[ARM]     [RUS]     [ENG]

ԴՊՐՈՑԻ ԶԱՆԳԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՈՒՆԵՏԻԿ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Արցախի մայրաքաղաքն աստիճանաբար մտնում է իր բնականոն հունի մեջ: Եվ դա զգացվում է նաև ծանրաբեռնված լվացքապարաններից ու երեկոյան ժամերին բնակարանների պատուհաններից ճառագող լույսերից: 

Այս օրերին անչափ ուրախալի է հանդիպել տուն վերադարձող արցախցիների: Առավել ևս ուրախալի է տեսնել դպրոցի ճանապարհին դպրոցական պայուսակներն ուսած երեխաների:
Առայժմ Ստեփանակերտում դպրոցականների հոսքը մեկ ուղղությամբ է` դեպի Աշոտ Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոց: Կրթօջախի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանն թախծախառն ուրախություն է ապրում. սեպտեմբերի 27-ի առավոտյան մղձավանջը դեռ չի անցել…
Անմիջապես հասկացավ, որ դա նոր, անողոք պատերազմ է և առաջինը զանգեց դպրոցի զինղեկին` քաղպաշտպանություն կազմակերպելու նպատակով: Վերջինս, ասաց, որ ինքն արդեն զինկոմիսարիատում է: ՙԺամանակ չկար երկար մտածելու, կիսահագնված ինձ գցեցի դպրոց: Լավ է, պահակը, տնտեսվարը տեղում էին, բացեցինք ապաստարանը, ու քիչ հետո ժողովուրդը հավաքվեց՚:
Պատերազմի ոչ մի օր Ստեփանակերտը չլքած տնօրենը նոյեմբերի 17-ից հոգատար թխսկանի պես իր թևերի տակ է առնում ոչ միայն այս դպրոցի սաներին: ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարը օրեր առաջ հայտարարել էր, որ հ. 2 դպրոցը հավաքագրում է աշակերտների, և կարող են հաճախել տարբեր դպրոցների երեխաներ:
Տեղեկացանք, որ հաճախում են ինչպես մայրաքաղաքի դպրոցներից, այնպես էլ Մարտունու, Շուշիի, Հադրութի, Ասկերանի շրջաններից երեխաներ, վերջին տվյալներով` շուրջ 300 աշակերտ: Ջեռուցում արդեն կա:
ՙՊատերազմից հետո դպրոց մտնելով` առաջին գործս էր նահատակված տղաների նկարների առաջ խոնարհվել և ներողություն խնդրել, որ չկարողացանք նրանց ազատագրածը պահել, բայց եղածը եղել է, պիտի շարունակենք ապրել, գոյատևել: Իրավունք չունենք ընկրկել…՚,- տխրությամբ ասում է իր ամբողջ գործունեության ընթացքում մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանած պատմության ուսուցչուհի -տնօրենը:
Դպրոցում հանդիպեցինք երկու ռուս խաղաղապահների, որոնք եկել էին իրենց օգնությունն առաջարկելու նոյեմբերի 27-ին կայանալիք կրթօջախի հանդիսավոր վերաբացմանը:
Դպրոցի զանգն այս անգամ կհնչի իբրև խաղաղության մունետիկ: