[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ

Միջազգային գիտաժողովը նախանշում է նաև գործունեության ուղղությունները
Հունիսի 28-ին ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում իր աշխատանքները վերսկսեց  ՙՀայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ թեմայով միջազգային գիտաժողովը, որի մեկնարկը տրվել է Երևանում, հունիսի 24-ին։ 
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի և Արցախի պետական համալսարանները, ՀՀ մշակույթի նախարարության ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ը։ Արցախ ժամանած հյուրերի թվում էին գիտնականներ Ֆրանսիայից, Ավստրիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից։ Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել է մարդկային ռեսուրսների զարգացման ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամը։ Լիագումար նիստի համանախագահներն էին ԼՂՀ  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Դադայանը։ 
Բացելով նիստը՝ Ռ. Մարտիրոսյանը երկու հայկական հանրապետությունների գիտական հանրության անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝  ընդգծելով, որ գիտաժողովն ունի հետաքրքիր բովանդակություն և արձագանքներ։ Պատմամշակութային այն ժառանգությունը, որ հայ ժողովուրդը բերել է համաշխարհային քաղաքակրթությանը, հնարավոր չէ մեկ գիտաժողովի կամ մի քանի օրվա ընթացքում, ընդգրկուն կերպով, ներկայացնել միջազգային հանրությանը։ Այդ իսկ առումով ակադեմիկոսը կարևորեց նման միջոցառումն ավանդական դարձնելու հանգամանքը։ Նրա խոսքով,  20-րդ դարի վերջին և 21-րդ դարի մեկուկես տասնամյակի ընթացքում մշակութային, հնագիտական, մարդաբանական հետազոտությունների արդյունքում ստացվել են բավականին հետաքրքիր արդյունքներ, ճշգրտվել են բազմաթիվ տվյալներ պատմամշակութային  ժառանգության տարբեր հատվածների մասին, այդ ժառանգությունն ավելի է հարստացել հավաստի տվյալներով, ինչը հնարավորություն է ընձեռում շարժվել առաջ և մշակել առաջիկա խնդիրները։ Երկրորդ կարևոր հանգամանքը. մեր հարևան երկրի վարձկան մտավորականները զբաղված են զեղծարարությամբ, մեր պատմամշակութային ժառանգության խեղաթյուրումը նրանց համար դարձել է  պրակտիկա, հետևաբար, անհրաժեշտ է ունենալ գիտականորեն հիմնավորված  գաղափարախոսություն, որից էլ պետք է բխի մեր գործունեությունը։ Կոնկրետ աշխատանք՝ կոնկրետ ուղղություններով. սա պիտի դառնա երկու հանրապետությունների գիտական հանրության կարևոր խնդիրներից մեկը։ Առանձնակի ուշադրություն է պահանջում մեր գիտնականների, ինչպես նաև ռուս և  եվրոպացի հետազոտողների ուսումնասիրությունների համակարգումը։ 
Ռ. Մարտիրոսյանի իրազեկմամբ՝ ՀՀ կառավարությունը վերջերս որոշում է ընդունել հայագիտության ռազմավարության վերաբերյալ, ասել է թե՝ դրվել են խնդիրներ պետական մակարդակով, որոնց իրականացումը հրատապ խնդիր է։ ԳԱԱ նախագահն այս գիտաժողովից ակնկալում էր առաջին հերթին հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության պահպանման և արդի հիմնախնդիրների գիտական քննարկումների միջավայրի ձևավորում։ Այդ միջավայրը, նրա համոզմամբ, անհրաժեշտ է ապագա քննարկումների համար։ Երկրորդ՝ հարկ է հնարավորինս ներկայացնել հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության դերը տարածաշրջանային գործընթացների և զարգացումների ընդհանուր համակարգում՝ միաժամանակ նպաստելով պատմագիտության, հայագիտության և այլ ոլորտների մասնագետների կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը։ Եվ վերջապես, անհրաժեշտ է մշակել արդի մարտահրավերներին համապատասխան՝ գիտականորեն հիմնավորված մոտեցումներ, գործողությունների միասնական ծրագիր՝ նոր ռազմավարության  նախապատրաստման համար։ 
Այն հանգամանքը, որ միջազգային գիտաժողովն սկսվել է Երևանում և շարունակվում է Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճում, արդեն իսկ վկայում է մեր երկու հայկական անկախ պետականության համար ընդհանուր պատմամշակութային ժառանգության մասին։ Արցախի տարածքի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության հետ կապված խնդիրներ կան հատկապես հնագիտության ոլորտում։ Ազոխի քարանձավի և Տիգրանակերտի հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ անելիքները բավական շատ են։ Ռ. Մարտիրսյանը կարևորեց նաև  Արցախի գործընկերների կարծիքը բոլոր խնդիրների վերաբերյալ։ ՙՀարևան կեղծարարներին պատասխանելու համար արտաշխարհում պետք է ներկայանանք միասնական կարծիքով և միասնական գաղափարախոսությամբ՚,- ընդգծեց նա։ Ակադեմիկոսի խոսքով, արտերկրի գիտնականների ներկայությունը մի կողմից ծանրակշիռ է դարձնում գիտաժողովը, մյուս կողմից էլ հնարավորություն է ընձեռում այդ մարդկանց՝ շփվել Արցախ աշխարհի պատմամշակութային կոթողների հետ։ 
ԼՂՀ իշխանությունների անունից գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք  հղեց ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ելույթներով հանդես եկան ՌԴ  Դ. Լիխաչովի անվան Մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Երեմեևը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։ ԱրՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Դադայանի զեկույցը նվիրված էր Արցախի պատմամշակութային ժառանգությանը։ Նա անդրադարձավ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանի հակաղարաբաղյան ձեռնարկումներին, որոնց նպատակը հայկական պատմամշակութային կոթողները աղվանական հայտարարելն էր՝ ազերական ցեղի մշակույթին վերագրելու մտայնությամբ։ Ռեկտորի բնութագրմամբ՝ ազերական կեղծարարները գրիչները փոխարինել են նիգերով ու քլունգներով և ոչնչացնում են բռնազավթված հայկական տարածքների հազարամյա հուշարձանները։ ՙՄեր նախնիների թողած ժառանգության ուսոմնասիրումը,-շեշտեց զեկուցողը,- արդիական է բոլոր առումներով, և առաջին հերթին մեզ նորից հուշում է, որ միայն ազգային պետականության գոյության պայմաններում է հնարավոր այդ ժառանգության պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև դրա ուսումնասիրումը լուրջ հիմքերի վրա դնելու գործը՚։ 
Լիագումար նիստից հետո գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց Արցախի մայր բուհում։ Նախքան նիստը սկսելը՝ հյուրերը Ս. Դադայանի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված ուսանողների հուշաքարին։ Այնուհետև համալսարանի նիստերի դահլիճում գիտաժողովի մասնակից զեկուցողներն իրենց ուսումնասիրություններն ու աշխատությունները նվիրեցին Արցախի մայր բուհի գրադարանին։ Այստեղ նիստը նախագահում էր ԱրՊՀ պրոռեկտոր, պ. գ. թ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը։ Առաջինը զեկուցեց Լվովի (Ուկրաինա) արվեստի ազգային ակադեմիայի գիտաշխատող Ի. Գայուկը՝ ՙՀայկական համայնքի մշակութային ժառանգությոնը. ուսումնասիրման և պահպանման հրատապ խնդիրներ՚ թեմայով։ Հետևեց արցախցի հետազոտող Բակուր Կարապետյանի զեկույցը. ներկայացվեցին  Վաչագան Բարեպաշտ թագավորի գործունեության (484-513) հետ կապված որոշ բացահայտումներ։
Օրվա երկրորդ կեսին գիտաժողովի մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին այլ զեկույցներ ևս։ Ծրագրով նախատեսված էին նիստեր առանձին բաժանմունքներում՝ ըստ թեմատիկ ուղղությունների։ Հունիսի 29-ին գիտաժողովը ԱրՊՀ-ում կշարունակի իր աշխատանքը։ 
 
 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ