[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հունվարի 23-ին Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան հ. 9 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների` 2020-2021 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս տարի այն անցկացվում է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, Նախնական զինվորական պատրաստություն առարկաներից: 

Առաջին օրը իրենց գիտելիքներն են չափել պատանի մաթեմատիկոսները: ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց, որ մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցել է 5-12-րդ դասարանների շուրջ 45 աշակերտ Ստեփանակերտից և շրջաններից: Առաջադրանքները ստացվել են ՀՀ համապատասխան նախարարությունից, և ստուգումն էլ իրականացվելու է այնտեղ: Միավորների շեմը հաղթահարած դպրոցականները կմասնակցեն օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլին:
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է նաև, որ հունվարի 28-ին Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում կանցկացվի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (МФТИ) կողմից կազմակերպված ՙՖիզտեխ՚ օլիմպիադայի առաջին փուլը: Օլիմպիադայի հիմնական նպատակն աշակերտների շրջանում ֆիզիկայի և մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրության խթանումն է, ինչպես նաև ստեղծագործական ունակությունների բացահայտումը: Առաջին փուլը հաղթահարած աշակերտները կմասնակցեն ՙՖիզտեխ՚-2021 օլիմպիադայի եզրափակիչ փուլին, որի հաղթողներն առանց մրցութային քննությունների կարող են ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ: Օլիմպիադան կանցկացվի երկու առարկայից` ֆիզիկայից և մաթեմատիկայից:
Ցանկացողները օլիմպիադայի մասնակցության պայմաններին կարող են ծանոթանալ ԱՀ ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջից: