ՆԱՐԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՏՈՆԻ ԽՈՐՀՐԴՈՎ

 
 Լուսինե ՇԱԴՅԱՆ
 Տիեզերական Վարդապետ Գրիգոր Նարեկացուն նվիրված Վարդատոնը Արցախում մեծ խորհուրդ ունի ոչ միայն արցախցիների, այլև ամբողջ հայության համար, քանզի հայի ինքնությունը կարող է պահպանվել ազգային արժեհամակարգին ամուր կառչելով: "Ազատ Արցախի"-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բ.գ.թ.,դոցենտ Ամալյա Գրիգորյանը՝անդրադառնալով բուհում ավանդաբար նշվող Վարդատոնի խորհրդին։ Նարեկացու անունը կրող համալսարանում ավանդական Վարդատոնն այս տարի նշվեց հուլիսի 2-ին և մեկնարկեց վարդերի խոնարհումով՝ Մեծ բանաստեղծի հարթաքանդակին։ Արցախի գրողների միության նախագահ, համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանի խոսքով՝ չնայած ժամանակները դառն ու խրթին են, սակայն հայը շարունակում է գնալ դեպի Գրիգորր Նարեկացին, դեպի՝ իր ինքնությունը: Արժևորելով Վարդատոնի խորհուրդը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց, որ համաշխարհային գրականության մեջ Նարեկացին եզակի այն բանաստեղծներից է, ով մարդկությանը տանում է դեպի ինքնամաքրման ու ինքնավերլուծության. ,,Վարդատոնը կարևոր է ևս մեկ անգամ արժևորելու ճշմարիտը, շիտակը, սակավապետությունն ու ժուժկալությունը։ Պատերազմից հետո առավել ևս կարևորվում է ոչ միայն նարեկագիտությունը, այլ նաև Վարդատոնը` մղելով մեր նահատակների խնկարկմանն ու խոնարհմանը"։ Միջոցառմանը հնչեց հատված Նարեկացու "Մատյան ողբերգության" պոեմից՝ Սոս Սարգսյանի ներկայացմամբ։ Ասմունքեցին նաև ուսանողները։ Վարդատոնի միջոցառմանը "Նարեկացի" մեդալով են պարգևատրվել համալսարանի դասախոսներ: Տեղի ունեցավ նաև դիպլոմների հանձնման արարողություն՝ Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնի շրջանավարտներին