ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ ԱՅՍՏԵՂ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախում չկա մի ուսումնական հաստատություն, որ 2020թ. 44-օրյա պատերազմում զոհեր տված չլինի: Յուրաքանչյուր հաստատություն, ինչպես ընտանիքները, իրեն հոգեպես հանգիստ չի զգում, մինչև չունենա նահատակների հիշատակին ստեղծված սրբազան անկյուն: Ուսումնական գործընթացին զուգընթաց« ողջ կոլեկտիվը լծված է զոհված շրջանավարտների, աշխատակիցների մասին նյութեր հավաքելու ու նման անկյուն ստեղծելու գործով:
Հունիսի 3-ին հիշատակի արարողություն էր Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում: Տնօրինության նախաձեռնությամբ ստեղծվել է զոհված և անհայտ կորած շրջանավարտների ու սաների հուշատախտակ: 24 հոգու լուսանկարներն են, որոնցից երկուսը համարվում են անհետ կորած: Զոհվածներից երեքը ուսանողներ էին՝ ժամկետային ծառայության մեջ: Հուշատախտակի բացումից հետո հուշ-ցերեկույթ անցկացվեց դահլիճում՝ ՙԿյանքս՝ կյանքիդ համար խորագրով՚:
Բեմահարթակին գեղեցիկ շրջանակներով 24 քաջերի լուսանկարներն են՝ ՙՓառք ու պատիվ՚ վերտառությամբ: Յուրաքանչյուրի մասին բնութագրական խոսք ասաց ուսումնարանի փոխտնօրեն Վարդուհի Բալայանը: Սովորողների կատարումները՝ երգ, պար, արտասանություն, միջոցառման ամբողջ ընթացքում հուզմունքի պահեր պատճառեցին ներկաներին։ Հարազատներից և ուսումնարանի աշխատողներից բացի, միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍՆ և ՊԲ ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցողների խոսքը զերծ էր պաթետիկ ելևէջներից, սակայն՝ գոտեպնդիչ: ՙԴժվար է բառերով սփոփել այն ցավը, որը համակել է ձեզանից յուրաքանչյուրին և բոլորիս,- ասաց ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ« գնդապետ Նորայր Մկրտչյանը:- Դա անբացատրելի ցավ է, որի հետ դատապարտված ենք ապրել, քանի որ այն տարածշրջանը, որտեղ մենք ապրում ենք, լի է մեր լինելիությունը վտանգող մեծ մարտահրավերներով՚: Բայց« այդքանով հանդերձ« հաղթելու միջոցը այստեղ ապրելն է՝ համոզված է բանակի ներկայացուցիչը:
Առավել զգայացունց էր զոհվածների ծնողների խոսքը:
Արսեն Հարությունյանի մայր Թամարա Հարությունյանը կոչ արեց. ՙՍիրելի վշտակից ծնողներ, կյանքը շարունակվում է, ես չեմ ուզում արցունքներով մեծացնել իմ թոռներին: Մենք՝ որդեկորույս ծնողներս, պետք է լինենք ուժեղ, զգաստ, որպեսզի մարդիկ չհուսահատվեն: Մենք պետք է մեր միջից հանենք չարը, ուրախանանք կողքինի հաջողություններով և անպայման կհասնենք հաղթանակի՚:
Իսկ Արթուր Ավանեսյանը, որը որդուն կորցնելուց բացի նաև հայրենի Ակնաղբյուր գյուղն է կորցրել, ասաց.ՙ Մենք մեր որդիներին մատաղել ենք հանուն հայրենյաց, և հպարտ ենք դրա համար՚:
Միջոցառմանը ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, որն ասաց, որ հայ գրականությունից անցած ՙԱնմահները հրամայուն են՚ բառակապակցությունն այսօր առարկայական է դարձել:ՙԱնմահները հրամայում են ազգային ինքնակազմակերպվածության, հրամայում են լինել սկզբունքային մեր վարքագծի ու մեր աշխարհայացքի մեջ՚: Նա շնորհակալություն հայտնեց ուսումնարանի աշխատակազմին և ուսանողներին՝ նման հայրենյաց դաս կազմակերպելու համար:
Ուսումնարանի տնօրեն Միքայել Գասպարյանը զոհվածների հարազատներին մաղթեց ոգու ուժ և կորով՝ նշելով, որ հաստատությունը միշտ կլինի նրանց կողքին: