ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը տեղակայվել է Ալ. Գրիբոյեդովի անվան հ. 3 միջնակարգի շենքում: Տնօրեն Գայանե Գրիգորյանի հետ զրուցեցինք հետպատերազմյան իրավիճակում, նոր պայմաններում մեկնարկած ուսումնական աշխատանքների ընթացքի, ծառացած խնդիրների և այլ հարցերի շուրջ:
Դպրոցն իր գործունեությունն սկսել է փետրվարի 15-ից: Մինչև կոլեկտիվն այստեղ տեղափոխվելը՝ փոխտնօրեն Սուսաննա Ղուլյանը անհատական աշխատանք է տարել աշակերտներին ցուցակագրելու առումով. ծնողների հետ կապվելով ճշտել է՝ արդյո՞ք դպրոցը վերագործարկելու դեպքում երեխան հաճախելու է և հարյուրին հասնելուց հետո սկսել է ուսուցչական կոլեկտիվի համալրումը: Փետրվարի 15-ի դրությամբ ներկայացել էր 82 աշակերտ, այսօրվա դրությամբ՝ շուրջ 170 և ամեն օր նրանց թիվն ավելանում է: Աշակերտները Հադրութից և շրջանի գյուղերից են, կան նաև Ստեփանակերտից ու Մատաղիսից: Դպրոցն ուսուցիչներով նույնպես համալրված է, հիմնականում շրջանի գյուղերից են: 25 հոգուց միայն 5-ն են 3-րդ դպրոցից՝ հաշվի առնելով, որ այդ կրթօջախի Կերպարվեստ, Տեխնոլոգիա, Ինֆորմատիկա առարկաներն ունեն տեխնիկապես հագեցած կաբինետներ, և որպեսզի հադրութցի աշակերտները կարողանան օգտվել դրանցից, այդ մասնագետներին ևս ընդգրկել են: Ու նաև ՙԱզգային երգ-պար՚-ն են դասավանդում հ. 3 կրթօջախի ուսուցիչները:
Դպրոցն ունի 1-12-րդ դասարանները, ընդ որում, դրանք սակավակազմ չեն: 5-րդ դասարանում արդեն 22 աշակերտ կա: Համեմատաբար փոքրաթիվ են ցածր դասարանները: Դա էլ կապված է այն բանի հետ, որ երեխան ինքնուրույն չի կարող քաղաքի մի ծայրից մյուսը տեղափոխվել, ծնողը պետք է ուղեկցի: Ու այստեղ մեծ դեր ունի նաև տրանսպորտից օգտվելու հարցը. չաշխատող ծնողի համար օրական 200 դրամը թանկ հաճույք է: Իսկ մնացած 5-12-րդ դասարանները 15-ից բարձր թվով են:
Հետաքրքիրն այն է, որ հաճախողների մեծ մասը Ստեփանակերտի մյուս դպրոցներում սովորող հադրութցիները չեն, որտեղ նրանց թիվը հասնում է 355-ի, այլ դպրոցը բացվելու կապակցությամբ Հայաստանից նոր տեղափոխվածները: Փաստորեն, Հադրութի դպրոցն այսօր տուն կանչող օջախ է:
ՙՄեր տրամադրությունը մարտական է: Մեծ տարբերություն կա, քանի որ հիմա միասին ենք, որ մեր բարբառն է հնչում: Հույս ունենք, որ նոր ուսումնականը սկսելու ենք Հադրութում, ամեն մեկս` մեր բնակավայրում: Երեխաներն էլ են նույն ձևով տրամադրված, որ այս ամենը ժամանակավոր է՚,-ասաց տնօրենը, որին լրացնում էին մյուս մանկավարժները:
Նրանց համոզմամբ, ավելի շատ ընտանիքներ Արցախ կտեղափոխվեին, եթե նրանց բնակարանային հարցը լուծվեր: Հետաքրքիրն այն է, որ Հադրութի շրջանի գյուղերի բնակիչները ՀՀ-ից ավելի շատ են վերադառնում, քան բուն Հադրութ քաղաքից: Ըստ տնօրենի, պատճառն այն է, որ մի շարք կազմակերպություններ սին խոստումներ են տալիս նրանց, հակառուսական տրամադրություններ ներշնչում. ՙՉեղած բան է, որ Հադրութը չլինի, Ղարաբաղի ադամանդը պիտի վերադարձվի: Թեկուզ ավերված, թեկուզ հրդեհված, մենք պիտի վերադառնանք մեր հողը՚,-այլ տարբերակ չի տեսնում դպրոցի տնօրենը, և նույն տրամադրությունն ունեն կոլեկտիվն ու շրջապատը:
Իսկ աշխատավարձի, տան վարձի, Հադրութում թողած փաստաթղթերի և այլ հարցերով պայմանավորված քաշքշուկները նա լուծվող է համարում և ասում, որ պետք չէ դրանցից ողբերգություն սարքել, բայց և այն կարծիքին է, որ չպետք է առանց այն էլ մարդկանց սասանված հավատն ավելի թուլացնել:
Փետրվարի 15-ից գործարկվել է նաև Հադրութի արվեստի դպրոցը, որը տեղակայված է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: Միջնակարգ և արվեստի դպրոցներն իրար հարևանությամբ են, իրար մոտ լինելու հանգամանքը նույնպես դրական զգացողություններ է առաջացրել հադրութցիների մոտ:
Արվեստի դպրոցի տնօրեն Տաթև Մկրտչյանը ստիպված է ոչ միայն պատերազմի փորձությունները հաղթահարել. դեռ երկու ամիսը չէր լրացել, որ Հադրութում նշանակել էին տնօրեն, երբ սկսվեց պատերազմը: Եվ այսօր երիտասարդ տնօրենը փոխտնօրեն Մարինե Միրզաջանյանի հետ մեծ ջանքեր պետք է գործադրի կոլեկտիվը նորից հավաքելու և բնականոն գործունեություն սկսելու համար:
Սկզբում բացել են դաշնամուրի բաժինը, արդեն 10 աշակերտ ունեն, 8 աշակերտով՝ երգեցողության բաժինը: Պարի երկու խումբ են ձևավորել, ընդ որում՝ անցնում են պարի բոլոր տեսակները՝ դասական, ժամանակակից, ժողովրդական: Բացել են կիթառի, ակորդեոնի, դհոլի, թատերարվեստի բաժիններ: Գոբելենի և կերպարվեստի բաժիններ կբացեն, երբ համապատասխան նյութերը ունենան: Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց և՜ Հայաստանի, և՜ Արցախի մեր հայրենակիցներին, պատկան մարմիններին՝ ցուցաբերած ջերմության և աջակցության համար:
ՙՄենք գիտակցում ենք, որ այսօր մեր պայքարի հ. 1 ձևն Արցախում ապրելն է: Հավատով ենք եկել, իմ շրջապատում բոլորն Արցախ են ձգտում: Մեզանից էլ կախված է կենսունակ պահել մեր մշակույթը՚,-իրենց առաքելության բարձր գիտակցումով արվեստի դպրոցի աշխատանքներն է պլանավորում տնօրեն Տաթև Մկրտչյանը: