[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԵՆՔ, ՈՐ ԱՊՐԵՑՆԵՆՔ...

Լուսինե Շադյան, Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

Մայիսի 31-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանի "Ապրենք, որ ապրեցնենք" խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ներկա էին մշակույթի ոլորտի պատասխանատուներ ու արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը շնորհավորեց արվեստագետին առաջին անգամ Արցախում իր արվեստը ներկայանալու համար և ստեղծագործական հաջողություններ մաղթեց։ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լ. Ղարախանյանի բնորոշմամբ` արվեստագետի աշխատանքների հաջողությունը գաղափարի ու աշխատանքի նվիրումն է. "Պատերազմից հետո պրոֆեսիոնալ մշակութային իրադարձությունների ու հոգեբանական վերականգնման կարիք ունենք։ Ներկայացնում եք արվեստ, որն անցել է բոլոր հաճելի սահմանները` բերելով հանդուրժողականության հոգեշղթա ու բարու և վսեմի լեզու"։ "Հավանաբար պետք էր ամբողջ աշխարհը պտտվել, լավագույն ցուցասրահներում լինել և հենց այս պահին հասկանալ, որ այսօր Արցախը լույսի, գույնի ու լինելիության կարիք ունի։ Այստեղ եմ ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությամբ,"- միասնության գաղափարն այսօր կարևորելով ու արդիական համարելով ասաց Ա. Պետրոսյանը։ Ցուցահանդեսին զուգահեռ մեկնարկեց նաև "Բարու շղթա" բարեգործական ակցիան, որի ողջ հասույթը կուղղվի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտին։ Ցուցահանդեսին ներկայացված էին 30-40 տարբեր շարքեր ներկայացնող աշխատանքներ, որոնք կատարված են արվեստագետի` աշխարհում եզակի յուրահատուկ ոճով` օրգանական ապակու վրա, ոսկյա և արծաթյա բնական թիթեղների համակցությամբ, խառը տեխնիկայով և ներկայացնում են հայկական ազգային մշակութային ժառանգություն։ Բարձր գնահատելով արվեստագետի ինքնատիպ, ինքնաձեռագիր արվեստը` ԱՀ ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանը Արև Պետրոսյանին դասեց Ասլամազյան քույրերի հետևորդների դասին։ Ցուցահանդեսը կգործի 14 օր։