[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

 

Հուլիսի 28-ին կլրանա մեկ տարին այն օրից, ինչ մեզ հետ չէ անվանի արձակագիր, Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ, համեստագույն մարդ, ընկեր, հայր ու ամուսին, հայրենի եզերքի ամենօրյա հոգսերով ու արարչագործ կյանքով ապրած ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆԸ։
Արտաշես Ղահրիյանը ծնվել է Հադրութի Մեծ Թաղեր գյուղում՝ 1937-ին։ Միջնակարգն ավարտել է ծննդավայրում։ Բարձրագույն բանասիրական կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում։
1993-ին վերադարձել է ծննդավայր՝ հայրենի եզերքն ու հայրական օջախը շեն պահելու մղումով։ Առավել քան երբևէ ապրել է ստեղծագործ կյանքով՝ պատմվածքներով, էսսեներով, հոդվածներով, ակնարկներով, բանաստեղծական շարքերով ու քառյակներով պարբերաբար հանդես գալով ԱԳՄ ՙԵղիցի լույս՚ պաշտոնաթերթ։ Արցախում հրատարակել է ՙԼեռան հուշ՚ պատմվածքների ՙԹախծոտ մեղեդի՚ բանաստեղծությունների, ՙՏոհմականչ՚ եռահատոր ժողովածուները։
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, բանաստեղծուհի ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՙՀորիզոններից անդին՚ մտորումը Արտաշես Ղահրիյանի հետ է։

ՙՀավատում եմ, որ ոչ մեկի սրտում
ծանր բան չեմ թողել՚։
Ա. Ղահրիյան

Այլևս ոչինչ նախկինը չէ։ Ամեն մտմտոց մնայուն տողի այլևս չի փոխվում։ Ցավի ճիրաններից չի պոկվում, բացարձակապես բառին ճորտանալը, իրականությունից վեր բարձրանալը, գեղարվեստի վերին ոլորտների տիրույթում մենանալը գրեթե անհնարին է դարձել։ Հողի ծանր տնքոցը չի թողնում։ Այն հողի, սիրելի՛ Արտաշես, որին դու փարվեցիր ամբողջ էությամբ, սիրեցիր որդիաբար, հայրաբար, տիրաբար։ Սիրեցիր ու արարեցիր։ Արարեցիր ազնվությանդ ամբողջ չափաբաժնով, գրականության երդվյալի հավատարմությամբ, թեև քո բոլոր ինքնավերլուծություններում ու ինքնագնահատումներում ափսոսանքի այն զգացումը կա, թե ժամանակդ ամբողջությամբ կոչմանդ նվիրել չես կարողացել, հացի խնդիր լուծելը չի թողել։ Միայն արդարացի չես, երբ ասում ես, թե ի վերուստ քեզ գրական տաղանդ տրված չէր, ու սովորելով, միայն սովորելով ես հասել կայացած հոգեբանական արձակիդ և ինքնատիպ, զուտ արտաշեսղահրիյանական լեզվամտածողության այն բարձր նվաճմանը, ինչն այսօր առկա է քո ամբողջ գրականության մեջ, որը, ճիշտ ես, ծավալով մեծ չէ, բայց խորքային առումով, հավատա, անչափելի է։ Այդպես չի լինում։ Միայն սովորելով, մի կյանքով այդքանին հասնել չէր լինի։ Աստվածային տաղանդի շնորհիվ միայն կարող էիր հասնել խորքային այդ ընկալումներին ու ընդգրկումներին, գեղարվեստական տարեգիրը դառնալ ետպատերազմյան՝ անցյալ դարի 40-50-60-ական թվականների, արցախյան գյուղական կյանքի։ Եվ ճակատագիրդ այնպես դասավորվեր, որ երեսունյոթ տարի Երևանում ապրելուց հետո« 1993-ին՝ եզերքիդ համար դրամատիկ մի ժամանակում« Արցախյան առաջին պատերազմից հետո« առերևույթ հանգիստ թվացող, բայց էապես հակադրություններով ելևէջող կյանքի ականատեսն ու անմիջական մասնակիցը դառնայիր։
Այն մտայնությունը կա, թե դու քո գրականությամբ մնացել ես Հրանտ Մաթևոսյանի շվաքի տակ։ Չկա այդպիսի բան։ Աբսուրդ է։ Հրանտ Մաթևոսյանի շռնդալից գրական մուտքը, երևանյան տարիներիդ մտերմությունը նրա հետ, թեմայիդ ընտրության մեջ նրա խորհուրդները, առաջին պատմվածքիդ՝ ՙԻմ հոգու աստղերի՚ տպագրությունը ՙԳրական թերթում՚՝ նրա անմիջական հովանավորությամբ, անշուշտ, իրենց հետքը թողել են քո գրական ճակատագրի վրա, բայց այլ է քո բնույթը, հոգևոր խմորումների ու ինքնարտահայտման թափը։ Դու արցախցի ես, մեծթաղերցի ես մինչ ուղն ու ծուծդ և մեր տեսակն ես բերել գրականություն, բերել ես՝ քեզ ուսուցիչներ ունենալով Մեծ լոռեցուն, Չեխովին, Դոստոևսկուն, Սարոյանին։ Մարդկային հոգու խոր դրամատիզմի վարպետ գեղարվեստականացումը քո գրչի բարձր նվաճումներից է, և նշանակություն չունի, թե որտեղ է ծնվել, կյանքի հորձանուտի մեջ նետվել հերոսդ, մեծ քաղաքների հոգեկործան աղմուկներում, թե մի հեռավար գյուղի թվացյալ անդորրի ճոճքում։ Այս կտրվածքով քո մեծ ուսուցիչը անկրկնելի Բակունցն է։ Հավատարիմ լինելով ավանդականին՝ դու կարողացար մտնել քո ժամանակի խորխորատները և խորունկ լրջությամբ վեր հանել առերևույթ հանգիստ թվացող կյանքի կնճիռները, դրանք չափել լայնք ու խորքով։ Դու, իրոք, կարողացար անգոյանալ ներշնչանքիդ մեջ, ստեղծել գործեր, որոնց մեկ անգամ առնչվելուց, այլևս դառնում ես քո բառ ու բանի հպատակը, քո գրական ազնվության երկրպագուն։

Ծնունդ լինելով գյուղական միջավայրի` դու կարողացար չօտարվել այդ միջավայրից, կարողացար առատորեն սնվել ու գրական նյութ դարձնել այդ միջավայրի անցուդարձը, մարդկային հարաբերությունները, մարդու` մարդ մնալու տառապագին արվեստը։
Գրականագիտական քո մեկնություններում և դու արհեստավարժ ես, հայ, համաշխարհային, հատկապես ռուսական, գրական նվաճումների վերլուծումներում՝ ինքնատիպորեն ճշմարտացի։
Ետ ու առաջ եմ գնում պատմվածքներիդ մեջ, հերոսներիդ ճակատագրերում։ Ժամանակի հոլովույթի մեջ շատ բան սպասեցինք մեզ բաժին հասած իրադարձությունների փոփոխություններից, բայց տարիների մեջ մեր անմնացորդ հավատից փշրանք անգամ չմնաց. շարունակեցին դատարկվել մեր պապենական տները, երբեմնի արտատեղերը մացառակալեցին, զավակն օտարվեց ծնողից, երեկվա փսլնքոտ վաչեները կյանքի տիրակալներ դարձան։ Աշխարհի սուտը չպակասեց։ Քաղաքակրթության նվաճումները դարձան մեր թշնամիները։ Օտարվեցինք ազգային արմատներից՝ օտարամոլությունը համարելով ժամանակի մեծ նվաճում։ Շահի գիտակցումը կյանքի առաջմղիչ ուժ դարձավ։ Մերձավորից խաբված Թևանը շարունակում է կաթվածահար մնալ։ Կյանքի հորձանուտում լլկված կինը՝ Սիրուշը, մի դժբախտությունից մի այլ դժբախտություն է իրեն նետում։ ՙՄարդկային ցեղս, որ այսպես իրարից հեռանանք, էս անշունչ-շնչավոր աշխարհը մեր մասին ինչ կմտածի՚: ՙԱյգու ճանապարհին՚ պատմվածքիդ Խոսրովի այս մտահոգությունը՝ որպես սեպ, խրվում է ժամանակի զարկերակի մեջ, ու ծնվում են հոգու դառնությունը, ցավը, դրամատիզմը, որ հոսում են քո տողերի միջով, վերջնական հաշվով դառնում մարդկային ճակատագրերի ու բնավորությունների տարեգրություն։ Ինչ տառապագին որոնումների գնով են ձևավորվել քո լեզվամտածողությունը, կյանքի քո իմացությունը, խոսքի քո ազատությունը։ Անպարկեշտ արտահայտությունն անգամ ներձուլվում է խոհականությանդ ամբողջականությանը, ինքնարտահայտմանդ նոր երանգ հաղորդում։
Դու իշխում ես քո ժամանակի վրա և վարպետորեն դրանով վարակում ընթերցողիդ:
Դու քո հայրենապաշտությամբ հայրենի եզերքիդ վերջին պահապաններից մեկը դարձար։ Այո՛, վերջին։ Քեզանից հետո երկինքը փլվեց, և ցավը ճիրանների մեջ առավ հայրենի եզերքիդ ամեն մի թիզ հողը։
Առավել, քան երբևէ, հավատում եմ մարդու երկնային կյանքի գոյությանը, բայց չգիտեմ` ինչ պատասխան ունի հոգիդ երկրային կյանքիդ տագնապներին։ Արդյոք հիմա էլ ես կարծում, թե Քթիշ ամրոցի հզոր բարձունքից ցած՝ ձորերը խորունկ ղողանջով կարթնացնեն այս երկրի ոգին, վաղը, արևի տաք ծավալումից, սարերի կուռ շղթան՝ Դիզափայտից մինչև Քիրս, կսթափվի քնկոտությունից ու կշարունակի որստընդոստ երթը դեպի իր հեռավար հորիզոնները։


Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բանաստեղծուհի,
բանասիրական գիտությունների
թեկնածու, դոցենտ