ԾԱՆՐԱԿՇԻՌ ՆԵՐԴՐՈՒՄ ՆԱՐԵԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Լույս է տեսել Արցախյան երրորդ պատերազմում զոհված դասախոս, գիտնական, նարեկագետ Վահրամ Լալայանի "Գրիգոր Նարեկացու "Մատեան ողբերգության" երկի խորհրդաբանական ընկալումները ԺԳ-ԺԸ դարերում" աշխատությունը: Գրքի խմբագիր բ. գ. թ. , դոցենտ Ամալյա Գրիգորյանի բնութագրմամբ` Վ.Լալայանի գիրքը ծանրակշիռ ներդրում է նարեկագիտության մեջ. " Հեղինակը Նարեկի հետազոտությունը դիտարկել է հայոց կրոնական ինքնության բացահայտման համատեքստում՝ արծարծելով առավել խորքային աստվածաբանական խնդիրներ: Մեծագույն պատասխանատվությամբ եմ խմբագրել և հետևողական եղել գրքի կազմման աշխատանքներում"։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի բնորոշմամբ՝ Վ. Լալայանի գիտական աշխատանքը միանգամայն նոր խոսք է՝ արժանի համակողմանի ուսումնասիրության: Այն ոչ միայն համակարգում և ամբողջացնում է ՙՙՄատյան ողբերգության՚՚ երկի խորհրդաբանության արտացոլումը միջնադարյան մտքի ծիրում, ոչ միայն զուգորդում և համեմատում է միջնադարյան գրիչների արձագանքն ու անվանի հայագետների գնահատականները, այլև փիլիսոփայության նարեկացիական ուղղության նորովի վերծանմամբ, աղոթք և սեր խորհրդանիշների ուսումնասիրությամբ տանում է Աստված-մարդ հաշտեցման: Գրքի հրատարակչական խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը խորհրդանշական է համարում հեղինակի գրքի հետմահու լույս ընծայումը պատերազմից հետո: Գրականագետը նաև նշեց, որ Վ. Լալայանը, Նարեկացու ոգով գիտնական էր և ցանկանում էր աշխատության կատարելագործված տարբերակը դնել ընթերցողի սեղանին։ Երախտագիտության խոսք ասաց Վ. Լալայանի մայրը՝ տիկին Նովելլան՝ մեջբերելով որդու խոսքը. ՙՙՄամ, որ մի քիչ հարստանամ, դիսերտացիաս գիրք եմ սարքելու ՚՚: Նարեկագետ Վ. Լալայանի ատենախոսությունն այժմ գրքի տեսքով ընթերցողի սեղանին է Արցախի ԳՄ նախագահ Վ. Հակոբյանի նախաձեռնությամբ։ Իր խոսքում Վ. Հակոբյանն ընդգծեց հեղինակի բացառիկությունը: Նարեկագետ Վահրամ Լալայանի "Գրիգոր Նարեկացու "Մատեան ողբերգության" երկի խորհրդաբանական ընկալումները ԺԳ-ԺԸ դարերում" աշխատությունը հրատարակվել է ԱՄՆ Հայագիտական Ուսմանց Ընկերության և Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի համագործակցությամբ։ Խորհրդանշական էր, որ շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 2-ին Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպված Նարեկյան Վարդատոնին: