[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԲԵԿՈՐԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

  Նոյեմբերի 27-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը: Ներկա էին ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Միջոցառումը վարող` դպրոցի կազմակերպիչ Մարիաննա Բաղունցը մինչ ելույթներին անցնելը հայտարարեց լռության րոպե` պատերազմում հերոսաբար ընկածների հիշատակին:

Ելույթ ունեցավ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը:

ՙՀուզումնալից պահ է բոլորիս համար: Ստեփանակերտում պատերազմից հետո հանդիսավոր բացվում է առաջին դպրոցը: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ քաղաքի վարչակազմին, նախարարության ղեկավարությանը, ուսուցիչներին.ծնողներին և իհարկե` աշակերտներին: Մեր` խաղաղապահների, նպատակն է կարճ ժամկետում բացել բոլոր դպրոցներն Արցախում: Ձգտում ենք, որ այս բազմաչարչար հողում այլևս պատերազմ չլինի: Հաջողություն եմ մաղթում ձեզ ուսման մեջ: Ինչքան խաղապահները ձեր կողքին լինեն, դուք միշտ` Ռուսաստանի հետ, հաջողություններ կունենաք՚,-ասաց նա: Ս. Ժմուրինը միաժամանակ դպրոցին հանձնեց արժեքավոր նվեր:

ՙՎերջապես դաժան պատերազմից հետո բացեցինք մեր դպրոցի դռները: Փառք ու պատիվ մեր հզոր բանակին, մեր ընկած տղաներին: Ոչինչ չի մոռացվի՚,-իր ելույթում ասաց դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը: Նա ընդգծեց, որ Արցախի ժողովուրդը երբեք ռազմատենչ չի եղել, այլ պաշտպանում է իր հողում ապրելու իրավունքը: Նա երախտագիտություն հայտնեց խաղաղապահ ուժերին, որ խաղաղություն հաստատեցին մեր հողում` մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Բաբաջանյանի, քիրստոնեասկան արժեքներ և քաղաքակրթություն կրող հինավուրց հայկական արցախյան հողում:

ԱՀ ԿԳՄՆ ներկայացուցիչ Ռուբեն Օսիպովը շնորհավորելով բոլորին դպրոցի վերաբացման առթիվ` կոչ արեց երեխաներին լավ սովորել, պահպանել մեր պատմությունը, ավանդույթները, մեր մայրենին, լինել Արցախի վաղվա արժանավոր քաղաքացիներ:Որպես նախարարության ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ, նա խաղապահներին տեղեկացրեց, որ Արցախն այն երկրներից է, որը հատուկ վերաբերմունք ունի ռուսական մշակույթի, լեզվի հանդեպ: ՙԱյսօր ձեր ներկայությունն այստեղ` հավաստում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը՚,-ասաց նա:

Մյուս ելույթ ունեցողներն էլ` դպրոցի ծնողական կոմիտեի նախագահ Գայանե Լալաբեկյանը, զինղեկ Արմեն Սողոմոնյանը ներկայացրին Արցախի ժողովրդի խաղաղասեր, պատվախնդիր լինելը, իրենց արժանապատվությունն ու մարդկային իրավունքները պաշտպանելու կամքի ուժը: Հայրենասիրական բանաստեղծություն արտասանեց դպրոցի սան Էմմի Տեր-Թարխանյանը:

Դպրոցի վերաբացման զանգը հնչեցնելու պատիվը տրվեց Շուշի քաղաքից առաջին դասարանցի Նանե Սարուխանյանին, հ. 2 և հ. 10 դպրոցների աշակերտներ Արմեն Ղազարյանին և Ռոբերտ Դանիելյանին:

Լրագրողներին տված ճեպազրույցում գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինն ասաց, որ հուզմունքով մասնակցեց միջոցառմանը: Խաղաղապահները մեծ պլաններ ունեն Արցախի բնականոն կյանքը բոլոր ուղղություններով վերականգնելու ուղղությամբ: Դա վերաբերում է բոլոր բնակավայրերում ոչ միայն դպրոցների բացմանը, այլև գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման և կենսական այլ անհրաժեշտ հաղորադակցության պայմանների վերակագնմանը: Աշխատում են նաև զոհվածների մարմինների հանձման, ռազմագերիների որոնման ուղղությամբ: