[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում այսօր կազմակերպված ցուցահանդեսը կրում էր ՚՚Շուշիս՚՚ խորագիրը: Ցուցահանդեսի նախաձեռնությունը ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնինն էր՝ Օտար լեզուների ամբիոնի և գրադարանի աջակցությամբ: Ներկա էին դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: Ելույթ ունեցան համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովը, բ.գ.դոկտոր պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ԱրՊՀ դասախոս, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին Շուշիին առնչվող 110 աշխատություններ՝ գրքեր, գիտական հոդվածներ, հանդեսներ, տեղեկագրեր, որոնք տպագրվել էին հենց Շուշիում: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև տեղեկատվական պաստառներ, գերմանական, ֆրանսիական և ռուսական փոստային բացիկներ, որոնց կարևորությունը կայանում է նրանում, որ բացիկների վրա բացառապես գրված է Շուշի անունը:

-Ցուցահանդեսի խորագիրը պատահական չենք ընտրել. Շուշին մեզանից յուրաքանչյուրինն է: Ամենքիս պարտքն է կոնկրետ քայլեր ձեռնարկել օր առաջ նրա փառքը վերադարձնելու: Իզուր չէ , որ Շուշին անվանում են Կովկասի Փարիզ,- նշեց Հ. Ավանեսովը:

՚՚Տա Աստված , որ այսուհետ Շուշիի հետ կապված բոլոր ցուցահանդեսները կազմակերպվեն հենց Շուշիում: Պետք է ուժ գտնենք մեր մեջ համազգային սգից դուրս գալու և հնարավորինս արագ պատմամշակութային արժեքները վերականգնելուՙՙ,- իր խոսքում ընդգծեց Լ. Հովհաննիսյանը:

՚՚Շուշին մեր չսպիացող պատմությունն է. ինչքան էլ  ավազակաբարո ուժերը փորձեն ժողովուրդներից խլել իրենց պատմական  տարածքները, միևնույն է ՝ տիրոջ սրտում դաջված տարածքները պետք է վերադարձվեն՚՚,- նշեց Ս. Խանյանը:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը  Շուշիի պատմական անցյալն արժևորելն ու քաղաքակրթական արժեքները վերաիմաստավորելն է: Ցուցահանդեսը նաև պահանջատիրական բնույթ է կրում: Այն կգործի մինչև մայիսի 10-ը, որից հետո մշտապես կթարմացվի ու հասանելի կլինի արդեն օնլայն տիրույթում: