[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆ Է ՄՏՆՈՒՄ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Կրթական գործընթացն Ասկերանի շրջանում աստիճանաբար բնականոն հուն է մտնում։ Մինչ արցախյան վերջին պատերազմը Ասկերանի շրջանում գործում էր 38 հանրակրթական դպրոց՝ 2465 աշակերտով։ Այսօրվա դրությամբ դրանց թիվը նվազել է, քանի որ պատերազմի պատճառով ութ դպրոց հայտնվել են թշնամու կողմից վերահսկվող տարածքներում (Մոշխմհատ, Ավետարանոց, Ակնաղբյուր, Սղնախ, Ջրաղացներ, Մադաթաշեն, Ուղտասար, Արմենակավան)։ 

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի տեղակալ Գրիշա Մարտիրոսյանի խոսքով՝ շրջանի հանրակրթական դպրոցների մոտ 90 տոկոսը կամ 25 կրթօջախ արդեն վերսկսել են պարապմունքները։ Առայժմ չի գործում հինգ դպրոց՝ Այգեստանի, Շոշի, Սզնեքի, Սառնաղբյուրի և Փառուխի։ Ընդ որում՝ Այգեստանի և Շոշի դպրոցական շենքերը տուժել են պատերազմական գործողություններից« և այժմ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Դրանք ավարտման փուլում են, այնպես որ՝ շուտով այդ կրթօջախներում ևս կվերսկսվեն ուսումնական պարապմունքները։
Քանի որ Սզնեք համայնքը հարակից է թշնամու կողմից օկուպացված տարածքներին, առայժմ այնտեղ վերադարձողները քիչ են, երեխաներ չկան ու չեն հաճախում դպրոց։ Անգամ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն ուսումնական պարապմունքները։ Ինչ վերաբերում է մյուս երկու դպրոցներին՝ Սառնաղբյուրի և Փառուխի, դրանք ևս ունեն իրենց պատճառները. առաջինն ունի երկու, իսկ երկրորդը՝ չորս աշախկերտ, որոնք դեռևս գտնվում են ՀՀ-ում։
Գործընթացին ուսուցիչների և աշակերտների ընդգրկվածությունը կազմում է 90-95 տոկոս, քանի որ տեղահանված բնակչության մի մասը դեռևս գտնվում է Հայաստանում, և նրանց դպրոցահասակ երեխաները հաճախում են ՀՀ տարբեր կրթօջախներ։ Դասավանդող 471 ուսուցիչներից 460-ը հաճախում են աշխատանքի։ Իսկ շրջանի 1800 աշակերտից ներկայում դպրոց է հաճախում 1600-ը։ Եվս 105 աշակերտ, որոնք տեղահանված բնակավայրերից են, ընդգրկվել և հաճախում են են շրջանի տարբեր կրթօջախներ (Նորագյուղ, Աստղաշեն, Իվանյան, Խնապատ, Հարավ, Քռասնի, Դահրավ, Հովսեփավան)։
Ասկերան շրջկենտրոնում գործում է մեկ դպրոց՝ 347 աշակերտով։ Այսօրվա դրությամբ կրթօջախ է հաճախում 300 աշակերտ։ Փոխարենն այդ դպրոցում ևս 40 աշակերտ է ավելացել տեղահանվածների հաշվին։
ՙԱշակերտների թիվը վերջնական չէ, բոլորը չեն վերադարձել Հայաստանից։ Մի մասը չի վերադառնում կացարան չունենալու պատճառով։ Համոզված եմ՝ վնասված բնակարանները վերանորոգելուց հետո բոլորը կվերադառնան իրենց օջախները՚,- ասաց Գրիշա Մարտիրոսյանը։