[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 70 ԱՇԱԿԵՐՏ ՈՒՆԻ

Լուսինե ԴԱՇՅԱՆ

Մարտունու ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիայի խմբակավար Կարմեն Գասպարյանի տեղեկատվության համաձայն` Մարտունու ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիան գործում է 2019թ. հունիսից` Ն. Ստեփանյանի անվան համար 1 միջնակարգ հոսքային դպրոցում։ Սկզբնական շրջանում հաճախում էր մոտ 40 աշակերտ։ Լաբորատորիան վերաբացվեց 2021թ. ապրիլի 18-ից։ Ներկայում հաճախում է 77 աշակերտ, բայց ընդունելությունը շարունակական է լինելու, քանի որ երեխաները հաճույքով ու հետաքրքրությամբ են հաճախում։

ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիաներում կրթությունն անվճար է, ընդունելության տարիքային նվազագույն շեմը` 10 տարեկանը։ Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական 5 օր, տարբեր ժամերի, առանձին խմբերով, դասաժամի տևողությունը` 45 րոպե։ Համակարգիչներն ունեն հատուկ ՙԱրմաթ՚-ի համար ներբեռնված ծրագիր։
-Աշակերտներն ընդունակ են, նախաձեռնող, յուրացնող, իրենց սեփական կարծիքներով ու տարբերվող մտահղացումներով,- մեզ հետ զրույցում գոհունակություն հայտնեց Կ. Գասպարյանը։
Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ապահովելով նրա մասնագիտական աճը և զարգացումը։
Մարտունու ՙԱրմաթ՚-ի սաները պարբերաբար մասնակցում են մրցույթների, ցուցահանդեսների, որոնց ժամանակ հնարավորություն են ունենում ցուցադրել իրենց սովորածն ու ձեռք բերել նոր գիտելիքներ։
Աշակերտներին խրախուսելու և նոր գիտելիքներ հաղորդելու համար ԱՏՁՄ-ի կողմից իրականացվում են նաև տեխնոլոգիական ճամբարներ։
Armath.am կայքում և Ֆեյսբուքում Մարտունու խմբի աշակերտներն ունեն առանձին էջեր, որոնք հաճախակի թարմացվում են նորանոր տեղեկություններով ու լավագույն նախագծերով։
Խմբակավարները վերապատրաստվում են փուլերով։
ՙԱրմաթ՚-ի աշխատակազմը օգոստոսյան արձակուրդից հետո, վերսկսելու է աշխատանքները` ընդունելով նաև նորեկների։
ՙԱրմաթ՚-ը Հայաստանի և Արցախի կրթական համակարգում արտադասարանային զբաղվածության ձևաչափով ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր է, որի նպատակն է ուժեղացնել տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը։ ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիաների գործունեությունը ՀՀ-ում և Արցախում իրականացվում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/ միջոցով։ Ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանն իր թիմով այցելել է Արցախ, ծանոթացել իրավիճակին, զրուցել պատերազմի թողած հետևանքների մասին` խոստանալով իր ներդրումն ունենալ սերնդի ինժեներական կրթության իրականացման գործում, որի շնորհիվ կունենանք ավելի ուժեղ և զարգացած սերունդ։ Այստեղ աշակերտներն ուսումնասիրում են ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, համակարգչային փայտամշակում և լազերային փորագրություն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

£