ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ՝ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ
ՙՈգի-Նաիրի՚ գեղարվեստի կենտրոնը թարգմանական հրատարակչական ծրագրով (ՙԳեղ.arm՚ հանդեսի մատենաշարով) շարունակում է անդրադառնալ չինական մշակույթին։ Այս անգամ մեր ընթերցողները հնարավորություն են ստացել կարդալ Կոնֆուցիոսին` նրա բնագիր խոսքի և օրինակելի փոխադրության հայերեն վերարտադրությամբ։ ՙԶրույցներ՚-ը թարգմանել է Պավել Ճաղարյանը։ Մեծ իմաստասերի զրույցները դարերի ընթացքում արժանացել են բազմաթիվ մեկնաբանությունների, իսկ չին հայտնի լեզվաբան, բանասեր Յան Բոձյուն, ով մեծ ավանդ ունի բանահավաքության ասպարեզում, արդի կոնֆուցիագիտության հեղինակավոր անուններից է, իսկ այս գիրքը թերևս ամենանշանակալիներից է նմանօրինակ ուսումնասիրություններից։
Գրքի թարգմանիչը նախաբանում պարզաբանում է Կոնֆուցիոսի և նրա զրույցների հաջողության գաղտնիքը. իմաստությունը դյուրըմբռնելի է, առօրեական, սակայն ողջ պարզության մեջ անհնար է չնկատել նրա գաղափարների անկրկնելի վիթխարիությունը։ ՙԶրույցներ՚-ը հսկայական ազդեցություն են ունեցել Չինաստանում՝ ձևավորելով ազգային հոգեբանություն։
Դեռևս մ.թ.ա երկրորդ դարում կայսրը սահմանեց պետական քննությունների համակարգ, և դիմորդները՝ ապագա քաղաքական և ռազմական գործիչները, պետք է անգիր իմանային կոնֆուցիականների աշխատությունները, իսկ մ.թ.ա 59թ. մեկ ուրիշ կայսր կառավարման ապարատի բարեփոխումների շրջանակում տերունական պաշտոնյաների համար պարտադիր դարձրեց ՙԶրույցներ՚-ի խորը ուսումնասիրությունը։ Դա կարիերայի աճի լուրջ նախահիմքն էր։ Կոնֆուցիական գաղափարների շնորհիվ հնարավոր դարձավ ողջ երկրում կարգավորել սոցիալական փոխհարաբերությունները՝ տիրակալի և հպատակների, ծնողների և զավակների, ամուսնու և կնոջ, բարեկամների միջև։ Զրույցներում ժողովուրդը զորեղ է, բայց անդեմ ու անձև, կույր ուժ է, որ առանց հմուտ կառավարչի ընդունակ է միայն անպտուղ ու կործանարար ընդվզումների։ Ուշագրավ է նաև բարոյական, առաքինի անձի կատարելատիպի ներկայացվածությունը ՙԶրույցներ՚-ում։ Կառավարման համակարգում ներգրավվող ապագա աստիճանավորների մասնագիտական ընտրության հիմքում պետք է ընկած լինի ձգտումը ուսման հանդեպ և կատարելագործումը։ Եվ բաղձալի պաշտոնին կարող էին տիրանալ միայն արժանավորները։ Կոնֆուցիական գաղափարի շուրջ ձևավորվում է առաքինի, բարձր բարոյականություն ունեցող պաշտոնյաների պատրաստության լրջագույն համակարգ։ Մեջբերենք մի քանի դրույթ. ՙԵթե պետության մեջ անարդարություն է տիրում, ամոթալի է հարուստ ու նշանավոր լինելը՚։ ՙԵրբ մեղավորները չեն պատժվում, ժողովուրդը վայրենանում է՚։ Ուսուցիչն ասաց. ՙԱզնիվ մարդը նա է, ով միավորում է բոլորին և դավեր չի նյութում, իսկ նվաստը դավեր է նյութում` տարանջատելով բոլորին՚։ Կոնֆուցիականությունը չինական մշակույթի պահպանության, հասարակական և տնտեսական կյանքի բարգավաճման գաղափարական գրավականն է։ Կոնֆուցիոսը եղել է Ուսուցիչ, հասարակ մի մարդ՝ իր առաքելություններով, հույզերով, ապրումներով, ուրախություններով ու հիասթափություններով, ինքն իրեն կատարելատիպեց բավականին հեռու համարող մեկը։
Կոնֆուցիոսի ՙԶրույցներ՚-ը թարգմանելը մեծ պատասխանատվություն է, որը թարգմանիչ Պավել Ճաղարյանն արել է ջանասիրաբար և զգուշորեն, ինչպես ինքն է խոստովանում, մարդկության մեծագույն Ուսուցչի ժառանգությունը չաղավաղելու համար։
ՙԱԱ՚