[ARM]     [RUS]     [ENG]

Մատենադարան-Գանձասարի թանգարանը կրկին բաց է այցելուների համար

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի թանգարանը կրկին իր դռներն է բացել այցելուների առջև: Այս մասին "Ազատ Արցախ"-ի թղթակցին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը`մանրամասնելով, որ արդեն իսկ Գանձասար են վերադարձվել ցուցադրության շուրջ 1/3-ը, որը տարհանվել էր պատերազմի ընթացքում:

- Անվտանգության նկատառումներով` պատերազմի օրերին ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիվային փաստաթղթերը, ինչպես նաեւ համակարգիչներն ու տեխնիկական այլ միջոցներ, տարհանվել են ռազմական գործողությունների գոտուց և տեղափոխվել են Երևան` Մատենադարան,-ասաց Թորոսյանը`ընդգծելով, որ Մաշտոցյան Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղն իր գործունեությունը չի դադարեցրել, այլ ժամանակավոր փակ էր այցելուների համար:

- Ցուցադրությունը Երևան է տեղափոխվել ժամանակավոր: Ինչպես Մատենադարանի տնօրինությունը նախորդիվ խոստացել էր, այս տարվա կեսերին այն վերադառնալու է Արցախ,-հայտնեց Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենը` հավելելով, որ գործունեությունը շարունակելու են նոր շեշտադրումներով` ստեղծված իրադրությանն ու նոր պայմաններին համահունչ` մեծ ուշադրություն  դարձնելով միջազգային ծրագրերի իրագործմանը: