[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՐԵՎՈՐ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՆԵԼ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ ՚

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Սեպտեմբերի 25-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում,  թագավիրուսի  պատճառով երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ վարպետաց դասեր, որից հետո՝ որպես դասավանդման օրինակելի տարբերակ, երգիչները հանդես եկան փոքրիկ համերգով: Քոլեջի տնօրինությունը հետևողական գտնվեց պարետի ցուցմունքներին. հանդիսատեսի քիչ քանակ, անհրաժեշտ հեռավորության ապահովում, դիմակներ:
Հուրախություն մշակութասեր հասարակության, վարպետաց դասերի դասատուն և համերգի կազմակերպիչը  հայտնի և սիրված երգիչ Տիգրան Մկրտչյանն էր, որն ի հեճուկս համաճարակի, կատարեց, իր իսկ խոսքով, մշակութային գործիչի պարտականությունը: ՙՇատ կարևոր է  ճիշտ ուղիների վրա դնել ապագա երաժիշների ուսուցման հիմքերը, ինչը կօգնի հետագայում չիջեցնել մշակութային նշաձողը:

՛՛Ես միշտ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ արձագանքել Արցախի խնդիրներին: Այսօր համաճարաքի հետևանքով մշակութային կրթության ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել, որի հաղթահարման համար գործ պետք է արվի, ու ես եկա օգնելու այդ խնդիրների հաղթահարմանը՛՛,- ընդգծեց Տիգրանը՚:
Նրա հետ էին երգիչներ, տենոր Հայկ Վարդանյանը, սոպրանո Մարիամ Մկրտչյանն ու դաշնակահար Կատրին Հովսեփյանը, որոնց կատարումներից էր  կազմված համերգը: Այն սկսվեց մեծն Կոմիտասի ստեղծագործությունների կատարումից՝ ի հարգանք Կոմիտասի 151-ամյակի, որը կլրանա սեպտեմբերի 26-ին: Այնուհետև Մարիամ Մկրտչյանի կողմից կատարվեցին արիաներ հայտնի օպերաներից, Հայկ Վարդանյանի կողմից էլ՝ հիմնականում՝ իտալական երգեր:
Պետք է ասել, որ թե՜ երգիչները, թե՜ հանդիսատեսը մեծ կարոտով էին մտել դահլիճ, ինչի մասին արտահայտվեցին բոլորը: Այդ քիչ քանակով հանդիսատեսը այնպիսի խանդավառությամբ էր ընդունում յուրաքանչյուր համար, այնպիսի ջերմությամբ, որ երգիչները ավելի ու ավելի էին բացվում:
Վերջում հարցազրույց անցկացրեցինք Տիգրան Մկրտչյանի և երգիչների հետ, որի մասին  մանրամասնությունները կներկայացվի թերթի հաջորդ համարներից մեկում: