[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱԶՈՒՄ ԵՄ, ՍՊԱՍԻ՜Ր․․․ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Այսօր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում Արցախի գրողների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել արձակագիր Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՜ր» գրքի շնորհանդեսը։

Բացման խոսքում ԱԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը նշեց, որ Հերմինե Ավագյանն ընթերցողի սեղանին է դրել մի գիրք, որն իր պատկերային լուծումներով տարբերվող է։ Ըստ Հակոբյանի՝  Հերմինե Ավագյանը  փորձում է շարունակել Հրանտ Մաթևոսյանի ավանդույթները՝ գյուղագրության ու մտածողության առումներով:

-Պատերազմից հետո ես ոչ մի տող չեմ գրել , տող գրելը ոչինչ, նույնիսկ գիրք չեմ կարդացել…Հերմինեի այս գիրքըն ինձ նորից բերեց դեպի ինձ։  «Վազում եմ , սպասի՜ր» գիրքը, որտեղ մեր օրերի գյուղական կյանքն է, կարոտը՝ ինձ վերստին ստեղծագործելու ուժ տվեց։ Հերմինեն ապագայի իմ պատկերացրած լավ արձակագիրն է լինելու։ Ես դրանում համոզված եմ,- ասաց Վարդան Հակոբյանը։

Շնորհանդեսին,  Հերմինե Ավագյանի «Վազում եմ , սպասի՜ր» գրքի առանձնահատկություններին անդրադարձան նաև ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ՝ Ամալյա Գրիգորյանը, Զարինե Սառաջյանը, գրչընկերներ՝ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանը և Վան Նովիկովը։

Արցախյան կոլորիտը կարմիր թելով  անցնում է Հերմինե Ավագյանի գրքի ապրված տողերում ու պատմվածքներում, որոնք մեկը մյուսին լրացնելով՝ ամբողջացնում են ժողովածուն։

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին նաև հատվածներ գրքից։ Ներկաներին հուզեց լեգենդար զորահրամանատար Մոնթեի մասին՝ «Հանդիպում ամենաբարի հսկայի հետ» պատմվածքը։

Գրքի հեղինակ Հերմինե Ավագյանը շնորհակալություն հայտնելով Արցախի գրական ընտանիքին, գրքի նկարչական ձևավորման հեղինակ , նկարչուհի Լիանա Քոչարյանին,  գրչընկերներին ու հարազատներին, նշեց, որ իրեն հաջողակ է համարում, քանի որ Աստված կամեցել է, որ ինքը ծնվի, երեք որդի ունենա, և գրքեր գրի։