ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ ...
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Շոշի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված շոշեցի քաջորդիներ` Հրայր Միքայելի Դավթյանի, Արսեն Էդուարդի Ավագյանի, Սասուն Բորիսի Գարաքյանի, Էրիկ Բաշիրի Աղաջանյանի, Միքայել Մանվելի Առստամյանի, Էրիկ Գնելի Ավանեսյանի, Հայկ Գարիկի Խաչատրյանի, Բորիս Արտաշեսի Փարամազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
Բացման արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Լևոն Ծատրյանը, աշխատակազմի ԿՍ բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, զոհվածների հարազատներ, մարտական ընկերներ, հյուրեր։
Դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը, բացելով օրվա միջոցառումը, նշեց.
-Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած այս տղաները մեր հպարտությունն են և այն պայծառ աստղերը, որ մեզ լույս են տալու հավիտյան։ Նրանց նման քաջազուն տղաների շնորհիվ է, որ մենք շարունակում ենք ապրել այս հողի վրա, որի ամեն մի թիզը շաղախված է հերոսների արյամբ։
Դպրոցի երկու դասարաններ անվանակոչվեցին անմահացած շրջանավարտներ` Միքայել Մանվելի Առստամյանի և Էրիկ Գնելի Ավանեսյանի անուններով։
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Ավանեսյանի խոսքը լցված էր հուզմունքով, միաժամանակ նաև հպարտության ելևէջներով.
-Հերոսական Շոշ գյուղն ապրում է ծանր օրեր, որովհետև փակում է ականջները, որպեսզի չլսի հայկական Շուշի քաղաքից հնչող թուրքական մուղամի ձայնը, փակում է աչքերը, որպեսզի չտեսնի թուրք-ադրբեջանական շարասյան ելումուտը մեր սրբազան հողով, երկու ձեռքերով սեղմում է սիրտը, որ չպայթի վշտից, անդառնալի կորուստներից, ցավից։
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր ելույթում ասաց.
-Դժվար է սփոփանքի խոսք գտնել զոհվածների հարազատների և վշտահար մեր ժողովրդի համար։
Սահմանային Շոշ գյուղի դպրոցականները բռունցք արած են գալիս դպրոց, նրանք ամեն օր տեսնում են մեր թշնամուն, նայում նրանց նենգ աչքերի մեջ և արհամարհում ամեն մի վախ, քանզի հայը դատապարտված է վերածնվելու, ապրելու, արարելու։ Մեր սերունդները գիտեն, որ անմահները հրամայում են լինել զորեղ, սկզբունքային։ Նրանք հրամայում են լավ սովորել, կրթվել, լինել համախմբված և վստահ, որ մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնալու ենք այնտեղ, որտեղ ասելիքը մերն է լինելու։
Կառլեն Մայիլյանը, շնորհակալություն հայտնելով դպրոցականներին նվիրական միջոցառում կազմակերպելու և հերոսների հիշատակը վառ պահելու համար, շեշտեց.
-Այս միջոցառումը յուրահատուկ ռազմահայրենասիրական դաս է, որը մեր աշակերտները գերազանց հանձնեցին։ Մենք ականատես եղանք անկեղծ, հոգու խորքից բխող միջոցառման։ Այո՜, մեր տղաները հաղթել են, եկեք միաբանվենք, բռունցք դառնանք, քանզի միայն մենք ունենք ընդգծված թշնամի։ Այսօր մենք պարտավոր ենք սրտացավ լինել միմյանց հանդեպ, առավել ուշադիր` զոհվածների հարազատների նկատմամբ։ Սիրելի՜ աշակերտներ, հորդորում եմ զինվել կայուն գիտելիքով ու գիտակցել մի բան. միայն գիտելիքով օժտված մարդը կարող է անպարտելի լինել։