ԶԻՆՎՈՐՅԱԼԻ ՍՐՏՈՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ
Հունվարի 26-ին բոլորում է մեր գործընկեր Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ծննդյան 60-ամյակը։ Անձնավորություն, ով ճիշտ մտավորականի իր կեցվածքն ունի, և որից նա կյանքի ոչ մի իրավիճակում մեկ քայլ անգամ չի նահանջել։ Բանաստեղծուհի, լրագրող, ով իր ազգի համար ճակատագրական օրերի՝ անկումի ու խոյացումի զգայուն հետևողն է ու մասնակիցը՝ ոչ հեռու անցյալում ու նաև մեր օրերում։
Ծնվել է 1961թ.՝ Ասկերանի շրջանի Խանածախ գյուղում։ 1986թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ Դեռևս 1974 թվականից բանաստեղծություններով ու հոդվածներով տպագրվել է պարբերական մամուլում, հանդեսներում։ Աշխատել է ՙԳարուն՚ ամսագրում (1987-1990թթ.), ՙՄունետիկ՚ թերթում՝ որպես Արցախի թղթակից (1990-1992թթ.)։ 1994-1997թթ. աշխատանքի է անցել ՙԼՂ Հանրապետություն՚ (ներկայիս ՙԱզատ Արցախ՚) թերթում՝ որպես լրագրող-մեկնաբան։ 1997-ից աշխատել է ԱՀ Պաշտպանության բանակի ՙՄարտիկ՚ պաշտոնաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնակատար, ավագ խմբագիր։ ՊԲ-ից զորացրվել է 2011թ.-ին՝ մայորի զինվորական կոչումով։
ԱՀ ՙՄայրություն՚ ՀԿ համանախագահ է։ 2011 թվականից առ այսօր ՙԱզատ Արցախ՚ թերթի էկոնոմիկայի բաժնի խմբագիր է։
Ս. Մարգարյանը հեղինակ է մեկ տասնյակից ավելի բանստեղծական ու փաստավավերագրական գրքերի, մի շարք երգերի տեքստերի և հեռուստաֆիլմերի։ Արժանացել է Եղիշեի անվան պետական և ՌԴ ՙԿովկասն իմ տունն է՚ (2003-2008թթ.) մրցանակների։ Պարգևատրվել է ՙՄարտական ծառայություն՚, ՙԱնբասիր ծառայության համար՚ (1-ին և 2-րդ աստիճաններ) և մոտ երկու տասնյակից ավելի այլ մեդալներով։
Աշխատավայրում աշխատասեր, ազնիվ, գործին նվիրված։ Չափազանց բարի, ընկերասեր ու մարդամոտ, կարիքավորին միշտ հարեհաս. այսպիսին է նա՝ մեր սիրելի գործընկերուհի Սիրվարդ Մարգարյանը։ Ինչպես ինքն է ասում՝՝ արարման մեջ է իր երջանկությունը։
Առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ ու լավատեսություն մաղթենք նրան՝ համոզված, որ Սիրվարդի համար 60-ն ընդամենը թվաբանություն է և ոչ տարիք։ Տարիքի համար նա դեռ ճանապարհ ունի անցնելու։
ՙԱԱ՚
Դեռևս ուսանողուհի` Սիրվարդ Մարգարյանը խոսում էր պոեզիայի լեզվով։ Բանաստեղծություններ էր գրում, սակայն չէր համարձակվում բարձրաձայնել իր երգերի ծննդի մասին։ Եվ ահա, եթե չեմ սխալվում, 1983-ին էր, որպես դասախոս, անձամբ խնդրեցի, որ կարդա հենց իր հավանած բանաստեղծություններից մի քանիսը։ Եվ կարդաց։ Ուրախությամբ և, ըստ էության, ոգևորեցի նրան, ասելով. ՙՇարունակիր, դու բարուրվել ես պոեզիայի լուսաշողերով՚։ Չէի սխալվել։
1986-ին Սիրվարդն ավարտեց Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ու կյանք մտավ ՝ երգը շուրթին, ստեղծագործելու ծարավով։ Ճանապարհի ընտրությունը ճիշտ էր ու բախտորոշ, այն առումով, որ արարելու նրա ձգտումը զարդարվում էր խոսքի սեփական փնջով։
Կյանքում լինում են նաև առեղծվածային երևույթներ, ավելի շուտ` անսպասելի դիպվածներ։ Կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում է Սիրվարդին։ Այդ քնքշասիրտ ու նուրբ արցախուհին աշխատանքի անցավ Արցախի ՊԲ ՙՄարտիկ՚ պաշտոնաթերթում։ Ասել է թե՝ Սիրվարդը դարձավ զինվորյալ սպա և 1997-2011 թվականներին իրեն դրսևորեց որպես հայրենիքի պաշտպան-գրող՝ բառի ամենալայն իմաստով։ Այդ տարիներին ամբողջությամբ դրսևորվեցին Սիրվարդ Մարգարյանի աստվածանվեր կարողությունները որպես լրագրող ու բանաստեղծուհի, հրապարակախոս ու հրատարակչական հմուտ գործիչ։
1988-ին Երևանում հրատարակվեց նրա ՙՂարաբաղ՚ բանաստեղծությու՜նների ժողովածուն՝ հաստատուն հույս ներկայացնելով որպես քնարերգու։ 1999-ին Սիրվարդն ընթերցողի սեղանին դրեց ՙՄարտակերտ, չհայտարարված պատերազմի կիզակետ՚ վավերագրական գիրքը, որն ընդունվեց ոգևորությամբ։ Որպես համահեղինակ՝ Սիրվարդն իր նկատելի ներդրումն ունեցավ ՙՂարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994՚ հանրագիտարանում (Երևան, 2004), ՙՄայրս պատկերն է Մայր Հայրենիքիս՚ գիրք-ալբոմում (2008), ՙՀաղթանակներն՝ ինչպես եղել են. Ազդականչ 44՚ վավերագրական գրքում, ՙԱրդար դատիր՝ արդար կդատվես՚ ժողովածուում (2009)։ Եվ ոչ միայն այդ։ Սիրվարդն ստեղծագործողի իր կարողությունը դրսևորեց նաև տեսաֆիլմերի թողարկման բնագավառում։ Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց նրա ՙՔայլող Խաչքար՝ Արցախամայր՚ (2003), ՙԽաչվող ճամփաբաժաններ՚ (2004), ՙՄշտարթուն լուսերգություն՚ (2008), ՙԿենաց նարոտներ՚ (2013) տեսաֆիլմերը։ Նրա ՙԱպրելու հաղթանակը՚ ֆիլմն արժանացել է ՙԿովկասը իմ տունն է՚ մրցանակի՝ Ռուսաստանի Դաշնությունում (2008)։ Իսկ մինչև այդ, ՙՔայլող խաչքար՝ Արցախամայր՚ տեսաֆիլմի համար Սիրվարդը 2003թ. արժանացել է պետական մրցանակի։
Հաճելի է նշել, որ Ս. Մարգարյանը պարգևատրվել է նաև ՙԱնբասիր ծառայության համար՚ (1-ին և 2-րդ աստիճանի), ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ ՙԵրկրապահ՚, ՙԱսպետաց մայր՚ մեդալներով։
Ս. Մարգարյանի ստեղծագործական կարողությունների ակնառու դրսևորումների խոսուն վկայություններ են ՙԵրբ լույս էր կաթում օրվա գույներից՚ բանաստեղծությունների ժողովածուն (2010) և ՙՈգու լեգենդը՚ փաստագրական գիրքը (2012)՝ նվիրված ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանակիր Վլադիմիր Ալյոշայի Բալայանի սխրագործությանն Արցախյան պատերազմում։ Գրքի ՙՎարք քաջաց, վարք սրբոց՚ նախաբանում Սիրվարդը ոչ միայն կարողացել է համառոտակի բնութագրել Վլադիմիր Բալայանի սխրանքն ու նահատակվելու ազգափրկիչ իմաստը, այլև կրկին դրսևորել է պատկերավոր և իմաստալից խոսելու աստվածանվեր շնորհքը։
Ս. Մարգարյանն ազատամարտիկ-բանաստեղծուհի է՝ մարտական ոգով, հայուհու նրբանուրբ սրտով։ Զինվորյալի նրա անցած ճանապարհը կենսափորձ, իմաստության դաս է։
Տարիների ստեղծագործական փորձը, հրապարակախոսական ու լրագրական ելույթները ոչ միայն հարստացրել են Սիրվարդի գիտելիքներն ու արտահայտչամիջոցները, այլև բացել են պատմական անցյալի և ներկայի անխախտ առնչությունների առեղծվածը։
Ծանոթանալով Ս. Մարգարյանի գրական ստեղծագործությանը, լրագրողի և հրապարակախոսի գործունեությանը` անթաքույց մի հպարտություն ես զգում ու կրկին համոզվում, որ արցախյան ազգային-ազատագրական պատերազմը պետք է ավարտվեր հաղթանակով, որովհետև նրա կրակների մեջ իրենց սրտերն են պարզել ոչ միայն քաջ այրերն հայոց, այլև դուստրերն արծվասիրտ, որոնցից մեկն էլ բանաստեղծուհի, հրապարակախոս Սիրվարդ Մարգարյանն է, ով դեռևս իր ասելիքն ունի` որպես բանաստեղծ ու լրագրող։
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր
ՇՈՒՇԻ
Եկա, որ ինձնով լցոնեմ
դալուկ ավերակներիդ ճաքճքած լռությունը…
Իմ կենսահյութով սնուցեմ
քարերդ տեղաշարժող կանաչ ծիլը,
Ու ձայնս ընծայեմ եկեղեցիներիդ
Եռաձայն Պատարագին։
Եկա կաթիլ-կաթիլ ըմպելու
ավերակներիդ պատարագված
ՙՍուրբ-Սուրբ՚-ը։
Եկա պատարագվելու ոգուս ամրոցին,
Եկա՝ ինքս դառնալու Եռաձայն Պատարագ,
Եռագույն Պատարագ՝
Հավերժականչ, անդառնալի,
անմեկնելի…
Իմ Շուշին հավատընծա
Պատմության խղճի լուսանցքներում
Մոմեր վառել, լուռ աղոթում է…
Ժամանակի ոսկեծիրում
հավատքիս ՙՓյունիկը՚
Ժամ ու Պատարագ է ցրում
օրերի պարունակով,
…Խղճի թասն աշխարհի
շուռ է եկել՝ որպես դատարկ
արձագանք։
Շուշին՝ հավատքիս խղճին
Մատուռված բերդակուռ ոստանս,
Ինքն է լցոնում խղճի թասն աշխարհի…
ԵՐԿՐԻՍ ԶԻՆՎՈՐԻՆ…
Հավերժական ոչինչ չկա աշխարհում
Միայն քո սխրանքն է հավերժ,
Ու ոգուդ թռիչքը անշեղ,
Անշեղ է նետը սլացքիդ…
Դու՝ ուժը երկրիս ու հիմնասյունը,
Երկրիս ներսից բացվող ճանապարհ,
Որ խաղաղության մանանա շաղում,
առավոտներիս լույս է խմորում։
Տերն ես ոչ միայն այդ ճանապարհի,
Երկրից-էրգիր ձգվող բոլոր ճամփեքին
Տեր ու տիրական։
Մենք միասին ենք անցնելու այն
Ուս ուսի, թև թևի, թիկունք թիկունքի ու բերդապարով։
Մենք միասին ենք՝ երկրի ընդերքի
չպեղված գանձն ենք,
Որով գնվելու են մեր բոլոր տեսլականները՝
հայահավաք-հողահավաքի։
Մեր ընդերքի ոսկին արնաշաղախ
անգին է ու թանկ,
Ինչպես տղաներն այն, որ գնացին
ՙԿրակե շապիկ՚ հագած, ու էլ ետ չեկան…
ԿԵՆԱՑ ՀԱՑՍ
Ս.Խ.-ին
Հայրենիքիս համն ու բույրը ես առնում
եմ թոնրահացից՝ պողը շրթին,
Մեր լավաշից՝ գինով նշխար,
Հայրենիքիս համն ու հոտը ուրցիս
բույրն է,
Երիցուկիս թերթ-թերթ խիղճը,
անթառամն է, անմոռուկը՝ ցավի կանչի,
Տատիս կավե գավից կախված գլուլ-
գլուլ թանի կաթն է,
Որ կաթում է մեռոնի պես՝ պղինձ թասում,
Իմ զինվորի դիրքեր ելնող ոտնահետքի
ակոսներում խոնարհ բացված
ձնծաղիկի, դաղձի ծաղկի, անուշաբույր մանուշակի խոնարհումն է։
Մատյան ծաղկող կենաց հացս իմ
հավատն է, որ բալենու հարսնաքողի
պուտ-պուտ նախշով ետ է տանում վարագույրը բացվող օրվա,
գալիք տարվա, ժամանակի…
…Տարիներս ձեռագործվում, լավաշ
հացի, թոնրահացի բույր-հմայքով
գալիք օրվա համն են շաղում ու ջուր
խմում ժամանակի ստինք-կուլայից։
ԵՎԱ
Տատիկիս
Երազիս մեջ իմ մանկության
կածաններում
Երեքնուկի տերևներից փնջեր
կապում
Ագուցում են նշխար-նշխար
կարոտներս…
Տատիս ուրցոտ փեշերի մեջ
Փաթաթում եմ իմ հուշերը
Հինում-կապում իմ մանկության
արմատիքով,
Երազիս մեջ հողակտուր իմ խրճիթում
Երեքնուկի թերթիկներից մեկիկ-մեկիկ
հուշեր կապում,
Տատ ու պապոտ իմ փնջերով ագուցում
եմ ապրումներիս
Ծերատ-պռատ կարոտներին…
Երազիս մեջ լուսե տատիս
Ծաղկանկար գլխաշորում
Հավաքում եմ իմ հուշերը
Թելիկ-թելիկ հիմնում-կապում
Կենաց Ծառիս նարոտները…
ԵՍ ԱՄԵՆ ՕՐ ԳՏՆՈՒՄ ԵՄ ՔԵԶ…
Ես պեղում եմ ժամանակիս ջիղը
ներվաթել,
Պեղում եմ գոյությանդ արմատիքը,
Ու կաղնու զորությունը գտնում
բազկիդ
արձագանքներում,
Քեզ կորցնելու տագնապից ամեն օր
գտնում եմ քեզ,
Երկրիս երակը լցնում արյանդ թանձր
ավիշով,
Իմ դուռը բացվում է կրնկի վրա,
Բացելով դուռը հավատքիս։
Ես ամեն օր գտնում եմ քեզ,
Որ չկորցնեմ երկրիս ներվաթելը,
Ես ամեն օր բացում եմ ապրելուս
գաղտնաբառը
Քո՝ Զինվոր-Զորականիդ նկարագրով…