[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՇԱՆՍՈՆՅԵԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

Մայիսի 22-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Օրը նշանավորվում է նաև Շ. Ազնավուրի ծննդյան 97-ամյակով։ Ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, մշակույթի ոլորտի պատասխանատուներ, ուսանողներ, աշակերտներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ։ Կիսանդրու հեղինակն արցախցի արվեստագետ Յուրի Հովհաննիսյանն է։ Նրա խոսքով` հուշարձանը երախտիքի խոսք է հայ ժողովրդի արցախյան հատվածի կողմից ֆրանսիական ժողովրդին. "Ապրելով և ստեղծագործելով արվեստների մայրաքաղաք Ֆրանսիայում, նա որպես պոետ ու երգիչ Սայաթ-Նովայի ու ֆրանսիական ժողովրդական երգարվեստի ավանդույթներին միաձուլեց իր ինքնատիպ հոգեպարար երգը` դառնալով համայն մարդկության սիրո պատգամախոս։ Նա ծնվեց և ապրեց որպես հայ և ստեղծագործեց որպես ֆրանսիացի` դառնալով հայ և ֆրանսիական ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Թող Ազնավուրի ծիծաղը ուղեկից լինի մեզ` ի փառս հայ և ֆրանսիական ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու մղի մեզ հաղթանակների"։

Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանն իր ելույթում ասաց. "Հպարտ ենք, որ մեր կենտրոնը կրում է ազգանվեր գործչի անունը"։ Նրա բնորոշմամբ` աշխարհը Հայաստանը ճանաչեց նաև Ազնավուրով։ Ազնավուրով Ֆրանսիան առընչվեց հայի ինքնությանը։ Նա իր սիրելի Ֆրանսիայի սիրելի զավակն է, ով միշտ հավատարիմ մնաց մարդասիրության, ազատության, հայրենասիրության, խաղաղության ու սիրո արժեքներին։ Նրա ոգին պարուրում է ողջ երկրագունդը և իր համամարդկային կեցվածքով սիրելի է բոլոր ազգերին։ Իր փառահեղ ներկայությամբ Ազնավուրը շուք գտավ հայ-ֆրանսիական բարեկամության գողտրիկ պուրակում։ Կիսանդրու բացման պատիվը վերապահված էր Յու.Հովհաննիսյանին ու Ա. Հովսեփյանին։ Հանդիսավոր միջոցառումն ընդմիջվում էր Արցախի պարի պետական համույթի և ՛՛Արցախի բալիկներ" երգչախմբի երաժշտական կատարումներով։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծն շանսոնյեի հիշատակը հավերժացնող կիսանդրու պատվանդանին։