատորիաներում, իսկ ԱրՊՀ-ում հանդես է գալիս երրորդ անգամ:
Դասախոսության թեման համավարակն էր, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը:
Գիտնականը պարզաբանեց, որ Covid-19 կոչվող հիվանդության ծանր սուր շնչառական համախտանիշը sars վիրուսն է, որը նոր չէ: Այդ ընտանիքի վիրուսները հայտնի են 1965 թվականից. իր անունը` կորոնավիրուս, ստացել է մակերեսի վրա առկա տարբեր կողմեր տարածվող մազիկների պատճառով, որոնք նման են թագի: Այս վիրուսները շրջանառվում են մարդկանց պոպուլյացիայի ընթացքում ու այնքան էլ վտանգավոր չեն. թեթև շնչառական պրոբլեմներ են ստեղծում:
2002թ. ի հայտ եկավ sars-co-ն, որը առաջացնում էր հիվանդություն, որը հայտնի էր ատիպիկ վիրուս անունով և ընթանում էր շատ արագ` թոքերի բորբոքումով ու համարյա բոլոր դեպքերում ավարտվում էր մահով: Մոլեկուլային կենաբանությունը ուսումնասիրեց, հակավիրուսային դեղեր ստեղծեց, պատվաստանյութեր, և 2 տարի անց այն անհետացավ պոպուլյացիայից:
2012թ. ծանր թոքաբորբ առաջացնող այս վիրուսը` Mers-cov անունով, ի հայտ եկավ Մերձավոր Արևելքում, որը նույնպես կարճ ժամանակում պոպուլյացիայից անհետացավ:
2019թ. հայտնվեց sars-co 2 տարատեսակը, որը ոչ այնքան ագրեսիվ է, որքան նախորդները, սակայն սրա վտանգավորությունը արագ տարածվելու հատկության մեջ է, նրա վարակվելու ունակությունը շատ բարձր է, քան առաջին երկուսինը: Եվ դրա համար էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց պանդեմիա:
Վիրուսը, մտնելով բջիջ, սկսում է բազմանալ, պայթեցնել այն` առաջացնելով բորբոքային պրոցեսներ: Վիրուսային մասնիկները դուրս գալով` վարակում են մյուս բջիջներին: Սրանով է բացատրվում նրա արագ տարածվելը: Համեմատության համար ասենք, որ հեպատիտի վիրուսը միայն լյարդի բջիջներում է բազմանում, Միավը` լինֆոցիտներում, իսկ այս դեպքում մենք ունենք բազմաթիվ օրգաններ և հյուսվածքներ, որտեղ այդ վիրուսը կարող է ներթափանցել: Վիրուսի տարածվության պատճառներից մեկն էլ գիտնականը բացատրում է թոքերի բջիջներում ACE2 ֆերմենտի ընկալիչի մոլեկուլներով, որոնց կորոնավիրուսը կցվում է` օգտագործելով սպիտակուցը. ինչքան ուժեղ է այդ կապը, այնքան քիչ հավանական է, որ վիրուսն օրգանիզմից ինքնուրույն հեռանա: Այդ ֆերմենտի ընկալիչը մարդու մոտ ձևավորվում է տարիքին զուգընթաց և դեր է խաղում հիվանդության ծանր ընթացքի վրա: Երեխաների մոտ այդ ընկալիչը 15 տարեկանից հետո է ձևավորվում: Դրանով է բացատրվում, թե ինչու են երեխաները քիչ վարակվում, գրեթե չկան մանկական ծանր դեպքեր, իսկ երիտասարդներն էլ հիվանդությունը թեթև են տանում:
Գիտական աշխարհը բացառում է լաբորատորիայում այս վիրուսի աճեցման ու դրա հատուկ տարածման տեսությունը: Ընդունում է, որ հիվանդության պատճառը չղջիկներն են, նրանցից էլ անցել է մրջնակեր կենդանիներին, որոնք ուտում են Չինաստանում: Հենց այստեղ առաջացել է հիվանդությունը, չինացիները պարզել ենն հիվանդության պատճառները և ստեղծել նրա թեստավորման հնարավորությունը: Այսօր ամբողջ աշխարհի գիտնականները զբաղված են այդ հիվանդության նկատմամբ դեղերի և պատվաստանյութերի ստեղծմամբ: Ն. Հովհաննիսյանի տվյալներով, այսօր 40-50 վակցինաներ տարբեր երկրներում անցնում են փորձարկումներ, բայց նա երեքն առանձնացրեց որպես մոդել, որոնք արդեն փորձարկումների 3-րդ փուլն են անցնում: Դրանցից առաջինը ստեղծվում է ԱՄՆ-ում մեր հայրենակից Նուբար Աֆեյանի ընկերությունում, երկրորդը`անգլիական ֆիրմայում, երրորդը` Գամալեայի ինստիտուտում` ռուսների կողմից:
Ն. Հովհաննիսյանի կարծիքով պատվաստանյութ ստեղծելը դժվար չէ, դրա ճանապարհներն արդեն հայտնի են, բայց դժվար է կանխատեսել օրգանիզմի դրական պատասխանը: Ըստ նրա` համավարակի վտանգավորությունը չափազանցված է, խորհուրդ է տալիս չգերագնահատել նրա վտանգի մասշտաբները, բնակչությանը` խուճապ չմատնվել: ՙԱյն գրիպի տեսակ է, որը մեծ մասի մոտ անցնում է հեշտ, ընդամենը 15 տոկոսն է ծանր տանում և դրա պատճառով կանգնեցնել ամբողջ երկրագունդը, ավելի մեծ վնաս կբերի՚,-ասաց նա: Իսկ խուճապի չմատվելու ճանապարհներից ամենահուսալին նրա մասին գիտելիքներ ունենալն է, տեղեկացված լինելը: Պայքարի ամենահուսալի միջոցն էլ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումն է: