Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿՐԿԻՆ ԿՇՈՂԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐԸ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին՝ Արցախյան պատերազմի ամենադաժան ժամանակահատվածում։ Այստեղ երեխաները ձեռք են բերում տարբեր հմտություններ: Կենտրոնն իր գործունեության ընթացքում երկրորդ անգամ է վերաբացվում: Առաջին կարճատև ընդմիջումը կորոնավիրուսի պատճառով էր: Իսկ սեպտեմբերի 27 –ը նոր ողբերգությամբ խաթարեց երեխաների գունավոր առօրյան:

Վերաբացումից օրեր անց քայլում եմ այն փողոցով, որտեղ միշտ մանկան խինդ –ուրախություն էր: Մոտենում եմ մուտքին. այս անգամ այնտեղ իշխողը լռությունն էր, իսկ կենտրոնի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանի աշխատասենյակ են հասնում երաժշտության տխուր ելևէջներ ու երգի բառերը.

Կյանքում կա արև ու լույս … Եվ սեր ու ծաղիկ, բայց նաև կա փո՛ւշ, մահ ու փոթորիկ…

-Էվա Ստեփանյանի խմբի սաներն են,- ասում է Լ. Բարսեղյանը: Եվ գնում ենք երաժշտության հետքերով.

-Երեխաները հաճախում են սիրով: Սկսել ենք նոր ծրագիր, ունենք թարմ երգացանկ՝ նվիրված մեր հայրենիքին ու զինվորներին: Սպասելիքները մեծ են: Կրկին համերգներ ու հաջողություններ կունենանք: Օրեցօր դասասենյակները լցվում են, -ասում է Էվա Ստեփանյանը և շարունակում դասապրոցեսը:

Երեխաների աչքերը թախծոտ են, բայց ակտիվորեն մասնակցում են պարապմունքներին: Երգի խմբակի սաներից 15-ամյա Աննան առաջինն էր, որ գնաց դասի.

- Կարոտել էի դպրոցիս ու ուսուցիչներիս: Իմ պատկերացումներից դուրս էր պատերազմը: Ապրում էինք ուրախ ու խաղաղ: Կարծես ամեն ինչ ավարտվել է, բայց մինչ այսօր դեռ լսում եմ հրթիռների ու ռումբերի ձայնը: Մենք նոր երգեր կհյուսենք պատերազմով անցած քաջ մարտիկներին ու հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին: Մենք կշարունակենք երգել ...,- ասում է Աննան և ձայնակցում ընկերներին.

- Ո՞ւր եք, տղաներ, որ ելաք մարտի…

-Մենք որոշեցինք անպայման վերսկսել մեր աշխատանքները, սկզբունքն այսպիսին էր՝ թեկուզ մեկ երեխա լինի խմբում մենք շարունակելու ենք աշխատել: Կենտրոնում փորձում ենք ձերբազատվել այն ցավից, որը պատել է յուրաքանչյուրիս: Մեր հիմնական առաջադրանքն է՝ երեխաներին հատուկ վերաբերմունք ցուցաբերել և դուրս բերել սթրեսային վիճակից: Կարծում եմ, դա մեզ հաջողվում,- ասում է Լյուդմիլա Բարսեղյանը:

Հետո մենք բացում ենք նկարչության դասասենյակը: Մեզ է մոտենում խմբակավար Վարդիթեր Հայրապետյանը, ում խմբի երեխաները հրեշտակ էին նկարում.

-Ձմեռային առաջադրանքներից ենք սկսել: Առաջադրված թեմաներից երեխաներն ընտրել են Հրեշտակները՝ ասելով, որ հրեշտակները երկնքից մեզ հսկում են: Հետաքրքիր են երեխաների պատկերացումները: Բոլորն էլ լավ երևակայություն ունեն և, ամենակարևորը, լավատես են: Իմ սաներից 6-ամյա Լուսիան նկարել է մեր կենտրոնի կլոր շենքը և գլխավերևում կապույտ երկինք ու հրեշտակ: Թող հրեշտակները միշտ պահպանեն մեր փոքրիկներին և հեռու պահեն բոլոր արհավիրքներից: Արդեն 4-րդ պարապմունքն է: Երեխաները սիրով են հաճախում, և մենք փոձում ենք հնարավոր ամեն բան անել նրանց նախկին առօրյային վերադարձնելու համար: Լուսիայի հրեշտակը դեռ չէր ամբողջացել: Ընկեր Վարդիթերը խոստացավ ավարտուն նկարն ուղարկել մեզ:

-Շատ դժվար ու դաժան ժամանակահատված ենք ապրում: Կենտրոնում զոհված ազատամարտիկների զավակներ ունենք: Երեխաների աչքերին նայելիս հազիվ եմ խեղդում արցունքներս,- ասում է Լյուդմիլա Բարսեղյանը ու կրկին մտնում ենք աշխատասենյակ:

Գրասեղանին ու պատերին կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքներն են, իսկ սեղանի անկյունում խնամքով ծալած Արցախի ասեղնագործ քարտեզն է:

- Նոյեմբերի 16-ից արդեն աշխատանքի ենք: Դժվար ու ծանր օրեր ենք ապրում: Միշտ կապ էի պահում մեր բոլոր մանկավարժների հետ: Սկզբնական շրջանում դժվար էր երեխներին հավաքագրել ու վերադառնալ առօրյա կյանքի: Ծնողներ կային, որոնք հետաքրքրվում էին կենտրոնի վերաբացումով, ոմանք էլ անվտանգության պայմաններից ելնելով՝ չէին համարձակվում: Կենտրոնը մոտ 1500 սան ունի: Այսօր գրեթե նրանց 50 տոկոսն է հաճախում: Լիահույս ենք, որ հընթացս խմբերը կհամալրվեն: Այս պարտադրված պատերազմին մասնակցում էին նաև Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ուսուցիչներ ու սաներ: Ունենք մեկ բացակա, ում ժամանակավոր փոխարինում են: Պարուսույց Կարեն Դանիելյանին ենք սպասում, ով առանց վարանելու միացավ հայրենյաց պաշտպաններին և մինչ այսօր անհայտ է նրա ճակատգիրը: Հարգված երիտասարդ է: Երեխաները շատ են սիրում նրան և հաճախ են հարցնում ՝ ինչու՞ է ուշանում… Հույսով սպասում ենք Կարենի վերադարձին: Այս պատերազմում անդառնալի կորոստներ ունեցանք: Զոհվել է նաև մեր կենտրոնի սաներից Նարեկ Մեսրոպյանը՝ դիրիժոր Մարինե Մեսրոպյանի որդին։

Լյուդմիլա Բարսեղյանը նշեց, որ մանկապատանեկան կենտրոնը սիրով իր դռներն է բացել նաև այն երեխաների առաջ, ովքեր ստիպված թողել են իրենց ծննդավայրն ու տունը, և ոչ միայն երեխաների.

-Դեկտեմբերի 1-ից մենք աշխատանքի ենք ընդունել Հադրութից, Շուշիից և Ավետարան գյուղից մեկական մանկավարժի: Մեր մանկավարժների համաձայնությամբ որոշել ենք օգնել նաև այդ երեխաների ծնողներին: Հավատում եմ, որ լավ է լինելու: Արցախը մերն է ու կլինի: Մենք պետք է ապրենք, շենացնենք և չկորցնենք մեր պատմական բնակավայրերը վերադառնալու հույսը: Այս հույսն ու հավատն է ամբողջ պատերազմի ընթացքում մեզ ուղեկցել ու ապրեցրել ...

 Нет описания.