ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության և մասնագիտությունների ցանկի` դիմորդների հայտագրման գործընթացը, որը սկսվել էր ապրիլի 15-ից: Ինչպես տեղեկացնում է ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը` ունենք 619 դիմորդ, շուրջ 31 տոկոսը հայտագրվել է ՀՀ բուհերի համար` Արցախին հատկացված նպատակային տեղերով և ընդհանուր հիմունքներով ընդունելության քննություններին մասնակցելու համար: Նրանցից 121-ը հայտագրվել է նպատակային տեղերի /60 անվճար և 30 վճարովի/, 68-ը՝ ոչ նպատակային տեղերի համար:
ՀՀ բուհերի համար դիմորդների թիվը հատկապես աճել է վերջին օրերին հայաստանյան տեղեկատվական մի շարք կազմակերպությունների կողմից հովանավորչական նախաձեռնության մասին հայտարարությունից հետո. բնագիտամաթեմատիկական ուղղությամբ /ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոֆիզիկա, էլեկտրոնիկա և այլն/ ՀՀ բուհեր ընդունված արցախցի 10 ուսանողի ուսման վարձավճարները կփոխհատուցեն այդ կազմակերպությունները: Այդ դիմորդների միջև առանձին մրցույթ կանցկացվի:
Այս տարի էլ մեծ թիվ են կազմում ՙԲուժական գործ՚ մասնագիտության դիմորդները՝ 8 անվճար և 7 վճարովի տեղի համար՝ 47 հոգի: Մրցույթ է լինելու ՙՇուկայագիտություն՚՝ ընդհանուր 3 տեղի համար՝ 12, ՙՏեղեկատվական անվտանգություն՚ /8/, ՙԻնֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա՚ /7/, ՙՄիջազգային հարաբերություններ՚ /5/ մասնագիտություններում, կոնսերվատորիայում /10/:
ՀՀ բուհերում Արցախին հատկացված տեղերով մասնագիտություններ կան, որ դիմորդներ չեն հայտագրվել /Ագրարային, Էներգետիկա, Մեքենաշինություն, Ջերմա?ազամատակարարում, Շենքերի նախագծում/:
Արցախի պետական համալսարան դիմել է 350 հոգի: Այստեղ մեծ քանակ են կազմում ՙԱնգլերեն լեզու՚ /48/, ՙԻրավագիտություն՚ /42/, ՙՏեղեկատվական տեխնոլոգիաներ՚ /41/, ՙՀայոց լեզու և գրականություն՚ /39/, ՙՖինանսներ՚ /38/ մասնագիտությունների դիմորդները:
Մյուս բուհերի համար ևս հայտագրվածներ կան. Շուշիի տեխնոլոգիական համալսարան` 25 հոգի, ՙՄեսրոպ Մաշտոց՚` 32, ՙԳրիգոր Նարեկացի՚`18, ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտ` 6:
ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ պատրաստվում են քննական կենտրոնների ձևավորմանը: Նախատեսել են 5 քննական կենտրոն Ստեփանակերտի հ. 1, 2, 6, 7, 8 դպրոցներում: