[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍՈՒՑԻՉԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի մի մասը ևս օկուպացվեց թշնամու կողմից: Համագյուղացիների հետ թաղավարդցի ուսուցչուհի Սեդա Բադասյանն էլ ստիպված եղավ լքել հայրենի գյուղը: Պատերազմից հետո Կոտայքի մարզից վերադարձավ Ստեփանակերտ:

Ապրում է քրոջորդու տանը` նրա ընտանիքի հետ: Սեդա Բադասյանը շուրջ 45 տարի մաթեմատիկա է դասավանդել հայրենի Թաղավարդի և հարևան Ջիվանի, Սարգսաշեն գյուղերի դպրոցներում /այսօր, ցավոք, ևս օկուպացված են/:
ՙՈւսուցիչը նախկին չի լինում՚ արտահայտությունը բնորոշ է հենց Սեդա Բադասյանի նման մանկավարժներին: Տուն-տեղ կորցրած 75-ամյա ուսուցչուհին չի կորցրել եռանդը` երեխաներին գիտելիքներ տալու գործում, ինչը կյանքի իմաստ է պարգևում և՜ իրեն, և՜ աշակերտներին: Մայրաքաղաքում ապաստանած թաղավարդցի դպրոցականներն տեղեկանալով, որ սիրելի ուսուցչուհին նույնպես Ստփանակերտում է, կապ են հաստատել` խնդրելով մաթեմատիկա պարապել իրենց հետ: Ս. Բադասյանը, բնականաբար, սիրով հանձն առավ: Սկզբում նրա սաները միայն թաղավարդցի աշակերտներն էին, ապա աստիճանաբար նրանց միացան նաև հարևանությամբ ապրող երեխաներ` ծնողների խնդրանքով: Ուսումնական տարվա ավարտից հետո էլ ընկեր Բադասյանի ՙամառային դպրոցը՚ շարունակում է գործել:
Գուցե տպավորություն ստեղծվի, թե ուսուցչուհին մասնավոր պարապմունքներ է անցկացնում: Նրա պարագայում այդպես չէ, քանի որ Ս. Բադասյանը կամավոր հիմունքով, անհատական աշխատանք է կատարում երեխաների հետ: Նույնիսկ եթե նույն ընտանիքից երկու երեխա է ընդգրկվել, ապա յուրաքանչյուրին առանձին ժամաքանակ է հատկացնում` ելնելով երեխայի ունակություններից: Չթվա, թե նրա ամբողջ խումբը մի հարկի տակ է պարապում. յուրաքանչյուր երեխայի հասցեով, որոնք քաղաքի տարբեր ծայրամասերում են, ուսուցչուհին ինքն է գնում: Օրական մի քանի անգամ` երթուղայինով կամ ոտքով, գրքերով լի պայուսակն առած` պտտվում է քաղաքում: Վարձավճարի մասին խոսելն ավելորդ է, քանզի նրա նպատակը գումար վաստակելը չէ, բայց որպեսզի ծնողն անհարմար չզգա, որպես տրանսպորտի վճար` ընդամենը խորհրդանշական գումար է ընդունում: Հարկ եղած դեպքում` իր միջոցներով է գնում տարբեր դասարանների աշակերտների համար պահանջվող մաթեմատիկայի դասագրքերը, թեստերը և բոլոր ձեռնարկները:
Սեդա Բադասյանի առաքելությունը միայն երեխաներին մաթեմատիկայի դասավանդմամբ չի սահմանափակվում: Նա դարձել է յուրօրինակ պատգամախոս. ընտանիքներում զրույցներ է ունենում Արցախում ապրելու, տեղահանվածների` գյուղերում բնակություն հաստատելու անհրաժեշտության մասին:
Ինքն, օրինակ, դիմել է Արցախի Հանրապետության կառավարությանը, Թաղավարդի գյուղապետին` իրենց գյուղի մերձակա, ամենասահմանային մասում գտնվող կիսավեր տունը վերանորոգելու և իրեն հատկացնելու խնդրանքով:
Թաղավարդում ամուսնու և երիտասարդ դստեր գերեզմաններն է թողել:
-Ինձ այն միտքն է սփոփում, որ նրանք մեր հողում են թաղված, ուզում եմ մոտ լինել նրանց, ամեն օր զգալ մեր գյուղի շունչը: Ոմանք ինձ ասում են` չե՞ս վախենում, որ գնում ես` դիմացը թուրքերն են: Ասում եմ` ինչի՞ց վախենամ, այնտեղ ապրում են երիտասարդ ընտանիքներ, իմ աշակերտները, նրանք որ չեն վախենում, ես ինչու՞ վախենամ: Տղաս, ով երեք որդիների հետ ծառայում է Պաշտպանության բանակում, իսկ 4-րդը մյուս տարի է գնալու, ասում է` մա՜մ, որ դու գնաս, մենք էլ կգանք:
Մինչև վերջ պիտի կանգնենք: ժողովուրդը պիտի ապրի, որ մեր անկախությունը ճանաչեն: Ես հույս ունեմ, որ նորից գնալու ենք մեր գյուղը: Իմ ներքին ձայնը այդպես է ասում...,-այս լավատեսությունն է շուրջը սփռում ուսուցչուհին:
Հայրենի տան կարոտը վաստակաշատ մանկավարժին բանաստեղծ է դարձրել: Դպրոցում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպած, նաև երգ-երաժշտություն դասավանդած, բայց երբևէ քառատող չգրած մաթեմատիկայի ուսուցչուհու մտքում հիմա ամեն առավոտ չափածո տողեր են ծնվում` Արցախյան երեք պատերազմներում զոհված 60 աշակերտների հիշատակին: